Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Փոխվում են ժամանակները…

Ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ: Փոխվում է ճաշակը, բնավորությունը, բարեկամը, դաշնակիցը, աշխարհաքաղաքական վեկտորը: Փոխվում են իշխանություններն ու ինքնիշխանության աստիճանը:

Ժամանակի հետ փոխվում ենք նաեւ մենք. մերթ մեր ձայնը տալիս ենք սրան, մերթ՝ նրան: Մերթ ընտրում ենք այս ճամբարը, մերթ՝ ավելի հարմարավետ թվացող մեկ ուրիշ ճամբար:

Եվ այս հարափոփոխ կյանքում փոխվում են նաեւ իրականությունն արտացոլող բառիմաստներն ու անձնանունները:

Օրինակ, եթե նախկինների օրոք ուսուցչի մասնագիտությունն էր ամենավարկանիշայինը, այսօր ամենահարգի մասնագիտությունը դարձել է պարեկի աշխատանքը:

 Եթե միջնադարյան Հայաստանում ազնվական տոհմի ներկայացուցչին էին ՆԱԽԱՐԱՐ ասում, ապա այսօր ՆԱԽԱՐԱՐ ենք անվանում այն անձին, ում ազնվական լինելու հատկանիշը պարտադիր չէ, սակայն ազնվությունն ստուգելու համար պարտադիր պայման է նրա եկամուտների ու գույքի հայտարարագրումը:

Եթե նախկինում իշխաններ էին կոչվում միավորված Հայաստանի անկախ կառավարչներն ու ժառանգաբար կալվածքների տեր դարձած տանուտերերը, ապա այսօր ԻՇԽԱՆ կարող է կոչվել նաեւ իշխանական եւ ոչ իշխանական ճամբարների միջեւ երթեւեկող պատգամավորը:
Եթե  տերթոդիկյան շրջանում ամենագետ մարդու հռչակ վայելող անձին էին ՎԱՐԺԱՊԵՏ ասում, ապա այսօր  գիտելիքներից ու մանկավարժական հմտությունից զուրկ ուսուցչին են հեգնաբար ՎԱՐԺԱՊԵՏ (խնդրում եմ ճիշտ կարդալ) կոչում:

Եթե հին օրերի ՊՈՂՈՍԸ հելլենական մշակույթի ազդեցությունը կրող հրեական արմատներով տարսոնացի Պողոսն էր, ապա մեր օրերի ժեխական արմատներով ՊՈՂՈՍԸ  նախկիններից միայն Սերժին մերժած  հայաստանցին է:

Եթե երբեմնի ՊԵՏՐՈՍԸ տասներկու առաքյալներից միայն Քրիստոսին ուրացած սուրբ Պետրոսն էր, ապա մեր օրերի ՊԵՏՐՈՍԸ բոլոր նախկիններին ծառայած եւ միեւնույն  ժամանակ բոլորին ուրացած  երեւանցին է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ