Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ժամանակակից պարի փառատոնի բաց նյարդը

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 20-27-ին կայացավ Հայաստանի ժամանակակից պարի «Սամիթ» միջազգային փառատոնի երրորդ թողարկումը՝ տարբեր երկրներից ժամանած արտիստների ներկայացումներով եւ վարպետաց դասերով:

Փառատոնի պաշտոնական բացումը օգոստոսի 23-ին, Գյումրիում էր՝ Իվանա Բալաբանովայի (Հյուսիսային Մակեդոնիա) «On/Off» եւ Լորանդ Զախարի (Հունգարիա) «Բար.Օկո» բեմադրություններով՝ Պետերբուրգի «Կաննոն դանս» պարային թատրոնի արտիստների կատարմամբ, որից հետո շարունակվեց Երեւանում (հիմնականում՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում): «Բար.Օկոն» բարոկկո երաժշտության խորեոգրաֆիկ պատկերազարդում էր, որ պարային բարդ հնարքներով, հիմնականում վարընթաց շարժումներով զարգացնում էին չորս աղջիկ եւ երեք տղա (սեւ զգեստներով, միայն մեկ աղջիկ՝ սպիտակազգեստ, որը երբեմն միտումնավոր առանձնանում էր անսամբլից): Այս յոթ ռուս փայլուն պարողները փառատոնի ընթացքում երեք անգամ հիացրին իրենց անթերի կատարողականությամբ: Մակեդոնացի պարադիր Իգոր Կիրովի «Անասելի խորանարդը» բեմադրության մեջ նրանք պատկերում էին կյանքի անելանելիությունը՝ պարելով թափանցիկ շիրմայի ետեւում ու դրա վրա պարբերաբար գրելով իրենց հոգեվիճակը պատկերող նախադասություններ: Սահմանափակությունից, սեղմվածությունից ազատվելու մոտիվը հանդիսատեսի մեջ տարաբնույթ մեկնաբանություներ կարող է առաջացնել՝ անհատական ճգնաժամից մինչեւ քաղաքական ենթատեքստ:

Ֆրանսաբնակ պարադիրներ Հոնջի Վանգի եւ Սեբաստիեն Ռամիրեսի բեմադրած եւ պարած «Մենք մոնչիչի ենք» ներկայացումը տաս տարի առաջ ստեղծված նախագծի վերակերտումն է, որ խոսքի եւ պարի լեզվով պատկերում է ֆրանսիական հանրության մեջ բազմակի ինքնության հետ կապված խնդիրները: Բեմադրության կորեուհի եւ իսպանացի հեղինակներն իրենց փոխարինելու համար գտել էին համանման նկարագրով պարողների՝ ի դեմս ֆրանս-չինուհի Մաթիլդ Լինի եւ գերմանաբնակ իտալացի Մարկո Դի Նարդոյի: Հնչող տարբեր լեզուներն ու պարային ամենաբազմազան ոճերը ներկայացնում են ինչպես այսօրվա աշխարհին հատուկ մշակութային միաձուլումները, այնպես էլ ինքնության հետ կապված բախումները («ես չինուհի չեմ, ես ֆրանս-չինուհի եմ», «ես իտալացի չեմ, նեապոլցի եմ») եւ մշակութային տարբերությունները (ինչպես հաճախ է պատահում՝ առաջին հերթին հեգնանքի առարկա դարձնելով խոհանոցային առանձնահատկությունները): Տղամարդ-կին դուետի՝ դասական դարձած «սեր-վիճաբանություն» իրավիճակի հերթագայումներն այս բեմադրության մեջ մարմնավորվում են խորեոգրաֆիկ եւ մնջախաղային ինքնատիպ լուծումներով (օրինակ, էլեկտրական լույսերի՝ ձեռքից ձեռք փոխանցումներով եւ կամ ձեռքերի ալիքաձեւ միավորումների կրկնվող մոտիվով):

Վալերիա Կասպարովայի՝ հատուկ այս փառատոնի համար ստեղծված «Նամուս» բեմադրությունը (ներկայացված Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի նախասրահում) խորեոգրաֆիկ ընդվզում է հայուհու ավանդական կարծրատիպերի հանդեպ: «Անուշ» օպերայի «Ասում են` ուռին» մեներգի հնչողությունը հակադրվում է խավարում խարխափող, սակայն ձեռքներին այֆոնի լույսեր պահած աղջիկների խռովքին, որոնք ժամանակ առ ժամանակ աղաղակում են «Կանացի առաջին արժանիքը համեստությո՛ւնն է» հակա-կարգախոսը: Նույն ինստիտուտի բեմում Արիկ Ասատուրյանի «Աղոթքներ միակ թավջութակի համար» բեմադրությունը դարձյալ ներկայացնում է հերոսուհու հոգեկան տվայտանքների պլաստիկ արտահայտություններ՝ բեմում կենդանի հնչող թավջութակի միապաղաղ ակորդների ներքո: Տղամարդ կերպարի ի հայտ գալով՝ խորեոգրաֆիկ երկխոսությունը դառնում է առավել իմաստավորված՝ արծարծելով սեռերի փոխկապակցության հավերժական խնդիրը: Անսպասելի եւ հաջողված լուծում էր թավջութակահարին եւս բեմադրության միզանսցենների մեջ ներգրավելը…

Ամերիկյան «Գասպար եւ պարողներ» խմբի ութ անդամները Գասպար Լուիսի «Sodo-ջրվեժ» բեմադրության մեջ աչքի էին ընկնում պարային հզոր անսամբլայնությամբ: Ամերիկյան եւ միջազգային մոդեռն պարի լավագույն ավանդույթներով ստեղծված նրա հինգ մասերը դրամատուրգիական կամ հայեցակարգային առումով կապ չունեին միմյանց հետ, այդուհանդերձ, յուրաքանչյուր մաս յուրովի նշանավորում էր կյանքի այս կամ այն երեւույթը, որի ապոթեոզը կազմում էր գոյության անմեկնելի ուրախության փառաբանումը:

Փոքր թատրոնի երկացանկ մտած Վահան Բադալյանի «Գույները» նոր բեմադրությունը գույն երեւույթի պլաստիկ իմաստավորումն էր մարդու եւ հանրության կյանքում: Բեմում նախապես ամեն ինչ սեւ-սպիտակ է: Տարբեր մասնագիտությունների եւ տարիքի տեր մասնակիցները (ոմանք՝ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով) սկզբնապես հանդես են գալիս միայն սեւ հագուստներով եւ դիմակներով: Աստիճանաբար հայտնվում են գույների առաջին շտրիխները, որոնք հետզհետե լցնում են բեմը՝ ի վերջո այն վերածելով պայծառ մի գունաշխարհի, լույսի, լավատեսության, բերկրանքի աղբյուրի: Մշտապես ինքնատիպ, մեկը մյուսին չկրկնող բեմադրություններով հանդես եկող Վահան Բադալյանն այս անգամ էլ առաջադրում է էական հարցադրումներ: Արդյո՞ք ներկայացվածը մեր այսօրվա իրականությունը չէր, որը մերժում էր եւ կամ որից խլել են գույները, սակայն որը պիտի ուժ ունենա վանելու խավարը եւ վերստանալ իր բաժին բազմագույն աշխարհը…

Մեկ ծրագրում ներկայացված տարբեր փորձառություն ունեցող հայաստանցի պարադիրների բեմադրությունները (Միլենա Այվազյանի «Հոգու ունայնություն», Թագուհի Մարկոսյանի «Ամառային գիշեր», Անի Դավթյանի «Քաոս», Արշավիր Մուրադյանի «Զուգահեռներ», Անահիտ Թորոսյանի «Աստված սեր է») ուրախացրին ոճական բազմազանությամբ, պարային տարբեր լեզուների, ազգային երաժշտության գործածությամբ, շարժումների հարստությամբ, նոր արտահայտչամիջոցների փնտրտուքներով: Փառատոնը եզրափակվեց Իգոր Կիրովի՝ Երեւանի «Բալմանուկյան դանս փրոջեքթ» պարախմբի համար հատուկ բեմադրված «Մեր միջեւ» պարային համարով, որը մարդկանց միջեւ ներքին հարաբերություններն է պատկերում մակեդոնական ազգային երաժշտության ներքո:

Իսկ ամենավերջում ռումբի տպավորություն թողեց գերմանաբնակ Լիլիթ Հակոբյանի «Անսրտություն» բեմադրությունը, որը նա հատուկ կատարել էր «Կաննոն դանս» պարախմբի հետ՝ այս տարի Պետերբուրգում կայացած «Բաց հայացք» ժամանակակից պարի փառատոնի համար: Բեմադրությունը ներշնչված է փիլիսոփա Հաննա Արենդտից, որի միջոցով պարադիրն իրեն եւ հանդիսատեսին տալիս է հավերժական հարցադրումներ. ի վերջո, ո՞րն է ճշմարտությունը, ինչո՞ւ է սուտը երբեմն ավելի գրավիչ, ինչո՞ւ է մարդ երբեմն տրվում ինքնախաբեության… «Կաննոն դանսի» վերոհիշյալ յոթ պարողները գերազանց արտահայտեցին այս ամենը՝ ժամանակակից պարալեզվում քիչ հանդիպող շարժումներով, պարելով ասես բաց նյարդերով, հանդիսատեսին ստիպելով այս անօրինակ բեմադրությամբ հիանալ շունչը պահած, չթուլացող լարվածությամբ…

Հայաստանում արդեն երրորդ անորոշ ու տագնապալից տարում նման բարձրակարգ միջոցառում ունենալը, հիրավի, թթվածնի դեր է կատարում… Այն կրկին ի հայտ է բերում ժամանակակից պարի ասպարեզում հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը, ծավալվելու պատրաստ այն «բաց նյարդը», որ անհրաժեշտ է բարձր արվեստ ստեղծելու համար… Անհուն շնորհակալությո՛ւն բոլոր կազմակերպիչներին եւ սատարողներին…

Փառատոնի հիմնադիրները՝ Վալերիա Կասպարովա-Արման Բալմանուկյան զույգը բեմից հայտարարություններ կատարելիս կամ ներկայացումների քննարկումների ժամանակ հաճախ լինում էին իրենց տաս ամսական դստրիկի՝ Արեւիկի հետ: Պարազգեստ հագած ոսկեծամիկ հրաշք-փոքրիկի ներկայությունն ասես հույս ու հավատ էր ներշնչում մեր ազգի, մեր մշակույթի, մեր պետության շարունակականության հանդեպ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկականությունը՝ երկանյանական մատուցմամբ

Հաջորդ գրառումը

Յաջողութեամբ աւարտուեց Վենետիկի հայոց լեզուի եւ մշակոյթի 37-րդ ամառային խտացեալ դասընթացը (օգոստոսի 1-18, 2023)

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Յաջողութեամբ աւարտուեց Վենետիկի հայոց լեզուի եւ մշակոյթի 37-րդ ամառային խտացեալ դասընթացը (օգոստոսի 1-18, 2023)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական