2023 թվականի հուլիսի 19-ից հուլիսի 25-ը տեղի է ունեցել Հոնկոնգի գրքի 33-րդ տոնավաճառը HONG KONG BOOK FAIR 2023, որն անցկացվել է Հոնկոնգի կոնվենցիայի եւ ցուցահանդեսային կենտրոնում:
Ցուցահանդեսը ավանդաբար կազմակերպվել է Հոնկոնգի Առեւտրի զարգացման խորհրդի կողմից եւ ամեն տարի ունեցել ավելի քան մեկ միլիոն այցելու:
Ասիական տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսը ներկայացնում էր վերջին մեկ տարվա ընթացքում հրատարակված կրթական, մեթոդական եւ գիտական հրապարակումները, ինչպես նաեւ հեռավար ցուցահանդեսում ներկայացված հրատարակությունների եւ գյուտերի մասին տեղեկություններով կատալոգներ:
Ցուցահանդեսի էքսպոզիցիան ուղղված էր ցուցահանդեսի այցելուներին, ցուցահանդեսում աշխատող ԶԼՄ-ներին, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կրթական հաստատություններին գիտական եւ կրթական գրականության մասին իրազեկելուն:
Հաշվի առնելով անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի գիտական աշխատանքների կարեւորությունը գիտության եւ կրթության զարգացման գործում, ցուցահանդեսի նախագահության որոշմամբ նրա գիտական աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի ծանոթագրված կատալոգում (HONG KONG BOOK FAIR 2023 կատալոգի հատուկ հրատարակությունում):
Հարկ է նշել,որ Ս. Պապիկյանը հեղինակ է շուրջ 300 գիտական աշխատությունների եւ տասնյակ մենագրությունների: Նրա գիտական աշխատանքները դեռեւս Խորհրդային Միության տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Նա համաշխարհային ճանաչման արժանացած վաստակաշատ գիտնական է:
2009թ. գիտամանկավարժական բազմամյա եւ բեղմնավոր գործունեության համար ստացել է Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսորի գիտական կոչում: Հաշվի առնելով նրա հսկայական ծառայությունները էներգետիկայի զարգացման եւ կրթության բնագավառում՝ նրան շնորհվել է Վերնադսկու անվան ոսկե մեդալ (Մոսկվա), իսկ 2010թ` «Գիտության եւ կրթության վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում (Մոսկվա):
2019 թվականի հուլիսի 17-23-ը Հոնկոնգում (Չինաստան), այնուհետեւ Մոսկվայում, Եվրոպական մի շարք երկրներում (Անգլիա, Գերմանիա, Ավստրիա եւ այլք) տեղի ունեցած գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները մեծ հետաքրքրություն եւ լայն արձագանք են ունեցել:
Նրա գրչին է պատկանում նաեւ Հայաստանի եւ Արցախի էներգետիկայի պատմության քառհատոր գիտական մենագրությունը: 2017թ. Արցախի էներգետիկայի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար պարգեւատրվել է ԱՀ-ի պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով: