Հայագիտության նվիրյալը` Վարդան Դեւրիկյան
Հայագիտության նվիրյալ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Վարդան Դեւրիկյանն ամբողջ կյանքի ընթացքում եւ՛ զենքով, եւ՛ գրչով ծառայեց Հայրենիքին: Դա էր պահանջում Հայոց նորագույն պատմության շրջափուլը: Նրա կենսագրությունը այդպիսին էլ եղավ:
Ապրիլի 13-ին կյանքից վաղաժամ հեռացավ գիտնականն ու ազատամարտիկը: Նա 59 տարեկան էր: Վարդան Դեւրիկյանի ազգին ու հայրենիքին նվիրումը սկիզբ է առնում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ 1986-ին , եւ մինչեւ իր կյանքի վերջը հանդիսացել է Մատենադարանի գիտաշխատող, վերջին տարիներին նաեւ գիտխորհրդի անդամ: Այստեղից է նա մեկնել ռազմաճակատ՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին, հետագայում որտեղ էլ աշխատել է, մնացել է մատենադարանցի (որի մասին միշտ սիրում էր ասել):
Հայ գիտության եւ մշակույթի անխոնջ նվիրյալ Վարդան Գեւորգի Դեւրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում: 1986թ-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ.-ից աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում: 1990-1992 թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը: Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգեւատրվել ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: 1993 – 2009 թթ. աշխատել է նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր եւ Մայր աթոռի ձեռագրատան վարիչ: Իսկ 2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից ինստիտուտի տնօրենն էր:
Հեղինակ է 40-ից ավելի գրքերի եւ 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռումիներեն լեզուներով: Իր աշխատություններում Վարդան Դեւրիկյանը հաճախ է անդրադարձ կատարել Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյա պատմությանն ու մեր ընթացքին, կանգ է առել մեր եկեղեցական մշակույթի եւ ավանդույթների վրա, որոնք նոր բացահայտումներ են քրիստոնյա հայ մարդու համար: Դրանք աշխատություններ են, որտեղ միաձուլվել է գիտությունն ու ազգային գաղափարախոսությունը: Այսպիսի գիտական մենագրություններից մեկը «Սրբալույս մյուռոն» մենագրությունն է, որի ստեղծման առթիվ Վարդան Դեւրիկյանն ասել է.
-«Հայ եկեղեցու մյուռոնը քրիստոնյա հայի այցեքարտն է. այն շարունակականության, հավերժության եւ ազգային նկարագրի խորհրդանիշ է»:
Վարդան Դեւրիկյանի նպատակներից մեկն էր նաեւ , որ հասարակությունն ամուր թելերով կապվի իր պատմա-մշակութային ժառանգությանը: Եվ դրա համար թերեւս չկար ավելի լավ միջոց, քան «Շողակաթ» հեռուստաընկերությամբ հաղորդաշար վարելը, որի խորագիրն էր՝ «Պատկեր եւ խորհուրդ». դրա շնորհիվ մեր առջեւ բացվում էր հայ միջնադարյան մանրանկարչության զարմանահրաշ աշխարհը, մեր հոգեւոր ժառանգության տեղն ու դերը համաշխարհային մշակույթի գանձարանում:
Նրա գրքերից եւս մեկը՝ «Չսկսված եւ չավարտված պատերազմը» վավերագրությունն է, որի հիմքը կազմել են այն հոդվածները, որոնք գրել եւ տպագրել է հենց պատերազմի տարիներին: Սա ոչ միայն մեր սկսված ու չավարտված պատերազմի կենդանի վավերագիրն է, այլեւ առաջադրում է ազգային-բարոյական հարցեր, որոնք պետք է մեզ համար ուղենիշ լինեն առավել եւս հիմա, երբ կորցնում ենք մեր հոգեւոր դաշտը, կորցնում ենք հայրենիք: Ուզում եմ հիշատակել այն խոսքերը, որ Վարդան Դեւրիկյանը՝ Ջիվան Աբրահամյանի, Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերը, տարիներ առաջ ասել էր այս գրքի առթիվ.
– Գիտեք, իմ կյանքի չափանիշը համարում եմ Եռաբլուրը: Նույնիսկ Հայաստանից չեմ գնացել ավելի շատ ոչ թե Հայաստանի հետ կապվածության համար, այլ չեմ պատկերացրել, որ իմ ընկերներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին Հայաստանի համար, կարելի է թողնել Եռաբլուրում ու գնալ: Եռաբլուրը բարոյականության խարիսխն է: Հետաքրքիր է՝ պատերազմի ժամանակ, երբ մեկը խփվում է, որպես կռվող մտածում ես, որ դիրքը թուլացավ, բայց պատերազմից հետո՝ այսօրվա կյանքում, զգում ես նրանց պակասը: Նրանց զգալի մասը չհամակերպվող մարդիկ էին: Հիմնական կամավորականները հենց չհամակերպվողներն էին, որոնք էն ժամանակ չհամակերպվեցին հայ ժողովրդին պարտադրվող պայմաններին: Եթե նրանք այսօր ողջ լինեին, կարծում եմ՝ այսօր էլ կպայքարեին…
Հայ գիտության եւ մշակույթի խոնարհ նվիրյալը կյանքից հեռացավ՝ չհասցնելով տպագրված տեսնել իր վերջին աշխատությունը՝ «Սուրբ Էջմիածնի տպարանի հիմնումը եւ գործունեությունը 18-րդ դարում» խորագրով արժեքավոր ուսումնասիրությունը:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ