Իմաստաբանական բառարան

45

Համբերության չափման միավորը

Հայերենը մեզ թույլ է տալիս կյանքում եղած ամեն ինչը չափել հայկական ավանդականով, եւ հրաժարվել միջազգային չափման համակարգերից, այդ թվում՝ մետրիկ համակարգից: Հայերենով անգամ սիրահարվածության աստիճանն է չափելի: Կարելի է չափել նաեւ ատելությունն ու զզվանքը, հավատքն ու մտածողությունը, ամեն ինչը:  Անչափելի է միայն հայրենիքի նկատմամբ սերը:

Կասկածելու չափման միավորի մասին գաղափար չունեմ, բայց չկասկածելունը՝ մազաչափն  է:

Ծնողի նկատմամբ երեխայի սերը չափելի է ամպի տարողությամբ ու մեծությամբ: Մարդը կարող է սիրահարվել, ասենք՝ մինչեւ ականջները կամ կոկորդը, կամ էլ մինչեւ «գոտկատեղը»: Մարդու գիտակցության ու մտածողության չափը հաճախ լինում է պլենդուսի (շրիշակ) մակարդակի: Տեսողությունն էլ է հայկական ավանդականով չափվում. ոմանց տեսնելու եւ նկատելու հատկությունը չի անցնում անգամ քթի ծայրից այն կողմ: Հայի համար վիրավորվելու սահմանն ուղիղ համեմատական է սրտի խորքի ծավալի  հետ: Դե խելքի չափի միավորն էլ հավն է՝ իր խելքով:

Մարդու սրամտությունն էլ, համարձակությունն ու  կամակորությունն էլ չափելի են հայկական չափման համակարգերով: Անչափելի է միայն, հայրենիքի նկատմամբ սերը: 

Կարելի է նաեւ տոկոսային հարաբերությունները ճշգրտել հայկական ավանդական համակարգով: Երբ ասում ենք՝ էշը կերել, պոչն է թողել, նշանակում է գործը կատարվել է ընդամենը 90 տոկոսով: Իսկ վարդապետի խազը, հարյուրտոկոսանոց արդյունք է:

Այո, Հայրենիքի նկատմամբ սիրուց բացի մեզանում ամեն ինչ չափելի է, այդ թվում՝  համբերությունը, որը   ճշգրտվում է բաժակը բերնեբերան լցված լինելով:

Եւ արդյո՞ք այդ  բաժակը  լցված չէ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ