ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշակելու են նոր համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա: Կստեղծվի ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի ու եվրոպական երկրների միջեւ, որը կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական եւ հետազոտական գործունեություն իրականացնելու համար:
Մասնակիցները նշեցին Արարատյան դաշտի արտեզյան աղբյուրների ոչ ռացիոնալ օգտագործման հետեւանքները, Սեւանա լճի կենդանական եւ բուսական աշխարհի վիճակը եւ այլ հարցեր: Բնակչության զգալի մասը լիովին չի զգում բնապահպանական աղետի մասշտաբները: Հետեւաբար, էկոլոգիական կրթությանն ուղղված ծրագրի մեկնարկը չափազանց արժեքավոր է:
Նշվեց, որ անհրաժեշտ է նվազեցնել ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ստեղծել եւ զարգացնել ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրեր Հայաստանում եւ Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին:
Կարեւորվեց նաեւ ձկնային պաշարների պահանջարկը բավարարելու հուսալի աղբյուր հանդիսացող ակվակուլտուրան, որի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեն ձկների կառուցվածքային կենսաբանական եւ էկոլոգիական առանձնահատկությունների մասին խորը գիտելիքները:
Գաղտնիք չէ,որ ձկնաբուծության ոլորտը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացող ճյուղերից է: 2022 թվականին արտադրանքը հասել է 25 հազար տոննայի, 2021 թվականի հետ համեմատ աճը եղել է շուրջ 25 տոկոս: Անհրաժեշտ է ոլորտն ապահովված լինի բարձրորակ մասնագետներով:
Հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վ. Ուռուտյանը կնքեցին համագործակցության հուշագիր:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ