2025 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2024-2025թ.կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Հ. Գեւորգյանի, Յու. Սարգսյանի, Լ. Թավադյանի եւ Ա.Ղուլյանի, թղթակից անդամներ Ն. Հովհաննիսյանի, Ս. Մխիթարյանի, Հ. Գալստյանի հիշատակը:
2024թ. ԳԱԱ համակարգում աշխատում է 3595 մարդ, որոնցից 2306-ը գիտական աշխատողներ են: Գիտական աստիճան ունի 1342 աշխատակից, որոնցից 29-ը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 42-ը՝ թղթակից անդամ:Մինչեւ 35 տարեկան գիտաշխատողների թվաքանակը 2024 թ-ին նախորդող 3 տարիների համեմատ աճել է 10%-ով, իսկ 35-50 տարեկան գիտաշխատողների թվաքանակը՝ 19%-ով:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ա. Սաղյանը նշեց. «2024թ. ակադեմիայի գիտական կազմակերպությունները շարունակել են իրականացնել հիմնարար եւ կիրառական բնույթի հետազոտություններ գիտության գրեթե բոլոր բնագավառներում, ինչպես բյուջետային, այնպես էլ արտաբյուջետային ֆինանսավորման հաշվին: 2024թ. տարեկան ընդհանուր հրապարակումների թիվը 1637 է, որից SCOPUS/WOS-ում տպագրված հոդվածների քանակը 802 է, կամ ընդհանուրի մոտ 49%: 2023թ. համեմատ 2024թ. SCOPUS/WOS-ում տպագրված հոդվածների թվաքանակը աճել է մոտ 41%-ով»:
Գիտությունների ազգային ակադեմիան հրապարակում է գիտության եւ տեխնոլոգիաների բոլոր բնագավառները ներառող 21 հանդես, եվս 9 հանդես հրապարակում են ԳԱԱ ինստիտուտները: Ակադեմիայի հանդեսներից 5-ն ընդգրկված են WEB of Science/SCOPUS գիտատեղեկատվական շտեմարաններում՝ «Ֆիզիկա տեղեկագիր»-ը, «Աստղաֆիզիկա» ամսագիրը, «Մաթեմատիկա տեղեկագիր»-ը, «Նեյրոքիմիա» ամսագիրը եւ «Հայկական մաթեմատիկական հանդեսը» (էլեկտրոնային), տարվում են ակադեմիայի բոլոր հանդեսները միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառելու աշխատանքներ:
2024թ. ՀՀ ԳԱԱ-ն իրականացրել է հանրապետական եւ միջազգային 299 դրամաշնորհային ծրագիր: Հաշվետու տարում ակադեմիայի համակարգում անցկացվել է 96 գիտաժողով: Ակադեմիայի համակարգում պաշտպանվել է 42 ատենախոսական աշխատանք:
ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց կիրառական հետազոտությունների կարեւորության մասին: Ներկայացնելով «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կիրառական ծրագրերը՝ ասաց, որ ներդրված փոքրածավալ արտադրությունները պահպանում են իրենց հաստատուն տեղն ու դիրքը հայաստանյան եւ արտերկրյա շուկաներում: Դրանք են՝ «Նարինե» պրոբիոտիկի տարատեսակները, ներառյալ «Նարինե» եւ «Նարարգին» կոմպլեքս-ասոցացված կենսաբանորեն ակտիվ հավելումների դեղապատիճների, «Էկոբիոֆիտ+» կենսապարարտանյութի, բուսական յուղերի, հանուկների, տարբեր դեղապատրաստուկների արտադրությունները:
Ա. Սաղյանը նաեւ նշեց Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ձեռքբերումները: Ինստիտուտը չինական ընկերությունների հետ կնքել է պայմանագիր, որի շրջանակում չինական կողմի միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվել է երկրաշարժերի մոնիթորինգի 5 կայան: Չինական կողմն արդեն մոտ 1.4 մլն դոլարի ներդրում է կատարել եւ տրամադրված է շարունակել համագործակցությունը:
Կայանները գրանցում են երկրաշարժերը մեծ ճշգրտությամբ: «Նույնիսկ մոտ 10 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Ճապոնայում, տեղի ունեցած երկրաշարժը գրանցել են մեր կայանները», – ասաց Ա. Սաղյանը: Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպություններն արդյունավետ համագործակցում են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Նշվեց, որ 2023 թ. համեմատ 2024 թ. գրանցվել է բյուջետային ֆինանսավորման ծավալների աճ մոտ 10.3%-ով, իսկ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները նվազել են մոտ 25%-ով:
Գիտությունների ազգային ակադեմիային է վերապահվում հանրապետության ընդհանուր գիտական հաշվետվության պատրաստումը եւ ներկայացումը կառավարություն՝ 3 տարվա կտրվածքով:
ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ընդգծելով գիտության կարեւորությունը Հայաստանի զարգացման եւ առաջընթացի համար, հաշվի առնելով արդեն իսկ կայացած գիտական ավանդույթների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը եւ ակադեմիայի առանցքային դերն ու նշանակությունը հանրապետության գիտական եւ գիտակրթական ընդհանուր համակարգում, իր պատրաստակամությունն է հայտնում շարունակելու իր առաքելությունն ի փառս երկրի գիտական մտքի առաջընթացի, տնտեսության զարգացման ու պաշտպանունակության ամրապնդման»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ա. Սաղյանը:
Նշվեց, որ եթե 2019 թ. գիտության ֆինանսավորումը ՀՀ-ում կազմել է 16.8 միլիարդ դրամ, ապա 2024 թ. եղել է 32 միլիարդ դրամ:
ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում տեղի ունեցավ գիտական նստաշրջան:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ