Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Հարավային Կովկասի ժողովրդագրական փոփոխությունները՝ մինչեւ 2036 թվականը կանխատեսումով

Այնքան էլ համաձայն չլինելով մասնավորապես մեր երկիրը Հարավային  Կովկաս համարելու տարածված դիրքորոշմանը, այնուամենայնիվ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության այս ուշագրավ վերլուծական տվյալներով  հոդվածն ընթերցողին թարգմանաբար ներկայացնում ենք որոշ կրճատումներով: Հոդվածի հեղինակը ռուսաստանցի կովկասագետ, պատմագիտության թեկնածու ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է:

Հարավային Կովկասին հետահայացքը ակնառու ցույց է տալիս դարաշրջանի փոփոխությունը. բնակչության 1990-ականների լայնածավալ արտագաղթից եւ 2000-ականների տեղական ճգնաժամերի հերթագայությունից հետո տարածաշրջանը 2020-ականներին անցնում է մարդկային կապիտալի վերաբաշխման: Նրա զարգացման առաջիկա տարիների ուղղվածությունը կորոշվի ըստ բնակչության քանակի եւ  տարիքային կազմի: Հարավային Կովկասի պետությունները ձգտում են հարմարվել այս ժողովրդագրական փոփոխություններին, բայց արմատապես փոխել իրավիճակն   արդեն չի ստացվի: Հենց այս թաքնված, բայց անընդմեջ տեղաշարժն է հիմնական ռազմավարական մարտահրավերը նաեւ Ռուսաստանի շահերի համար:

Ժողովրդագրական միտումները

Մոտակա 10 տարիների ընթացքում Հարավային Կովկասում ժողովրդագրական հիմնական միտումը կլինի պետությունների միջեւ աճող անհամաչափությունը: Եթե  1990-ականների սկզբին Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանն ունեին համադրելի մարդկային ներուժ, այսօր տարածաշրջանում ի հայտ է գալիս կայուն անհամաչափություն:

Ադրբեջանն արդեն անվիճելի ժողովրդագրական առաջատարն է: Պետական   վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նրա բնակչությունը հասել է 10,26 միլիոն մարդու: Չնայած ծնելիության մակարդակի նվազմանը՝ 2023 թվականին՝ 112.600 երեխա՝ 2025 թվականի 95.900-ի դիմաց, երկիրը պահպանում է բնական աճի կայուն մակարդակ, քանի որ ծնունդների թիվը զգալիորեն գերազանցում է մահացության  տարեկան մակարդակը, որը մոտավորապես 55.000-60.000 է: Լրացուցիչ առավելություն է մնում համեմատաբար երիտասարդ տարիքային կառուցվածքը. բնակչության միջին տարիքը 34,1 է, իսկ երեխաների եւ դեռահասների բաժինը հասնում է 27-28%-ի:

Հայաստանն ու Վրաստանը ցուցաբերում են արմատապես այլ դինամիկա: Այն դեպքում, երբ բնակչության պաշտոնական թիվը համապատասխանաբար մոտավորապես 3 մլն եւ 3,91 մլն մարդ է, փաստացի բնակչությունը միջազգային փորձագետների եւ ՄԱԿ-ի գնահատմամբ զգալիորեն պակաս է՝ 2,4-2,5 մլն՝ Հայաստանինը ու 3,1-3,25 մլն՝ Վրաստանինը: Երիտասարդների եւ տնտեսապես ակտիվ քաղաքացիների շարունակական արտահոսքը աճող ծանրաբեռնվածություն է ստեղծում ազգային աշխատաշուկաների, սոցիալական ծառայությունների եւ  ժողովրդագրական վերարտադրության վրա:

Առավել բարդ իրավիճակ է ստեղծվում Վրաստանում, որն արդեն մտել է  բնակչության կայուն նվազման փուլ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երկրում ծնունդների թիվը 2021-2025 թվականների ընթացքում 45.100-ից նվազել է մինչեւ 37.800, իսկ 2025 թվականին բնակչության բնական նվազումը հասել է 6.500-ի: Հայաստանն առայժմ պահպանում է բնակչության դրական բնական աճ, սակայն այն 2023 թվականի 11.900-ից 2025 թվականին իջել է մինչեւ 4.700, մինչդեռ ծնունդների թիվը երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ նվազել է տարեկան մինչեւ  30.000-ին մոտ նշագծի:

Ճգնաժամային միտումների մասին է վկայում նաեւ տարիքային կառուցվածքը: Հայաստանում միջին տարիքը 36,6-37,2 տարեկանն է, մինչդեռ Վրաստանում՝ 37,3-37,6-ն է, իսկ 15   տարեկանից փոքր բնակչության համաբաժինը գնահատվում է համապատասխանաբար մոտավորապես 20% եւ 18%: Սա վկայում է Վրաստանում ավելի խոր ժողովրդագրական ծերացման մասին՝ այն դեպքում երբ Հայաստանն առայժմ պահպանում է բնական վերարտադրության մի փոքր ավելի շատ ներուժ:

Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, հաջորդ տասնամյակի կեսին մոտ  Հարավային Կովկասը վերջնականապես կկորցնի իր ժողովրդագրական հավասարակշռությունը: Ադրբեջանը բնակչության թվով ավելի քան երկու անգամ կգերազանցի Հայաստանին ու Վրաստանին (երեւի միասին վերցրած- Գ. Մ.) եւ  կպահպանի տարիքային կառուցվածքի զգալի առավելությունը՝ գործնականում դառնալով տարածաշրջանի ժողովրդագրական ծանրության միակ կենտրոնը:  

Ադրբեջանի այս գերակշությունը կնշանակի ավելի մեծ մոբիլիզացիոն ներուժ, ավելի ընդգրկուն ներքին շուկա, զինված ուժերի, գիտության եւ ազգային տնտեսության աշխատատար ճյուղերի ավելի մեծ կադրային ռեզերվ: Հայաստանի եւ  հատկապես Վրաստանի բնակչության շարունակվող ծերացման ֆոնին այս մեծ տարբերությունն  անխուսափելիորեն կդառնա ուժերի տարածաշրջանային  հավասարակշռության երկարաժամկետ փոփոխության մի հիմնական գործոն:

Մեկ ագլոմերացիայի  պետություններ

Միեւնույն ժամանակ տարածաշրջանում ուժեղանում է մեկ այլ հիմնարար միտում՝ բնակչության կենտրոնացումը խոշորագույն քաղաքային ագլոմերացիաներում (քաղաքակուտակում): Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ երկրի բնակչության մոտավորապես 37%-ն արդեն ապրում է Երեւանում: Հաշվի առնելով չգրանցված ներքին միգրանտներին՝ մայրաքաղաքի բնակիչների իրական մասնաբաժինը կազմում է հանրապետության ընդհանուր բնակչության 40-42%-ը:

Բաքվի ագլոմերացիան (Սումգայիթի եւ Ապշերոնի շրջանի հետ միասին), փորձագետների գնահատմամբ, ներառում է մինչև 4-4,5 միլիոն մարդ՝ երկրի 10 միլիոն բնակչությունից: Զարգացած ենթակառուցվածքները (արագընթաց ավտոմայրուղիներ, մերձքաղաքային երկաթուղային հաղորդակցություն) Ապշերոնի թերակղզին (2.110 քառակուսի կիլոմետր) վերածել են միասնական մեգապոլիսի, որտեղ ամեն օր արվարձաններից դեպի Բաքվի կենտրոն աշխատանքի եւ հետ է գնում ավելի քան մեկ միլիոն մարդ: Սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Բաքվում արտադրվում է Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտավորապես 76-77%-ը, յուրացվում է բոլոր ներքին ներդրումների ավելի քան 80%-ը եւ ձեւավորվում է նավթային հարկային եկամուտների մոտ 85%-ը:  

Թբիլիսին ցուցաբերում է Երեւանին նման գերկենտրոնացման տեմպ: Մայրաքաղաքի մշտական բնակչության թիվը 2024 թվականի մարդահամարի տվյալներով 1,33-1,37 մլն մարդ է՝ Վրաստանի հայտարարվող 3,93 մլն բնակչության պարագայում: Ստացվում է, որ մայրաքաղաքում արդեն ապրում է երկրի բոլոր գրանցված քաղաքացիների թվի մոտավորապես 34-35%-ը կամ հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը: Ըստ կանխատեսումների, եթե ներքին շրջաններից (օրինակ՝ Իմերեթի, Կախեթի կամ Սամեգրելո) երիտասարդության ներկայիս արտահոսքը շարունակվի, 2030-ականների կեսերին Թբիլիսիի ագլոմերացիան  պաշտոնապես կգերազանցի երկրի բնակչության 45%-ը:  

Փաստորեն Հարավային Կովկասը շարժվում է դեպի «մեկ մայրաքաղաքի  պետության» մոդելը:

Հարավային Կովկասի սփյուռքներից մինչեւ համայնքներ

Ռուսաստանի համար այս գործընթացների հետեւանքներն ունեն ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ ներքին նշանակություն: Ժողովրդագետների գնահատմամբ, Ռուսաստանում հայ համայնքի փաստացի թիվն այսօր հասնում է 1,8-2 մլն մարդու, ադրբեջանական համայնքինը՝ մոտ 1-1,2 մլնի, իսկ վրացական համայնքինը՝ 350.000-ից մինչեւ 500.000-ի: Ճիշտ է, բնակչության 2021 թվականի համառուսաստանյան մարդահամարն արձանագրել է էականորեն պակաս ցուցանիշներ՝ մոտ 946.000 հայ, 475.000 ադրբեջանցի եւ մոտ 113.000 վրացի:

Եվ այս միգրացիոն ռեսուրսն աստիճանաբար սպառվում է: Պատճառը ինչպես Ռուսաստանի ներքին միգրացիոն քաղաքականության փոփոխությունն է, այնպես էլ հենց Կովկասի ժողովրդագրական կառուցվածքը: Հայաստանում եւ Վրաստանում գնալով նվազում է զանգվածային աշխատանքային միգրացիային մասնակցելու ունակ եւ ցանկություն ունեցող երիտասարդների թիվը: Ադրբեջանն, ընդհակառակը, ավելի ու ավելի ակտիվ է օգտագործում իր սեփական մարդկային կապիտալը՝ այն նպատակաուղղելով խոշորածավալ ենթակառուցվածքային եւ տրանսպորտային նախագծերի վրա:

Սա չի նշանակում Ռուսաստանում Հարավային Կովկասի գործոնի թուլացում:  Ընդհակառակը, դրա նշանակությունը կաճի, բայց այլ ձեւով: Հաջորդ տասնամյակի կեսերի կողմ հարավկովկասյան սփյուռքներն աստիճանաբար կվերափոխվեն կայուն ներքին համայնքների, որոնց մեծ մասն այլեւս առաջին սերնդի միգրանտներ չեն լինի, այլ այնտեղ ծնված Ռուսաստանի քաղաքացիներ:

Մինչև 2036 թվականը այս համայնքների անդամների քանակը, հավանաբար, կդրսեւորի համեմատական   կայունություն՝ հնարավոր չափավոր անկմամբ՝ ի հետեւանս բնական ժողովրդագրական գործընթացների, ձուլման եւ միգրացիոն հոսքերի աստիճանական վերափոխման:

Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ