Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Կեղծ ուրացո՞ւմ, թե՞ կեղծիքի ուրացում

Ստախոսությունն իր բոլոր դրսեւորումներով մերժելի է: Դրանով հանդերձ, այն մեր կյանքի անբաժան ուղեկիցն է: Մենք ամեն օր ենք ստում: Ստում ենք, երբ անտրամադիր վիճակում մեր որպիսությունն են հարցնում, երբ համեղ ուտեստ հյուրասիրվելիս հրաժարվում ենք՝ արդարանալով, թե կուշտ ենք: Ստում ենք, երբ մեր ծնողը խնդրում է տաք հագնվենք: Թոթովախոս մանկիկներն էլ «անմեղ» ստում են , որ իրենց արարքի պատիժը չկրեն:

Մարդիկ ստում են ամեն օր՝ ամենաբարձր ամբիոններից, դատարաններում, ընտանիքում, աշխատավայրում…

Վահան Տերյանն իր սիրելիի հայացքում հոգու անթափանց մթի մեջ նաեւ մի «քնքուշ սուտ» է նկատում: Ժամանակակից բանաստեղծուհի Սոնա Վանն էլ պոեզիան ընթերցողին ապրելու հնարավորություն տվող «գեղեցիկ սուտ» է անվանում:

Դրանով հանդերձ, սուտը մերժելի է, քանի որ գտնվում է ճշմարիտի ճիշտ հակառակ բեւեռում:

Սակայն, մերժելի սուտը հաճախ նաեւ շատերի կողմից արդարացվում է: Օրինակ, Իրանում  խրախուսվում է «հաշվենկատ սուտը» (dorugh-e maslahatamiz) , որը հակադրվում է խռովություն առաջացնող ճշմարտախոսությանը (rast-e fetneangiz): Նույնիսկ այդ հաշվենկատ ստի գոյության իրավունքին է անդրադարձել իրանցի ամենահեղինակավոր բանաստեղծներից մեկը՝ Սաադին, իր «Գոլեսթան» ժողովածուում:

Իրանցիների բառապաշարում կա նաեւ «օրինական խաբեություն» (kolah-e shar i) արտահայտությունը, որին կարելի է հանդիպել ամենատարբեր առիթներով: Այն նշանակում է՝  խաբել օրենքի սահմաններում, միեւնույն ժամանակ զերծ մնալ ահեղ դատաստանի մատուցած անախորժություններից:

Բայց, խրախուսանքի արժանի եւ հաշվենկատ ստի իմաստն արտահայտելու համար պարսկերենի կրոնագիտական բառապաշարում կա եւս մի բառ, որի համարժեքը հայերենում, համենայնդեպս, ինձ հայտնի չէ: Թերեւս այդ բառը կարելի է բացատրել «հաշվենկատ ուրացում», կամ «կեղծ ուրացում» բառակապակցություններով: Եվ դա արաբերենից փոխառված պարսկերեն  taqiyye  բառն է, որն ինչպես նշվեց, աղերսվում է հավատքի ու համոզմունքի հետ: Բառարաններում taqiyye բառի համար առաջարկված բացատրություններում  կարելի է առանձնացնել հետեւյալը. «Հավատամքն ու կրոնական համոզմունքը չբացահայտելուն՝ քողարկելուն ուղղված արարք»:

Թեեւ  taqiyye, կամ «հաշվենկատ եւ կեղծ ուրացում» արտահայտությունը հիմնականում բնորոշ է իսլամի շիա ուղղությանը, սակայն դրա հետքերը տեսնում ենք նաեւ սուննիների մոտ: Այդ «արդարացված սուտը» խորթ չէ նաեւ իրանաբնակ բահայիներին (տվյալ ուսմունքի կրոնագետների արտոնությամբ՝ միայն բացառիկ դեպքերում) ու օտարության մեջ գտնվող հրեաներին:

Թեեւ Պետրոս առաքյալը երիցս ուրացել է Քրիստոսին, բայց կարողանալով իր արարքն արդարացնել պահի թելադրանքով, դարձել է քրիստոնեական հավատի մեծագույն ջատագովներից մեկը: Դա խոսում է այն մասին, որ հաշվենկատ ուրացումը մերժելի չէ նաեւ քրիստոնեական վարդապետության որոշ ուղղությունների համար:

Իսկ ինչպե՞ս են հայերը վերաբերվում կեղծ ուրացմանը: Հաշվենկատ կամ կեղծ ուրացման մասին է վկայում հայոց պատմության ճակատագրական դրվագներից մեկը, երբ հայրենիքից հեռու գտնվող հայ նախարարներին Պարսից արքա Հազկերտը հրամայում է հրաժարվել քրիստոնեությունից եւ ընդունել կրակապաշտությունը, որին ի պատասխան հայ նախարարները որոշում են առերեւույթ ուրանալ քրիստոնեությունը եւ վերադառնալ Հայաստան, իսկ այնտեղ պարզել ապստամբության դրոշը:

Այնուամենայնիվ,  անգամ հաշվենկատությունից  ելնելով,  եկեք չուրանանք մեր դավանածը  եւ  մերժենք  ամենատարբեր  ամբիոններից  հնչող սուտը: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ