«Վախենում ենք ավելի ռիսկային եւ հարձակողական դիվանագիտություն վարել»

22

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել է, որտեղ անդրադարձ կա նաեւ Արցախյան 3-րդ՝ 44-օրյա պատերազմին:

Կազմակերպությունը Հայաստանի վերաբերյալ բաժնում նշել է, որ մարտերի ընթացքում հայկական ուժերը ծանր հրետանիով եւ բալիստիկ հրթիռներով բնակելի հատվածների վրա հարվածներ են հասցրել, ինչն էլ քաղաքացիական անձանց զոհվելու պատճառ է եղել: Ըստ զեկույցի՝ կիրառվել է նաեւ կասետային զինամթերք, ինչն արգելված է միջազգային իրավունքով:

Ադրբեջանին վերաբերող հատվածում կազմակերպությունը արձանագրում է, որ մարտերի ընթացքում ադրբեջանական ուժերի ոչ ճշգրիտ օդային հարձակումների պատճառով վնաս է հասցվել բնակավայրերին:

«Հարձակվում են ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են էլեկտրակայանները, դպրոցները, մասնավոր բնակավայրերը եւ ձեռնարկությունները, հիվանդանոցները: Ընդհատվել է ծառայությունների կանոնավոր մատակարարումը, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, գազը, ջուրը: Ադրբեջանական ուժերը եւս օգտագործել են կասետային զինամթերք»,- ասված է հրապարակման մեջ:

Ըստ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցութան անդամ Անի Սամսոնյանի՝ կազմակերպությունն իր զեկույցում հավասարության նշան է դրել Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ՝ ներկայացնելով, որ երկու կողմերն էլ խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը:

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը վատ չի աշխատել եւ աշխատում՝ պատերազմի արդյունքները լեգիտիմացնելու, Արցախի ժողովրդի նկատմամբ գործած պատերազմական հանցագործությունների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հարցը ի վնաս մեզ հավասարակշռելու առումով: Հայաստանում շատ են խոսում այն մասին, որ եթե մենք չունենք ռազմական ուժ եւ հզորություն՝ ազդելու միջազգային հարաբերություններում մեր շահերի պաշտպանության վրա, ուրեմն պետք է պաշտպանվենք միջազգային իրավունքի գործիքակազմով, բայց նախկին պատգամավորի գնահատմամբ՝ դա խաբեություն է, որովհետեւ քաղաքական գործոնը եւ շարժառիթներն էապես նպաստում են միջազգային իրավունքի, դրա գործածության վրա: «Այսօր, օրինակ, աշխարհը բղավում է Ուկրաինայում միջազգային մարդասիրական իրավունքի, կանանց, երեխաների իրավունքների բազմաթիվ խախտումների ու զոհերի մասին, սակայն Արցախյան 44-օրյա պատերազմում բոլորն աչք էին փակում Ադրբեջանի գործողությունների վրա: Այսինքն՝ ասել թե Ադրբեջանը միջազգային մակարդակով ձիու վրա է միայն նրա համար, որ Հայաստանը լավ չի աշխատում, սխալ կլինի: Բայց չեմ կարող չնշել, որ դիվանագիտական ճակատում այսպիսի հարցերի շուրջ կռվելու համար երկրում չկա առողջ քաղաքական մթնոլորտ եւ միասնություն, ինչը չի կարող չազդել մեր արտաքին հարցերի վրա: Մինչեւ պատերազմն ու նաեւ այժմ, մեր դիվանագիտությունը ոչ թե նախաձեռնող, այլ արձագանքող կամ ռեակտիվ է եղել ու կա: Սպասել ենք՝ երբ են ադրբեջանցիները հակահայ միջազգային փաստաթուղթ կամ բանաձեւ շրջանառելու, որ դռնեդուռ ընկած համոզենք, թե այն անարդար է եւ չպետք է ընդունվի: Ընդունվելուց հետո էլ մտածենք՝ դե լավ, «անկապ» թուղթ է, միեւնույն է՝ մենք հաղթած պետություն ենք»,- «Ազգ»ի հետ զրույցում ասում է Սամսոնյանը:

ԼՀԿ-ականի բնորոշմամբ՝ այդ գործելաոճովի հետեւանքով՝ տարեցտարի քանդել ենք մեր փխրուն ու թվացյալ հաղթանակի քարերը, որովհետեւ Ադրբեջանը հետեւողական աշխատանքով եւ նման «անկապ» փաստաթղթեր շրջանառելով՝  աշխարհին եւ միջազգային հանրությանը համոզել է, որ Արցախը Ադրբեջան է, եւ իրենք պայքարում են իրենց պետության տարածքային ամբողջականության վերականգնման համար:

Ցավոք, շարունակում է մեր զրուցակիցը, պատերազմից հետո էլ մենք մնացել ենք արձագանքողի դերում, ու մինչեւ այսօր էլ վախենում ենք ավելի ռիսկային եւ հարձակողական դիվանագիտություն վարել, որովհետեւ մի կողմից պարտության բարդույթը չենք թոթափել, մյուս կողմից՝ մտածում ենք՝ ինչ-որ բան այնպես չանենք, Ադրբեջանը սադրանքների կդիմի: Բացի դա, միջազգային հարթակներում աշխատելու համար, Հայաստանը պետք է ունենա սեփական օրակարգը:

Դիտարկմանը, թե ի՞նչ են տալիս միջազգային նման կառույցների գնահատակնները, արձագանքում է. «Կոնկրետ այս կազմակերպությունը միջազգային մեծ հեղինակություն ունի, ու մարդիկ կարող են ծանոթ չլինել Արցախյան պատերազմի հանգամանքներին, բայց ծանոթանալով այս զեկույցին՝ տեղեկացվում են, որ Հայաստանն էլ Ադրբեջանի պես խախտել է միջազգային իրավունքի նորմերը: Հետեւաբար, դու չես կարող միջազգային հանրությանը հակել քո պատմածներին եւ փնտրել նրա պաշտպանությունը, եթե չես կարողացել կանխարգելել Ադրբեջանի պատմածները: Դրանք ստեղծում են ընդհանուր համայնապատկեր, որը վստահաբար ազդելու է մեր դիվանագիտական պաշտպանական դիրքերի վրա»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ