Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Ալիեւին նո՞ր ենք ճանաչում, Պետդեպո՞վ պետք է գնահատենք նրա ասածները»

«Ազգ»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն  Թեւան Պողոսյանը:

Պրն Պողոսյան,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ պատրաստ են մեծահոգի գտնվել ու համաներել Արցախի իշխանավորներին: Այդ հայտարարությանը  նաեւ ԱՄՆ պետդեպն է արձագանքել ու ողջունել  այն: Այս ամենից հետո Արցախի իշխանությունն ի՞նչ պետք է անի:

– Պետք է հարցնել՝ ոչ միայն Արցախի իշխանությունը, այլեւ ամբողջ հայ ժողովուրդն ի՞նչ պետք է անի: Սա հայության պատասխանատվության հարցն է, քանզի կորցնելով Արցախը՝ կկորցնենք ամբողջ Հայաստանը: Պետք է պայքարենք ու աշխարհին ապացուցենք, որ Ադրբեջանի ախորժակով չի լինելու, ու կանգնելու ենք Արցախի կողքին: Լավագույնս կլինի, որ Հայաստանի հանրապետությունն առաջինը ճանաչի Արցախի անկախությունը: Երկրի ղեկավարը մեր բոլորի անունից խոսում է, թե ժողովրդավարության բաստիոն ենք, գագաթնակետ ենք, սարի բարձունք ենք ու նման բաներ: Ինչ համեմատություն ասես, որ չարեց: Դրան զուգահեռ էլ սակայն ընդգծում է, որ Ալիեւն էթնիկ ցեղասպանություն է պատրաստվում անել: Բա էլ ո՞նց ենք պայքարում: ժողովրդավարությունն ու արժեքները միայն ընտրություննե՞րն են, բա օրենքի գերակայությունը կամ օրենքների կիրառումը  ժողովրդավարություն չէ՞: Ալիեւն ինչ ասում կամ անում է, դրա թույլատրողը  ՀՀ  իշխանությունն է: Ալիեւի սանձարձակությունը հենց այդտեղից է սկսվում:  Նա նո՞ր է խոսում իր նկրտումների  մասին,  ամբողջ կյանքում էլ հայտարարել  է, որ ցանկանում է վերացնել հայերին: Ըստ նրա՝ աշխարհի բոլոր հայերն իր թշնամիներն են, ու բոլորիս պետք է վերացնել: Նա իր ընտրած ճանապարհը հետեւողական է անցնում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից կարճ ժամանակ անց խախտեց այն, հետեւաբար նույնը նաեւ հերթական հայտարարությունից  հետո է լինելու: Հետեւաբար  նրան մեկնաբանելն ուղղակի անիմաստ գործ է:

Հարցն այն է, որ ԱՄՆ Պետդեպն է ողջունում Ալիեւի հայտարարությունը:

– Պետդեպը ոչ թե Ադրբեջանի նախագահի, այլ իր շահերն է ողջունում: Եթե իրենց շահերն այսօր բավարարում են «համաներման» խոսույթին, ապա,պարզ է,  ողջունելու են: Սրան հաջորդելու է այն, որ Արցախում խաղաղապահներ պետք չեն: Ավելի հետո կարող են նաեւ նրանց հանելու հարցը բարձրաձայնել: Սա՛ է ԱՄՆ քաղաքականությունը: Մենք Ալիեւին չե՞նք ճանաչում, Պետդեպո՞վ պետք է գնահատենք: Ալիեւը մեզ է, չէ՞, կոտորում: Այն օրվանից, ինչ Ալիեւների ընտանիքն իշխանության է եկել, հայության վերացման ուղղությամբ  է աշխատել՝ սկզբից Նախիջեւանում, հետո՝ անկախությունից ի վեր, պատերազմներով: Սկզբում հայր Ալիեւն էր, հիմա՝ որդին: Վերջինիս իրավահաջորդը նույնպես նույն ճանապարհով է գնալու:

Քիշնեւում կայացած ՓաշինյանԱլիեւ հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեիք:

– Հայանպաստ լուծումների ակնկալիք, բնականաբար, չունեի: Գիտեի՝ մեզ համար այն հերթական պարտությունն է լինելու: Քանի դեռ մենք պարտված իշխանություն ունենք, պարտությունն անխուսափելի է լինելու: Բանակցությունների թեորիան ենթադրում է՝ պարտված իշխանությունը կարող է բանակցել միայն պարտության շուրջը:

Բանակցային սեղանի շուրջն իրավիճակ պետք է փոխվի: Երբ Արեւմուտքն ասում է՝ շատ լավ է, որ ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ո՞ւմ նկատի ունի: Իհարկե՝ բոլորիս, որովհետեւ հայ ժողովրդին լավագույն գնհատականն Ալիեւն է տվել, երբ Փաշինյանին ասաց. «Ոչ միայն դու, այլեւ հայ ազգն է կապիտուալցվել՝ քեզ նորից ընտրելով»: Ցավալի է, երբ իշխանությունները չեն հասկանում, որ բանակցային գործընթացում պետք է ինչ-որ բան փոխվի, եւ այդ «բանն» իրենցից է գալիս: Ի տարբերություն իրենց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի լա՛վ էր հասկանում այդ ամենը, դրա համար էլ ինքնակամ հրաժարական տվեց՝ եկողներին հնարավորություն տալով  նոր ասելիք  հրապարակ բերել: Նա իր հաջորդներին նաեւ  փոխանցեց, որ սա՛ է կարմիր գիծը, ու դրանից այն կողմ հայկակայն կողմին չեք կարող ճնշել: Իսկ հիմա բոլորը հայկական կողմին ճնշում են: Եվ կարեւոր չէ՝ ով է ճնշողը: Ամերիկան տեսնում է՝ իր շահերը կարողանում է առաջ տանել, ճնշում է: Նույնը նաեւ Եվրոպան, Ռուսաստանը, Թուրքիան կամ մեկ այլ երկիր: Մի խոսքով, բացի մեզնից՝ մեր երկրի քաղաքականության հաշվին բոլորն իրենց շահերն առաջ են տանում: Եթե գործող իշխանությունն ինչ-որ չափով հասկանում է՝ ինչ ասել է հայկական շահ, այս ամենը վաղուց պետք է գիտակցած լիներ:

Տպավորություն է, թե այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» հապշտապ կնքելու գործընթաց է գնում:

– Ո՞ւմ կողմից:

Հայաստանի:

– Այո, դրա հետ համաձայն եմ, որովհետեւ  այդ հարցում Ալիեւն ընդհանրապես չի շտապում:

Ինչո՞ւ:

– Ինչո՞ւ շտապի կնքել,  եթե անընդհատ նոր բան է պոկում  Հայաստանից ու Արցախից, նրա ինչի՞ն է պետք այդ ստորագրությունը: Արցախյան հակամարտությունից հետո Ադրբեջանը երկու փաստաթուղթ է ստորագրել Հայաստանի հետ՝ 1994-ի զինադադարն ու նոյեմբերի 9-ը, դրանցից ո՞ր մեկն է հարգել ու չի խախտել: Լավ, ենթադրենք ստորագրվեց պայմանագիրը, դրա իրացման երաշխավորն ո՞վ է լինելու՝ ԱՄՆ-ն իր ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայո՞վ, թե՞ Եվրոմիությունն է իր բանակն ուղարկելու: Ռուսաստանի զորքն էլ իր շահերն ունի: Ի վերջո պետք է գիտակցենք, որ մեր շահերը միայն մենք պետք է սպասարկենք ու հույսներս մեր բանակի վրա դնենք:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ