Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Երիտասարդ դոկտորը՝ ինստիտուտի տնօրեն

Գիտության զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև  երիտասարդ խոստումնալից գիտական կադրերի կազմակերպչական ուժը գնահատելը և պատասխանատու պաշտոններում նշանակելը:

2022թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը ծնվել է 1985թ-ին: 2009թ. սովորել է ԱՄՆ Բոստոն քաղաքի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավագիտության և դիվանագիտության դպրոցում: 2011-2013թթ. ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում անցել է դոկտորանտուրա՝ ստանալով տնտեսագիտության  դոկտորի  գիտական աստիճան:

2013թ. ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցույթի արդյունքներով արժանացել է  տնտեսագիտության և իրավագիտության մասնագիտության գծով «Մխիթար Գոշի» անվան  առաջին կարգի մրցանակի: 2013թ. մրցույթի արդյունքների ամփոփմամբ  տնտեսագիտության ոլորտում «Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի կառավարման հիմնախնդիրները» աշխատության համար արժանացել է  «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակի: 2011-2013թթ. նա դասախոսել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում, իսկ 2011թ. մինչ օրս դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: Հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատությունների և 5 գրքերի:

Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2022-2027թթ. զարգացման ծրագիրը: «Այս տարիների ընթացքում նպատակ ունենք ձևավորել երիտասարդ գիտական  անձնակազմ, ներգրավել նոր արհեստավարժ կադրերի, մասնակցել և դառնալ հանրապետական ու միջազգային  մրցույթների շահառու, համագործակցել միջազգային վերլուծական կենտրոնների, ՀՀ կառավարության տնտեսագիտական ուղղվածության նախարարությունների և Ազգային ժողովի տնտեսագիտական ուղղվածության հանձնաժողովների հետ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ,, – նշեց Դ.Հարությունյանը:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ