Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Թումանյանագիտության նոր աստիճանը. «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը»

Լույս է տեսել գրականագետ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի հերթական մենագրությունը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի եղբորը՝ Ռոստոմին: «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» խորագիրը կրող արժեքավոր մենագրության մեջ հեղինակն անդրադառնում է Ռոստոմին եւ Թումանյան ընտանիքին անվանարկելու նկրտումով հյուսված անհիմն զրույցներին:

Առաջին անգամ հրապարակվող՝ արխիվային հարուստ նյութերի հիման վրա լույս է սփռվում Ռոստոմի կյանքի ու գործի վրա, մանրամասնվում նրա եւ Հովհ. Թումանյանի հարաբերությունները: Մասնագետներին, ուսանողներին եւ առհասարակ թումանյանասերներին հասցեագրված այս գիրքը բացահայտում է Ռոստոմի իրական կերպարը՝ ցրելով նրա անվան շուրջ պտտվող սին խոսկացությունները:

Գիրքը տպագրվել է Յովսէփ եւ Գարոլին Նալպանտյանների մեկենասությամբ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, խմբագրվել է բ.գ.թ.Թեհմինա Մարությանի եւ բ.գ.թ.Հերմինե Բաբուռյանի կողմից, գրախոսել են բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանն ու բ.գ. դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:

Գիրքը նվիրված է երկու խոշոր լոռեցիների՝ Հովհաննես Թումանյանին եւ Հրանտ Մաթեւոսյանին:                                   

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ