Հայաստանն իր մեջ արտիստը. Ժիրայր Փափազյան

68

Ծննդյան 70 ամյակի  առիթով

«Ազգ»-ը ներկայացնում է բեմադրիչ, դերասան, թարգմանիչ Ժիրայր Փափազյանի (Բաբազյան) 70 ամյակին նվիրված հոդված-ակնարկ-զրույցի շարունակությունը, որի առաջին մասը տպագրվել է նախորդ համարում:

Ծայրահեղությունների հանգրվան Երեւանը

2016-ի ապրիլին Հայաստան էի եկել, ծանոթացա Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ: Հարցրեց՝ եթե հրավիրեմ, կգա՞ք մեր թատրոնում ներկայացում բեմադրելու: Ես հիացա նրանով՝ երիտասարդ տղա, թատրոնի տնօրեն: Բա՞ն էր փոխվել, փաստորեն. սովետական ժամանակներից 21-րդ դար եկած, տնօրենի պաշտոն զբաղեցնող, երիտասարդներին թերագնահատող, իսկ իրենց գերագնահատող մարդկանց փոխարեն՝ երիտասարդ տղա, պրոֆեսիոնալ, խելացի մենեջեր:

Ես մինչ այդ, Հայաստանում դառը փորձ ունեցել էի: Մի անգամ բրիտանացի բեմադրիչ Իրինա Բրուկի թատերախումբն էի բերել Հայաստան, ես էլ մի շաբաթ շուտ եկա, որ ամեն ինչ կազմակերպեմ: Սխալվել էի՝ պիտի կես տարի շուտ եկած լինեի, որ չխայտառակվեի: Իրինայի ներկայացումներով աշխարհով մեկ ման ենք եկել՝ Ամերիկա, Կանադա, ամբողջ Եվրոպան: Ամենուր ներկայացմանը զուգահեռ՝  վազող տողով թարգմանություն է եղել: Հայաստանում դա ստանալու համար ոչինչ չկար. պրոյեկտոր չկար, ուզում էինք  սավան կախել, մեկ էլ չգիտեմ ով, դեմքի լուրջ արտահայտությամբ,  ասաց՝ պարոն Փափազյան, գիտե՞ք ինչ, դա սխալ ա: Տիտր դնելը խանգարում է ներկայացմանը: Եթե դուք լավ խաղաք, հանդիսատեսն առանց թարգմանության էլ ամեն ինչ կհասկանա:

Էլ չդիմացա, գոռացի՝ ամբողջ աշխարհը սխալ է, միայն դո՞ւք եք ճիշտ:

Վերջը արեցինք՝ ծայրը ծայրին հասցնելով. վազող տողով թարգմանությունը ներկայացման ժամանակ ստացվեց, ու ես սեւերս չմնացի Իրինա Բրուկի առաջ:

Այս դառը փորձից հետո երիտասարդ, մարդամոտ ղեկավարներն ինձ համար բացահայտություն դարձան:

Կարճ ժամանակ անց Օպերային թատրոնում ներկայացումներն սկսեցին էկրանին թարգմանությամբ՝ վազող տողով ուղեկցվել: Ու առաջին բեմադրությունները հենց ես թարգմանեցի տարբեր լեզուներով:

Լավ ընկերների հանգրվան Երեւանը

Լավ, տաղանդավոր ընկերներս են ինձ Հայաստանում պահում: Օրինակ՝ Նարինե Մալյանը: Ես միշտ ասել  եմ՝ կաշխատեմ նրանց հետ, ովքեր Սովետական Միությունը չեն տեսել: Նարինեն հարցրեց՝ բա ե՞ս: Ասացի՝ դու բացառություն ես:

Սամվել Թոփալյանի, Մխիթար Ավետիսյանի նման դերասաններ ունենք, որոնց հետ մտերմացել եմ, այդ կապն է ինձ պահում, այդ ջահել սերունդն ինձ շատ է ոգեւորում: Նրանք ինձ  ջահել են պահում: Շառլ Ազնավուրն ինձ մի անգամ ասել է՝ երկար ապրելու գաղտնիքն  այն է, որ հեռակա ծրագրեր ունենաս: Ես հետեւում եմ նրա խորհրդին:

Երիտասարդ ընկերներիս հետ հաճախ ենք հանդիպում, քեֆեր ենք կազմակերպում: Նրանց միջավայրում ես ինձ շատ լավ եմ զգում: Տարվա մեջ սեպտեմբերից դեկտեմբեր, փետրվարից հունիս այստեղ եմ: Եթե նկարահանումներ են լինում դրսում, գնում եմ, մասնակցում, էլի գալիս: Սովորել եմ այստեղին, Ֆրանսիա մեկնելով՝ այնտեղին ավելի դժվարությամբ եմ ադապտացվում: Այստեղի մարդիկ չգիտեն, թե աշխարհի կարեւորագույն քաղաքների՝ Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի կյանքն ինչ դաժան ու սթրեսային է: Այստեղ կարող ես  մարդկանց վրա հենվել, նրանց ապավինել, դրսում՝ ոչ, չկա այդպիսի բան: Ամենամոտ ընկերոջդ հետ հանդիպելու համար պիտի մեկ ամիս շուտ նրան տեղյակ պահես, ծրագրես, այն էլ հարց է՝ կստացվի՞ հանդիպումը, թե ոչ:

Հայաստանում ես ապրում եմ, դրսում՝ աշխատում:

Դիպլոմայինիս «արկածները»

Երբ սովետական տարիներին ավարտեցի Թատերական ինստիտուտը, վճռեցի՝ այստեղ չեմ աշխատելու եւ գնացի Հայաստանից: Բայց մինչ այդ պետք է դիպլոմայինս պաշտպանեի:

Թատերականի  ռեժիսորական ֆակուլտետում էի սովորում՝ Մարատ Մարինոսյանի կուրսում: Օրենք կար, որ ռեժիսորական ֆակուլտետի ուսանողները նախ դերասանականի դիպլոմայինը պետք է  պաշտպանեին, հետո միայն՝ ռեժիսորականը: Տրամաբանական որոշում էր. ռեժիսորը  պետք է անցնի դերասանական ճանապարհով: Հենց որ  դերասանականի դիպլոմայինը պաշտպանում էինք, մեզ բաց էին թողնում ու ասում՝ գնացեք, Աստված ձեզ հետ, մի թատրոն գտեք, համոզեք տնօրենին, որ դուք կարող եք ներկայացում բեմադրել, հենց որ բեմադրեք, մեզ կկանչեք, կգանք, կնայենք, կգնահատենք: 

Ըստ կարգի՝ ամեն թատրոն պետք է դիպլոմայինների համար տեղ պահեր, բայց ապագա ռեժիսորները տարիներով հերթ էին կանգնում, որ կարողանան ներկայացում բեմադրել: Ասացին՝ Սունդուկյանը մոռացիր, 12 տարով սպասողներ կան: Կուրսընկերներս Կապանի, Վանաձորի թատրոններ էին գնում, բայց Սփյուռքից եկածներիս չէր թույլատրվում Երեւանից դուրս անգամ գիշերել, էլ ուր մնաց ներկայացում բեմադրեինք:

Մի անգամ «Անի» հյուրանոցում էի, Լուիզա Սամվելյանին հանդիպեցի. նա  սփյուռքահայ ուսանողներին շատ էր սիրում: Ինձ տեսավ, հարցուփորձ արեց, ասաց՝ եթե ներկայացում բեմադրես, ինձ կկանչես: Նրան պատմեցի, որ թատրոն չեմ գտնում: Այդ ժամանակ Վարդան Աճեմյանն անցավ կողքներովս, Լուիզա Սամվելյանը  մեզ ծանոթացրեց:

Այն ժամանակ «Ադրի» արվեստի կենտրոն կար: Ես   ասմունքի երեկո էի արել այնտեղ: Պարզվեց՝ Աճեմյանն էլ է ներկա եղել: Զարմացա, 5 տարի առաջ էի ասմունքի երեկոն արել, բայց նա  ինձ հիշեց: Հարցրեց՝ ինչո՞ւ  Սունդուկյան չես գալիս: Պատասխանեցի՝ ձեր մոտ ընկնելը դժվար է:

Ո՞վ ասաց, չկա այդպիսի բան, կգաս մոտս, ասաց:

Հետո ավելացրեց՝ ֆրանսիական ոճ ունես, Մոլիեր բեմադրիր, Սունդուկյանում չունենք Մոլիեր:

Մի օր կանչեց ու ասաց, որ Սիրանո դը Բերժերակ է բեմադրում, Մհեր Մկրտչյանը պիտի խաղա, 70 հոգի զբաղված է, մյուս տարի գնամ, բեմը կտրամադրի ինձ:

Բայց ես ժամանակ չունեի:

Աճեմյանը հարցրեց՝ հեռուստատեսությունում չե՞ս ուզի բեմադրություն անել: Ասացի՝ Հրաչյա Ղափլանյանն ասել է՝ տեղ չկա այնտեղ:

Ղափլանյանն ի՞նչ գիտի, ասաց ու զանգեց տնօրենին:

Դեբյուտ՝ հեռուստաթատրոնում

Բեմադրեցի Բերնարդ Շոուի  մեկ արարով «Ճակատագրի ընտրյալը» պիեսը: 4 հոգի էր զբաղված ներկայացման մեջ: Գուժ Մանուկյանը, Վիեոլետա Գեւորգյանը, Հարություն Մովսիսյանն էին խաղում՝ բոլորը Դրամատիկականից: Շատ էինք սիրում այդ թատրոնը, որովհետեւ այն ժամանակ Դրամատիկականն  ամենամոդեռնն էր: Վարսիկ Գրիգորյանը գրախոսական գրեց, մի քանի անգամ ներկայացումը հեռուստաթատրոնով ցուցադրվեց: Բայց հետո, դժբախտաբար, տեսաերիզը ջնջեցին, թեեւ խոստացել էին, որ այն «Ոսկե ֆոնդում» են պահելու:

Գոհար Գասպարյանի տանն ամենօրյա հյուր էի: Հենց այնտեղ էլ, նրանց հեռուստացույցով հեռուստաներկայացմանս պրեմիերան դիտեցինք: Գոհար Գասպարյանի ամուսինը՝ Տիգրան Լեւոնյանը, հեռուստաներկայացումը կարողացավ ձայնագրել: Այնպես որ, ներկայացման տեսագրությունը ոչնչացվել է, բայց  գոնե ձայնը պահպանված կա, կարելի է այն որպես ռադիոբեմադրություն  օգտագործել:

Գոհար  Գասպարյան-Տիգրան Լեւոնյան զույգը

Գոհար Գասպարյանը երբ ինձ առաջին անգամ տեսավ, հարցրեց. «Դուն Նորային տղա՞ն ես»:

Մայրս ու Գոհար Գասպարյանը Եգիպտոսում մտերիմներ են եղել:

«Ամեն օր տունս կուգաս, տաք ճաշ կուտես: Այստեղ Եգիպտոս չէ, ձմեռներն այստեղ ցուրտ կըլլա»,- հրահանգեց ինձ:

Այդպես էլ եղավ, ես ամեն օր նրանց տանն էի:

Տիգրան Լեւոնյանի հետ շատ մտերմացանք: Նա հրաշալի մտավորական էր, վերլուծում էր օպերաները: Ես երկու կրթություն էի ստանում, մեկը՝ թատերական ինստիտուտում, մյուսը՝ Գոհար Գասպարյանի տանը՝ օպերային արվեստի մասին: Ներկայացումները միասին նայում էինք, հետո տանը քննարկում՝ ինչն էր լավ, ինչը՝ թերի: Հետո Տիգրանը բեմադրիչ դարձավ: Մոսկվա գնաց, եկավ,  բեմադրեց «Պայացները» եւ դիպլոմայինը պաշտպանեց:

«Օթելլո», «Արշակ Երկրորդ»,«Անուշ», «Պողիկտոս» բեմադրեց:

Նա ինձ առաջարկեց Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օպերա բեմադրել, ուզում էր, որ «Օթելլո» բեմադրեմ, ինքն էլ երգի: Այն ժամանակ կարծում էի, թե օպերան իմ տեղը չէ, մերժեցի:

 Տիգրանի մուխը մարեցին: Ինչպե՜ս էին նրա հետ վարվում, ինչպիսի՜ դաժանությամբ: Նեղում էին, աջուձախ սեւացնում, թե իբր նա Գոհար Գասպարյանի ամուսինն է, դրա համար են դեր տալիս, այնինչ Տիգրանը հոյակապ ձայն ուներ, հոյակապ արտիստ էր: Շատ էր նեղվում, հաճախ սիրտը բաց էր անում ինձ մոտ: Խոստովանեց, որ անգամ ինքնսապան լինելու մասին է մտածել: Շատ էր տառապում: Նա մենադժվար տարիներին պահեց օպերան: Գնաց Սիրիա, իր ծախսերով կտավներ, կտորներ բերեց բեմադրությունների համար: Աշխատողները մութ ու ցուրտ տարիներին  ձեռնոց էին դնում, բայց աշխատում էին, հագուստներ կարում:

Եվ Տիգրանը «Պողիկտոս» բեմադրեց՝ գլուխգործո՛ց:

Ես մոտիկից եմ տեսել, թե ինչ անառողջ մթնոլորտ էր տիրում օպերային թատրոնում, ինչպես էին անխնա ոչնչացնում տաղանդավոր մարդկանց: Ու դա էր պատճառը, որ որոշեցի հեռու մնալ այնտեղից ու… Երեւանից:

Դեգերումներ

Ամերիկա գնացի՝ ծնողներիս մոտ, վերադարձա Եգիպտոս, փորձեցի արաբական թատերական պրոֆեսիոնալ շրջանակ մտնել, բայց չկար պարտաճանաչություն, սրտացավություն, հարգանք դիմացինի աշխատանքի հանդեպ: Ներկայացումը կարող էին կիսատ թողնել ու գնալ, որովհետեւ նամազի ժամն էր: Վճռեցի՝ կա՛մ մասնագիտությունս կփոխեմ, կա՛մ՝ երկիրս:

Ստանիսլավսին է ասել՝  առանց կարգապահության միայն բանակում ու թատրոնում հնարավոր չէ, այն էլ  բանակում՝ վստահ չեմ: 

Փորձեցի Ֆրանսիա գնալ, եգիպտական անձնագրով ինձ վռնդեցին այնտեղից, նույնը եւ Անգլիայում եղավ:

Պարտված՝ գնացի ԱՄՆ ու հենց քաղաքացիություն ստացա, անձնագիրս վերցրի ու վերադարձա Ֆրանսիա. արդեն չէին կարող ինձ այնտեղից վտարել, իրավունք չունեին: Ասացին՝ լավ, ամերիկացի ես, ինչ ուզում ես, կարող ես անել, բայց աշխատել չես կարող:

Ֆրանսիայում հազարավոր դերասաններ կան, որ անգործ են, պետական նպաստով են ապրում: Այնպես որ Ժիրայր Փափազյանին չէին սպասում՝ որպես «թատրոն փրկողի», այդքան անգործների մեջ՝ ես էի պակաս:

Մի երջանիկ դիպվածով….

Սկզբի ժամանակներում  հայկական միջավայրում էի: Քանի որ 4 տարի Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ի  գեղարվեստական ղեկավարն էի եղել, եկա, Փարիզում ասացի՝ թատրոն չունեք, եկեք ներկայացումներ բեմադրեմ,  հետո որոշեցի դաս տալ, տարբեր աշխատանքներ փորձեցի: Մինչ այդ, նախկին կնոջս՝ Նորա Արմանիի հետ հայկական պոեզիայի հիման վրա Լոս Անջելեսում  մի ներկայացում էի արել՝ «Արարատյան կայարանը», որի ֆրանսերեն տարբերակը ներկայացրինք  Ավինիոնի փառատոնին:

Մի քուրդ Արարատ անունը լսել ու եկել էր մեր ներկայացմանը: Վերջում շնորհավորեց եւ ասաց, որ Շեքսպիր է բեմադրում եւ ուզում է, որ ես խաղամ: Պատասխանեցի, որ Ֆրանսիայում դեռեւս հաստատված չեմ, աշխատելու իրավունք չունեմ, պիտի ԱՄՆ վերադառնամ: Նա խոստացավ օգնել ինձ ու, իսկապես, ամեն ինչ արեց, դիմեց այսուայնտեղ, տարբեր դեսպանատներ ու հյուպատոսարաններ, որպեսզի իբրեւ ԱՄՆ քաղաքացի՝ իմ անձնագրում Ֆրանսիայում աշխատելու իրավունքի վիզան ստանամ: Նա այդպես ապացուցեց, որ Ժիրայր Փափազյան դերասանը պետք է իր թատրոնին:

Մինչ օրս, Ֆրանսիայում որտեղ էլ խաղամ, պրեմիերային միշտ հրավիրում եմ նրան ու բոլորին ասում եմ, որ եթե այս մարդը չլիներ, ես հիմա այստեղ չէի լինի ու չէի խաղա: Նրա անունն է Հաբիբ Նագմուշին. կիսով չափ քուրդ, կիսով չափ թունիսցի արաբ այդ մարդուն եմ պարտական, որ աշխատանք ունեցա ու հաստատվեցի Ֆրանսիայում:

Ինտերնացիոնալ «Անուշը»

Տիգրանյանի «Անուշը» Միչիգանում անգլերեն բեմադրեցի 1981 թվականին:  Օպերան  համարվեց թատերաշրջանի լավագույն ներկայացումը. բոլոր թերթերը գրեցին,  ամերիկյան New York Times-ը, Լոնդոնի Opera Magazine-ը բավականին լավ էին արձագանքել:  Դիրիժորն էլ հայ  էր՝ Րաֆֆի Արմենյանը, որն առաջին անգամ էր հայկական ստեղծագործություն կատարում: Մի խոսքով, օպերան շատ լավ ընդունվեց:

2001-ին «Անուշը» նորից բեմադրեցի, այս անգամ՝ հայերեն: Արվեստի քննադատների արձագանքը դարձյալ ոգեւորող էր: Հասմիկ Պապյանը երգեց, նաեւ Եղիշե Մանուչարյանը: Բայց մյուսներն օտարազգի արտիստներ էին: Հայերեն էին սովորել: 

Ճակատագրական մարդիկ

Ազնավուրի հետ շատ էի մտերմացել:

Նյու Յորքում էինք: Շառլ Ազնավուրն  այնտեղ համերգ էր տալիս: Հանդիպեցինք: Նրան պատմեցինք, որ «Արարատյան կայարան» ներկայացումը Էդինբուրգի փառատոնին, նաեւ Ամերիկայում մեծ հաջողություն է ունեցել, մենք պատրաստել էինք նաեւ ֆրանսերեն տարբերակը եւ ուզում էինք ներկայացնել Ավինիոնի միջազգային փառատոնին, բայց ոչ ոքի չէինք ճանաչում, որ կարողանար մեզ օգնել:

Ազնավուրը լսեց մեզ ու ամեն ինչ դասավորեց, կազմակերպեց: Ես ու կինս՝ Նորան, ներկայացումը 3 շաբաթ խաղացինք Փարիզում ու հենց այնտեղ էլ, ինչպես պատմեցի, հանդիպեցինք քուրդ Հաբիբին:

Իմ կյանքում այնպիսի պատահական ու կարեւր հանդիպումներ են եղել, որոնք հետո ճակատագրական դեր են խաղացել ու շաղկապվել հաջորդ մարդկանց ու իրադարձությունների հետ:

17 տարեկանում  «Կեսար եւ Կլեոպատրա» էի բեմադրել Եգիպտոսում՝ Կահիրեի օպերային թատրոնում: Միաժամանակ խաղում էի իմ բեմադրության մեջ: Բեմադրում էի, որպեսզի ինքս էլ խաղամ, որովհետեւ, բացի ինձնից, ուրիշ ո՞վ պիտի ինձ դեր տար:

Եգիպտացի շատ տաղանդավոր դերասան Կամիլ Ռաթիփին մայրս պատահաբար հանդիպեց Կահիրեում: Ռաթիփը  նույնքան հայտնի էր, որքան Օմար Շարիֆը  եւ  երիտասարդ տարիներին մորս հետ նույն բեմում էր խաղացել: Մայրս հրավիրեց նրան իմ ներկայացման պրեմիերային: Նա խոստացավ գալ, բայց մնալ միայն առաջին գործողությանը, որովհետեւ պետք է հանդիպման շտապեր: Ինձ համար մեծ պատիվ էր, որ Ռաթիփը թեկուզ միայն ներկայացմանս առաջին մասին  ներկա էր  լինելու եւ հայերենով դիտելու էր Բերնարդ Շոուի պիեսը:

Եկավ, ընդմիջմանը շնորհավորեց ինձ. «Դու պատրաստի դերասան ես, դերասանական կրթության կարիք չունես, բայց վատ չի լինի, եթե այդ կրթությունը ստանաս»:

Կարծեցի ուղղակի հաճոյախոսություն էր: Բայց երբ ներկայացման 5-րդ գործողության ավարտին նրան տեսա, հասկացա, որ իրական գնահատական էր տվել ինձ: Ուրեմն ներկայացումս ու խաղս հետաքրքրել էին նրան, այլապես, ինչպես պայմանավորվել էինք, պետք է առաջին մասից հետո գնացած լիներ: Այդ օրը ես վճռեցի, որ դերասան եմ դառնալու:

Եգիպտոսում ես հայկական միջավայրում եմ

1952 թվականին Եգիպտոսում տեղի ունեցավ ռազմական հեղափոխություն, երկիրը միապետությունից դարձավ հանրապետություն, Աբդել Նասերը 1956-ին Սուեզի ջրանցքը ազգայնացրեց, 3-րդ համաշխարհայինն էր կարծես սկիզբ առնում, բայց Գերմանիան ու Ռուսատանը կանխեցին այն: Նասերը 48 ժամ տվեց բոլոր ֆրանսիացիներին, գերմանացիներին ու անգլաիցիներին, որպեսզի Եգիպտոսից հեռանան:

Իմ կյանքի առաջին տասնամյակը ծանր ու դժվար է անցել: Արգելվում էր ճամփորդել անգամ արաբական երկրներ: Փակ էր Եգիպտոսը: 1960-ականներին եգիպտահայ գաղութը արտագաղթեց: 60-ականներին վերջին ներգաղթ եղավ դեպի Հայաստան: Կանադան եւ Ավստրալիան դռները բացեցին ու սկսեցին վիզաներ բաշխել: Եգիպտոսից շատ հայեր արտագաղթեցին Կանադա եւ Ավստրալիա: Ֆրանսիա գնալը անհնար էր թվում, մանավանդ աշխատանքի իրավունքով այնտեղ գտնվելը չափազանց դժվար էր:

Ես կարողացա գնալ Ֆրանսիա

1990-ականների մութ ու ցուրտ տարիներին էլ եմ եկել Հայաստան: Հարություն Խաչատրյանը ֆիլմ էր նկարել, ուզում էր, որ թարգմանությունը ես կարդամ:  Ֆիլմի առիթով եկա Հայաստան:

Բայց հետո եկա, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արարողությունները վարեցի:

Հայաստանը մեջս

Փարիզում, Լոնդոնում սովորելու գումար ծնողներս չունեին: Մելգոնյան վարժարանը դեռ չէի ավարտել.  ուսուցիչներիցս մեկը՝ Մանուել Քյոսայանը, ասաց՝ ինչո՞ւ Հայաստան չես գնում՝ Թատերական ինստիտուտ, ռուսական շկոլա, Ստանիսլավսկի: Ամբողջ աշխարհն է նրան հարգում, իսկ ինստիտուտի դիպլումը նույնիսկ ԱՄՆ-ն է ընդունում:

Հավելեց՝  կրթությունն էլ ձրի է, ոչ միայն փող չես վճարելու, այլեւ պետությունն է քեզ թոշակ տալու:

Ու եկա Հայաստան: Իհարկե, չեմ  զղջում: Հետագայում, երբ մեծ  քաղաքներում ստացածս կրթությունը եւ մասնագիտական ունակություններս համեմատեցի օտար դերասանների հետ, համոզվեցի, որ հայաստանյան կրթությունը ոչնչով չի զիջում, դեռ մի բան էլ ավելի:

Այդպես, Հայաստանը մեջս է մինչեւ հիմա…

(Շար. նախորդ համարից եւ վերջ)

ՆԱԻՐ ՅԱՆ