Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ձկնորսի՞ է արդյոք Պապիկյանի համազգեստը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ում մինչեւ 44-օրյա պաերազմն իշխանությունը «սիրում ու հպարտանում էր», մոտ երկու տարի առաջ, արդեն պատերազմից հետո, Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիմանում էր, թե «ձկնորսի համազգեստով» է շրջում: Պաշտպանության նախարարությունն արձագանքել էր, որ այն ժամանակ դեռ պաշտոնավարող Տոնոյանը խորհրդարան է ներկայացել համազգեստով, որի ձեւն ու կրման կանոնները սահմանված են նախարարության համապատասխան հրամանով: «Այսինքն՝ դա ոչ միայն «անհասկանալի» համազգեստ չէ, այլեւ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով հաստատված է պաշտպանական գերատեսչության կողմից եւ սահմանված են դրա կրման կանոնները՝ բոլոր մանրուքներով»,- ասված էր նախարարության պարզաբանման մեջ:

Միջադեպից գրեթե երկու տարի անց դեպքերն ու իրադրությունը սոսկ այնքանով են փոխվել, որ համազգետն այժմ ոչ թե Դավիթ Տոնոյանը, այլ Սուրեն Պապիկյանն է հագնում: Հետաքրքրական է՝ «ձկնորսի համազգեստը» Անդրանիկ Քոչարյանը Սուրեն Պապիկյանի հագին չի՞ տեսել, արդյո՞ք դեռ նույն համոզմանն է, թե մուգ կանաչ գույնի զգեստը ձկնորսության սիրահարներին է հարիր միայն: Թե՞  Պապիկյանի կտրող, խրոխտ հայացքը եւ համազգեստի գույների հետ ներդաշնակ լինելը մոռացնել է տալիս «ձկնորսական համազգեստի» մասին:

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանին, ապա նրա՝ Ա. Քոչարյանի ասած՝ «ձկնորսի համազգեստ» հագնողի կարգավիճակը մեղադրյալի կարագվիճակով է փոխարինվել: Ի դեպ, դա հենց այն նույն իշխանության ձեռամբ, որ Տոնոյանից իրական հերոսի կերպար էր փորձում կերտել՝ նրա իսկ շուրթերով հայտարարելով, թե  «նոր պատերազմ, նոր տարածքներ»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ