Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Խեցգետնի քանակությունը  Սեւանա լճում պակասում է

Սեւանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին գիտական ուսումնասիրություններ են կատարում ՀՀ ԳԱԱ  Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սեւանա լճում եւ նրա ջրհավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում:

Հարկ է նշել,որ երկարաչանչ խեցգետինը  Սեւանա լիճ է ներմուծվել 1980-ական  թվականների վերջին: Սակայն խեցգետնի թվաքանակը տարեցտարի կրճատվում է պաշարների վատ  կառավարման եւ  պոպուլյացիայի շրջանում տարածված հիվանդությունների հետեւանքով:
Խեցգետնի ընդհանուր զանգվածը Սեւանա լճում 2021թ կազմել է մոտ 78 տոննա, որից Մեծ Սեւանի  տարածքում  մեկ հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 60գ, Փոքր Սեւանում՝ 653 գ: 2020թ.  համեմատ պաշարները նվազել են 27 տոննայով: 2020թ. Մեծ Սեւանի տարածքում մեկ հեկտարում  խեցգետնի  կենսազանգվածը  կազմել է 1կգ 220գ, Փոքր
Սեւանում՝ 1,5 կգ:  Խեցգետնի պոպուլյացիայի անկման պատճառներից է անօրինական որսը: Սեւանա լճում  շարունակվում է խեցգետնի անօրինական որսը, որի ընթացքում օգտագործվում են զսպանակավոր  եւ չինական հարմոնաձեւ խեցգետնորսիչներ:

Զսպանակավոր որսագործիքներում ոչ արդյունագործական չափի կենդանիների մասնաբաժինը տատանվել է 25.6-59 տոկոսի սահմաններում: Զսպանակավոր խեցգետնորսիչների միջին որսունակությունը   Փոքր Սեւանում 2020թ համեմատ նվազել է մոտ երկու անգամ:
Խեցգետինները հիմնականում կենտրոնացված են 3-15 մետր խորություններում: 2018թ-ից խեցգետնի թվաքանակի կտրուկ անկման պատճառներից է նաեւ պոպուլյացիայում սկսված սնկային հիվանդությունը, որն ակտիվորեն զարգանում է գյուղատնտեսական  եւ  կենցաղային հոսքաջրերով աղտոտված ջրակալներում:

Սեւանա լճի խեցգետնարդյունավետությունը վերականգնելու նպատակով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ  հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկել է պատկան մարմիններին հրատապ  միջոցառումներ  իրականացնել: Մասնավորապես, արգելել խեցգետնի որսը լճում եւ պայքարել որսագողության  դեմ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ