Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Բառերի փոխատեւո՞ւմ, թե՞ տեղափոխում

Զարմանալի լեզու է հայերենը. Բարդ բառի երկու բաղադրիչների տեղերը փոխելիս՝ իմաստը չի փոխվում: Միգուցե մի քիչ շեշտադրումն է փոխվում, բայց իմաստը՝ ոչ:

Ասենք՝ «վայրիվերումը» դարձնես «վերիվայրում», ի՞նչը վայրիվերման կենթարկվի, ոչինչը: 

Կամ եթե «մահամերձը» դարձնես «մերձիմահ», հոգեառ հրեշտակը կնկատի՞: Ոչ, չի նկատի:

Ի՞նչ տարբերություն, Հարթասար գյուղում ես ապրում, թե՞ Սարահարթում: Միեւնույն է, երկու դեպքում էլ վայելում ես Լոռվա չքնաղ բնությունը:

Եթե ճշմարտությունը բացահայտելու համար «բանավիճելու» փոխարեն «վիճաբանես», քեզ թվում է Ճշմարտությանն ավելի շո՞ւտ կհասնես: Կասկածում եմ:

Երեւանը մայրաքաղաք անվանես, թե քաղաքամայր, միեւնույն է. եթե որոշված է Ավինյանին քաղաքապետ կարգել, ուրեմն կկարգեն:

Եթե ասելիքդ հղկելու համար մտքերդ «ձեւափոխես» կամ «փոխաձեւես», դրանք գոհարներ չեն դառնալու:

Եթե քո տեսած հերարձակ կնոջը բանաստեղծական տողերիդ մեջ նկարագրելիս օգտագործես «արձակահեր» ածականը, տուժողը միայն քո անկապ բանաստեղծությունն է լինելու:

Բայց եթե հանկարծ քո հարեւանների առնչությամբ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ բառի բաղադրիչների տեղերը փոխես, հաստատ խնդիրը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ բնույթ է ստանալու:

Գործ չունես:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ