Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Երեւանի «Կապիտալ» հյուրանոցում մեկնարկել ու ընթանում է «Ժողովրդավարություն, խոսքի ազատություն, երիտասարդություն եւ կամավորություն» խորագրով 10-օրյա թրեյնինգ-սեմինարը: Այս օրերի ընթացքում ծրագրին մասնակցող երիտասարդները (նրանցից 8-ն, ի դեպ, Գերմանիայից են) Հայաստանի տարբեր բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների կամ բաժինների դասախոսների, ոլորտում աշխատող արհեստավարժ լրագրող-խմբագիրների ու այլ մասնագետների դասախոսություններն են լսում, գիտելիք ստանում, նրանց փորձին ծանոթանում: Դասախոսություններից զատ նույն հարկի տակ ապրող երիտասարդները նաեւ ճանաչողական այցերի են մեկնում, հայկական երգ ու պար սովորում, գերմանացի երիտասարդները հայերին, իսկ հայերը գերմանացիներին իրենց երկրի խոհանոցի հետ են ծանոթացնում եւ այլն:
Արփինե Վեքիլյանը, որ Հայ-ռուսական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է, ամփոփելով սեմինար-թրեյնինգի մեկ շաբաթն ասում է, թե բոլոր այն սպասելիքները, որ ունեին մինչեւ սեմինարի մեկնարկը, միանշանակ՝ արդարցվել են:
«Այս օրերին լսած դասախոսություններս բավական հետաքրքրական են եղել: Հատկապես հոգեբանության դասախոսությունն եմ հավանել, որի ժամանակ ինքներս հատուկ սխեմա ենք գծել ու պարզել, թե անհատի որ տեսակին ենք պատկանում: Կարեւորում եմ նաեւ սեմինարի շրջանակներում հայտարարված լավագույն նյութերը տպագրելու մրցույթը: Հետեւաբար ամեն բան պետք է անեմ, որ ժյուրին նաեւ իմ գրածին հավանություն տա, ու իմ անունը նույնպես «Ազգ» թերթում հայտնվի»,- ասում է Արփինեն:
Դայանա Խոդերյանը նույնպես Հայ-սլավոնական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է: «Նոր գիտելիքներ, նոր ծանոթյուններ, նոր էմոցիաներ.այսպես կամփոփեի մեր մեկ շաբաթվա առօրյան: Մեծ փորձ ունեցող դասախոսներն իրենց գիտելիքներն են փոխանցել, ոլորտի նրբերանգներին ծանոթացրել, ինչը սկսնակ լրագրողի համար շատ կարեւոր է: Անչափ ուրախ եմ, որ այս սեմինարին նաեւ գերմանացի կամավորներն ու ուսանողներն են մասնակցում, ու շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես են նրանք ժպիտով ու երջանկությամբ հայկական պարեր սովորում: Դա նշանակում է, որ նրանց հետաքրքրում է մեր մշակույթն ու կենցաղը, եւ, հուսանք, որ Գերմանիա վերադառնալուն պես իրենց շրջապատում կպատմեն հայերի ու Հայաստանի մասին»,- նշում է նա:
Աննա Շորերնն արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է: Այստեղ նա կամավորություն է անում, ու մոտ 7-8 ամիս էլ մնալու է այստեղ: Այս ամիսների ընթացքում հայերեն բառեր, արտահայտություններ, իհրակե, սովորել է՝ «բարեւ ձեզ», «ո՞նց եք», «լավ եմ», «ո՞րն է քո սիրած գույնը» եւ այլն: Գերմանուհին մինչեւ սեմինարին մասնակցելը լրագրությանն այդքան էլ ծանոթ չի եղել, իսկ թրեյնինգը լավ առիթ է ոլորտի հետ առնչվելու համար: Հայկական պարեր սովորելու մասին էլ ասում է, որ այն իրականում հեշտ չէ, բայց, միաժամանակ, հավելում՝ շարժումներն են հետաքրքրական:
Ալյոշա Հարթման դասախոսությունների մասով երկու կարեւոր բան է առանձնացրել. դրանցից առաջինը կլիմայի փոփոխությունների ազդեցության մասին լրատվական դաշտում տեղ գտնող նորություններն են: «Երկրորդն այն է, որ սովորեցի մտածել, թե ինչպես կարելի է գրել տպագիր մամուլի համար: Քանի որ ռադիոյում եմ աշխատում, ռադիոյի լեզվին ու ոճին տիրապետում եմ: Հուսամ, այժմ նաեւ թերթի համար գրել էլ կսովորեմ»,- ասում է սեմինարի շրջանակներում Գերմանիայից Հայաստան ժամանած Ալյոշան: Ինչ վերաբերում է հայկական պարերին, ապա նշում է, որ դժվարանում է դրանք սովորել, քանի որ շարժումներն այդքան էլ հեշտ չեն:
Սեմինարի մասնակիցներից է նաեւ գործող լրագրող, «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակի լրագրող Սոնա Խլոպուզյանը: Անցնող մեկ տարվա ընթացքում նմանատիպ դասընթացների մասին հայտարարությունների չի հանդիպել, հետեւաբար այս հնարավորությունը որոշել է ոչ մի դեպքում բաց չթողնել: «Բնապահպանական լրագրության թեմայով դասախոսությունից, օրինակ, նոր գիտելիքներ ձեռք բերեցի: Սովորեցի՝ ինչպես ճիշտ լուսանկարներ անել, էլեկտրոնային մի քանի կայքերի անուններ փոխանցեց դասախոսը, որտեղից պետքական ինֆորմացիա կարող եմ քաղել»,- մանրամասնում է Սոնան:
Ժենյա Աբգարյանը Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիո լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող է: Նա նույնպես հատկապես հոգեբանության դասախոսությունն է հավանել, որի ժամանակ դասախոսի հետ մեկտեղ սխեմա են գծել, ու մասնակիցներից յուրաքանչյուրը փորձել է պարզել իր իսկ անհատականությունը:
Միլենա Մաչյանը ցավով է նշում, որ Երեւանի պետական համալսարանի ոչ թե Ժուռնալիստիկայի, այլ Կենսաբանության ֆակուլտետի ուսանող է: Որոշել է փոխել մասնագիտությունն ու լրագրող դառնալ: «Իսկ գիտելիքներ ձեռք բերելու, ոլորտին ավելի մոտիկից ծանոթանալու համար, վստահ է, այս սեմինարը լավ հնարավորություն է: «Կարծում եմ՝ 21-րդ դարում կարեւոր է ոչ թե այն, թե ինչ կրթություն ես ստացել, այլ թե ինչ գիտելիքներ ու հմտություններ ունես: «Ազգ» թերթի խմբագիրն օրինակ հետաքննական լրագրության մասին էր խոսում, ինչը լսելով՝ հասկացա, որ դա հենց այն է, ինչով ապագայում ուզում եմ զբաղվել»,- ասում է լրագրող դառնալ ցանկացող Միլենան:
Մարիետա Միքայելյանը Բրյուսովի անվան պետական համալսարանի Լրագրության բաժնի ուսանող է: Նրան հատկապես բնապահպանական լրագրության մասին դասախոսությունն ու սեմինարի՝ պարեր սովորել հատվածն են դուր եկել:
Հայաստանում Ֆրանսիական քոլեջի Մարքեթինգի ֆակուլտետի ուսանող, սեմինարի մասնակից Մովսես Զոլտմանն ուսանելուն զուգահեռ նաեւ կամավորություն է անում: Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական Շտաբ-Կամավորական աշխատանքների ծառայության միջնորդությամբ՝ կամավորական մի քանի ծրագրերի է մասնակցել թե՛ Հայաստանում, թե՛Հայաստանից դուրս՝ Գերմանիայում: Ինչ վերաբերում է սեմինարին, ապա Մովսեսը վստահեցնում է, որ դրա կազմակերպիչներն ու դասախոսները անում են հնարավորը դասախոսություններն ինտերակտիվ, ընդհանուր մթնոլորտն ու միջավայրն էլ դրական, չձանձրացնող դարձնելու համար:
Կամավորական աշխատանքներով հետաքրքված է նաեւ Հայ-ռուսական համալսարանի Լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող (44-օրյա պատերազմի մասնկից է) Արթուր Ջուլհակյանը: Երկու անգամ Գերմանիայում է սեմինարի մասնացել, առաջիկայում էլ Իսպանիա կմեկնի՝ նորից կամավորության թեմայի հետ կապված սեմինարի մասնակցելու: Թրեյնիգի մասին էլ ասում է, որ հատկապես հոգեբանության մասին ու «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարդացած դասախոսություններն է հավանել:
Սեմինարի մասնակիցների հետ ամենօրյա շփման մեջ գտնվող, սեմինարի դասընթացավար Աննա Բարիկյանը, որ Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչության անդամ է, շեշտում է՝ երիտասարդների ստացած գիտելիքները ոչ ֆորմալ դասընթացների, խաղերի միջոցով են փորձում ամրապնդել: «Օրինակ՝ մերձեցնող խաղեր ենք կազմակերպում, որ երիտասարդներն ավելի հեշտությամբ ինտեգրվեն մեկը մյուսին: Ու կեցցեն մեր հայ ուսանողները, որ միանգամից ընկերացան գերմանացի երիտասարդների հետ ու օգնեցին նրանց ինտեգրվելու մեր միջավայրին»,- նշում է մեր զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ