Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գիրք տնտեսագետների համար

Լույս է տեսել Մ.Գ.Մանուչարյանի «Թվային տնտեսություն.ագրարային ոլորտի զարգացման հեռանկարներ» գիրքը 250 էջ ծավալով:Այն տպագրվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:

Մենագրությունում համակողմանի գնահատմամբ ներկայացվել են ագրարային ոլորտում թվային տնտեսության  զարգացման առանցքային հիմնախնդիրները: Գնահատվել է ոլորտի նորարարական ներուժը,տեղեկատվական  տեխնոլոգիաների զարգացումը,թվային տնտեսության ազդեցությունը աշխատաշուկայի վերափոխման վրա,ինչպես նաեւ  նոր սերնդի թվային տեխնոլոգիաների մի շարք առավելություններ: Դրանք հնարավորություն կստեղծեն  բարձրացնել ագրոպարենային  համակարգի ներդրումների արդյունավետությունը:

Թվային տեխնոլոգիաները հնարավորություն ունեն հեղաշրջելու  ագրոպարենային համակարգը` օգնելով ֆերմերներին աշխատել ավելի ճշգրիտ,արդյունավետ եւ կայուն,-գրում է հեղինակը:

«Թվայնացումը որպես սոցիալ-տնտեսական  ֆենոմեն», «Ագրոպարենային  համակարգը թվային տնտեսության պայմաններում», «Տեխնոլոգիական առաջընթացը ագրոպարենային համակարգում», «Աշխատաշուկայի զարգացման միտումները թվային դարաշրջանում» բաժինները կարդացվում են մեծ հետաքրքրությամբ:

Գիրքը կարող է օգտակար լինել ոլորտի մասնագետների,հետազոտողների,դասախոսների եւ ուսանողների համար:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ