Երեքշաբթի, 18 Օգոստոս, 2026

Հայազգի գերմանական գրողի վեպը ստամբուլահայերի կյանքից

Օրերս լույս տեսած գերմանուհի լրագրող, գրող Լաուրա Կվիերտնիայի «Փողոցում մեզ այլ կերպ են անվանում» անդրանիկ վեպը, ըստ հեղինակի, հայ ընտանիքներում չպատմվածի եւ լռելու մասին է:

Գերմանական «Դի ցայթ» շաբաթաթերթի լրագրող Լաուրան ծնվել է Բրեմենում, 1987 թվականին, պոլսահայ հոր եւ գերմանուհի մոր ընտանիքում: Ըստ նրա՝ ավելի շատ պատահականության շնորհիվ էր, որ ինքը գեղարվեստական լեզվով շարադրեց իր ընտանիքի հայկական կողմի չորս սերունդների պատմությունը նախ հոդվածի, ապա՝ վեպի ձեւով: Վեպի գլխավոր հերոսներն են Կառլան, նրա հայ հայրը՝ Ավին եւ հայ տատիկ Մարիամը: Հայաշխարհի բազմաթիվ մանրամասները, նրբերանգներն ու հղումներն իր արձակ խոսքում ներառելու համար Լաուրա Կվիերտնիան բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել, նաեւ շատ բան իմացել հոր բանավոր պատմություններից: Վեպում փոխնիփոխ հերթագայում են ներկան եւ անցյալը, վկայակոչվում են Հայոց ցեղասպանությունը եւ 1955 թվականի սեպտեմբերին Ստամբուլում հայերի եւ հույների հանեպ կատարված բռնությունները, երբ մոլեգնած թուրք ամբոխը կրկին ջարդուփշուր է արել քրիստոնյաների խանութները եւ սպանել մարդկանց: Վեպի վերնագիրը՝ «Փողոցում մեզ այլ կերպ են ասում» նախադասությունը, ասում է Մարիամի մայրը՝ բացատրելով դստերը պաշտպանվելու անհրաժեշտությունը:

«Անունների անհետացումը հայոց պատմության մեծ մասն է,- ասում է Կվիերտնիան:- Թուրքիայում բազմաթիվ գյուղեր կրում են ոչ թե իրենց հայկական անունները, այլ թուրքական: Եվ շատ հայեր փողոցում այլ անուններով են ներկայանում, որպեսզի ոչ բոլորն իմանան իրենց հայ լինելը…»:                                              

Ա. Բ.