Ղազախստանից ՀՀ կալանավոր է արտահանձնվել. ի՞նչ կապ ունի ՔՊ-ական պատգամավորը

296

Դեռեւս 2019-ի հունվարին Ղազախստանում հայ տղայի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 2.5 տարի հետո Ղազախստանում կալանավորված Նարեկ Գուրուրյանը մոտ մեկ շաբաթ առաջ տեղափոխվել է Հայաստան: «Ազգ»-ին հայտնի դարձավ, որ Գուրուրյանին Հայաստան արտահանձնելու գործում ակտիվ դերակատարում է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը: «Իշխանական պատգամավոր Դանիելյանի աձնական կապերի միջոցով է ծնունդով սարուխանցի (Գավառի շրջան- խմբ) երիտասարդը Ղազախստանից Հայաստան արտահանձնվել: Իսկ անձնական կապերը, պարզվում է, ոչ միայն Հայաստանի, այլ անգամ Ղազախստանի մասին է»,- ասաց «Ազգ»ի զրուցակիցը:

Միջադեպը, հիշեցնենք, Կարագանդայի ռեստորաններից մեկում էր տեղի ունեցել: Կենցաղային հողի վրա ռեստորանի այցելուների միջեւ ծեծկռտուք էր սկսվել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել, մեկը մահացել էր: Ծեծկռտուքի եւ սպանության փաստով ձերբակալել էր 7 անձ, որոնցից 5-ը կալանավորվել էին: Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում էր հայտարարվել, ինչից հետո նրան Ռուսաստանում ձերբակալել էին, այունհետ Ղազախստան տեղափոխել:

Ի դեպ, «Ազգ»ին հայտնի դարձավ նաեւ, որ արվեստագետ-պատգամավորն (նկարիչ է) այսօր պատրաստվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելել ու տեսակցել երիտասարդի հետ:

Մենք կապ հաստատեցինք ՔՊ-ական պատգամավորի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ կապ կամ շահագրգռվածություն ունի աղմակահարույց միջադեպի մասնակից դատապարտյալին Հայաստան տեղափոխելու հարցում: «Կարող եմ ասել միայն, որ իմ մտերիմն է, ու նա այժմ Հայաստանում է: Սրանից բացի այլ մեկնաբանություն չունեմ»,- նշեց Դանիելայնն՝ ըստ երեւույթին հաստատելով մեր տեղեկությունը:           

 Ս. Վ.