Ուրբաթ, 21 Օգոստոս, 2026

Երբ գործ անելն արձանագրելն է

  Գեղամ Քյուրումյան

Յուրօրինակ միջավայրում է ապրում Աստծո յուրաքանչյուր օրը հայաստանյան պայմաններում անցկացրած շատ շատերի որոշակիից զգալի հատվածը, որն արտահայտվում է չգիտես խնդաս թե լաս խոսույթի տեսքով: Այս պայմաններում չգիտես որտեղից հայտնված մեկը խոսում է միավորվելու, մյուսը՝ պայքարելու, երրորդը՝ ապագայի հանդեպ ինքնավստահության, չորրորդ-հինգերորդը հայտնի ու անհայտ հայցերն ու խնդիրները միացյալ ուժերով լուծելու ներուժից, պարզագույնս չնկատելով, որ առկա բոլոր բացթողումների, թերացումների ու անգամ ձախողումների համար պետությունն իր պատասխանատուներն ունի, սկսած համատիրություններից մինչև նախարարություններ: Մեր մարդիկ իրենց աղքատիկ միջոցներից բարեխղճորեն վճարում են թե՛ շենք-շինությունների տանիքների ու շքամուտքերի նորոգումների, թե՛ բակերը ժամանցի ու հանգստի վայրերի վերածելու, թե՛ տրանսպորտում անգամ աննախադեպ թանկացման պայմաններում բարեխիղճ վճարումների պարագայում բարեփոխումներ ծավալելու, պարզ ու հասարակ շատ հոգսեր լուծված տեսնելու ակնկալիքով:
Ավաղ ու հերթական անգամ ավաղ, քանզի ընդամենը տարիներ առաջ 200 հազար դրամ վաստակող նորելուկ պաշտոնյային չի բավարարում ոչ միայն դրա կրկնակին ու եռակին, այլև քառակին ու հնգակին: ՀՀ պաշտոնյան յուրաքանչյուր ձախողման առիթով իր արդարացումն ունի՝ ինչ անում կատարելապես լավ է անում, մնացյալը ֆորս մաժորային իրավիճակ է, անհաղթահարելի ու անլուծելի, ինչպես հայաստանյան գնաճն ու երևանյան խցանումները:

Ասենք թե՝ չասենք հայ գյուղացուն մտահոգող կարկտաբեր ամպերի դեմ պայքարը անհուսալի գործ է, թող գյուղացին իր գլխի ճարը տեսնի, պետությունն ընդամենը մասնակի օժանդակություն կարող է ցուցաբերել: Գիտենք, չէ՞, որ կարկուտը ծեծած տեղն է գալիս, մարդիկ նախորդ ավերից ուշքի չեկած՝ նոր փորձանքի առաջ են հայտնվում, քանզի անհատներով ի զորու չեն լուծել կարկտաբեր ամպերի ցրումը, աղետի կանխումը: Մարդկանց բերքի մինչև 100 տոկոս կորստի պայմաններում ավերվում են բնակարաններն ու ավտոմեքենաները, օժանդակ կառույցներն ու այգիների ծառերն ու թփերը, շուկան զրկվում է անհրաժեշտ բերքից ու բարիքից, գներն են բարձրանում և այս ամենը փոխարինվում է մեն մի միջոցով` աննշան մի փոխհատուցումով: Լուծում է համարվում միլիարդների վնասը միլիոններով փոխհատուցելը, որը պակաս մտահոգիչ չէ ոչ հարուստ բյուջե ունեցող երկրի համար: Ահազանգում են նաև արևային մարտկոցներ տեղադրած բնակիչները, որոնց կրած վնասների փոխհատուցման մասին ընդհանրապես չի խոսվում:

Հարցեր, հարցեր, հարցեր, որոնք ծագում են օրվա ժամերի հաջորդականությամբ, միայն այն տարբերությամբ որ ժամանակը գնում է, հարցերը՝ մնում, որոնց արդյունքում դրանք խնդիրների են վերածվում: Մաթեմատիկայում անլուծելի համարվող խնդիրներ կան, որոնք այսուհանդերձ լուծվում են, հայաստանյան խնդիրները դոփում են տեղում, անշարժ են ինչպես լեռներն ու ձորերը, սկեսուրների ոմանց շուրթերը: Մեր մարդիկ քանիցս են հիշում ու հիշեցնում, որ երկրի գործադիրի ղեկավար վարչապետը չգիտի այդ խնդիրների մասին, այ երբ իմանա՝ կլուծի, կպատժի: Գրեթե յուրաքանչյուր առիթով է նա խոսում ու հիշեցնում առևտրային կտրոնները վերցնելու ու պահանջելու մասին, սակայն չգիտես ինչու նախընտրական շրջանում արած բազմաթիվ առևտրի ընթացքում պարզապես մոռանում էր կտրոն պահանջել: Հետ շրջեք այդ օրերի նկարահանումները և բազմիցս կհամոզվեք, որ ասվածը ոչ այնքան ընդդիմադիրի խոսք է, որքան ՀՀ բյուջեի կատարման հանդեպ մտահոգություն, եթե կուզեք՝ պատասխանատվության:

Ո՜ւր էինք, ո՜ւր հասանք, կնկատեն ոմանք: Հատկապես ՀՀ բյուջեից ակտիվ սնվողները, ովքեր այս շրջանում թե երկրորդ-երրորդ բնակարանատերեր դարձան, թե ավտոմեքենաները հիմնավորապես նորոգեցին, թե հանգստավայրերի աշխարհագրությունը ընդլայնեցին, մի խոսքով՝ կյանքը բարեփոխեցին: Դե, իրենք ի՞նչ կապ ունեն կարկուտից տուժածների հետ, նվազագույն կապ անգամ չունեն հենց թեկուզ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, ուր հարկ է որ մտածեն կարկտաբեր ամպերը ցրելու միջոցների մասին: Այստեղ չեն հրաժարվում խնդրի հանդեպ իրենց բաժին կատարումից, միայն թե՝ համապատասխան կադրերի պակաս կա, դպրոցներում ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցումն է ուշադրության կարոտ: Առայժմ մանկապարտեզները հանգիստ թողնենք, նրանց հիշելու ժամանակը դեռ կգա:

Ահա այսպիսի միջավայր մերօրյա իրականությունում, որտեղ անմեղսունակ կարկուտն իր հերթական սև գործն է կատարում, իսկ այն կանխելու պատասխանատվություն ունեցողները նայում են ու արձանագրում: Պարզ չէ՝ միայն ի՞նչը, քանզի արձանագրումներին հետևում են հերթական արձանագրումները, որոնք կազմում են երբևէ առաջին դասարանում… մեղա, մեղա, մեղա…

Այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ