Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Առաքինություն

Կենդանական աշխարհում յուրաքանչյուրն ունի իր  տեղն ու դերակատարությունը, որի շնորհիվ էլ ստացել  է իրեն բնորոշ խորհրդանշական բնութագրում:  

Օրինակ՝ շունը հավատարմության խորհրդանիշն է, կատուն՝ սեթեւթանքի (խոսքը սեւ կատուների մասին չէ):

Աղավնին խաղաղությունն  է խորհրդանշում, առյուծը ուժն ու քաջությունը:
Նապաստակին ու այծին էլ բնորոշ է վախկոտությունը, հավին՝ հիշողության կորուստն ու խելքի համեստ չափաբաժինը:

Ձին համառության, տոկունության, նրբագեղության ու նվիրվածության մարմնավորումն է, աղվեսը՝ խորամանկության:

Արծվին վերապահված է ազատասիրության հատկանիշը, իսկ կրիային՝ դանդաղկոտության:

Կողքից չկռռալու դեպքում, ագռավը կարող է սահմանել    երկարակեցության մրցանիշը, իսկ առնետը, առանց կռռալու էլ՝ ճամբարափոխության ռեկորդը:

Եղնիկը նրբագեղության, արագաշարժության ու հմայքի խորհրդապատկերն է, կռունկը՝ հայրենաբաղձության ու  պանդխտության:

Արագիլն էլ՝ ծննդաբերության մասին երեխաներին առ ժամանակ մոլորեցնելու պատճառով,  կանգնած  է պտղաբերությունը խորհրդանշող պատվանդանի վրա…

Իսկ մարդը ո՞ր պատվանդանի վրա է կանգնած: Մարդու խորհրդանիշը ո՞րն է:  Չէ՞ որ աստվածապատկեր մարդն էլ է կենդանական աշխարհի  ներկայացուցիչը, դեռ ավելին՝ այդ աշխարհի արարչագործության թագն ու պսակը:

Առաքինի մարդկանց ընդհանրական բնութագրումը  հնարավոր է: Առաքինի մարդու խորհրդանիշը հենց  առաքինությունն է:

Իսկ   կատարյալի  կերպարով  բնության գիրկը նետված արարածների մի մասին էլ, իրենց արատների ու ախտաբծերի բազմազանության ու բազմատեսակության պատճառով,  ընդամնեը մի խորհրդանշական մականունով բնութագրելն անհնար է: Նրանց  հնարավոր է բնութագրել միայն անհատաբար՝  անուն առ անուն:

Օրինակ, մեկը խառնակչի (մուտիլովշչիկ)  հմտություններով է օժտված եւ հայտնի է որպես հմուտ խռովարար, մյուսը՝  երեսպաշտի:

Մեկին ստախոսի պիտակն է պատշաճում, մեկ ուրիշին էլ՝  ձեռնածուի (մանիպուլյատոր): Մեկը դավադրապետ է, մեկ ուրիշն էլ՝ դավաճան ու արծաթասեր: Հաստատ կան նաեւ մարդիկ, որոնք այս վերջին պարբերությունում գրված  բոլոր հատկանիշները «բյուրեղացնող» անհատականություններ են: Զգուշացե՛ք  նրանցից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ