Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Գիտության զարգացման համար

Հանրային քննարկման է դրվել «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը եւ չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ստորեւ ներկայացնում եմ այդ փաստաթղթից հատված: 

– Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, ՀՀ-ում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում եւ (կամ) բուհերում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, որոնք ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, եւ այլեւս ընդգրկված չեն ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում,- գրված է փաստաթղթում:

Բնականոն հարց է առաջանում. ինչո՞ւ հատկապես 70 տարին լրացած, կամ «վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար» արտահայտության իրականացման դեպքում ՀՀ-ի քանի գիտնական հնարավորություն կունենա օգտվելու այդ որոշումից: ՀՀ-ում գոյություն ունեն գիտական հիմնարկներ, որոնց աշխատակիցները հավելավճար չեն ստանում: Մտորելու տեղիք է տալիս:

Առաջարկությունս կայանում է հետեւյալում:  30 տարվա ստաժը դարձնել 25 տարի: 65 տարին լրացած գիտնականներին, որոնք գիտության տվյալ բնագավառում հասել են լուրջ հաջողությունների, տալ հավելավճար: Այստեղ բնական է եւ անհրաժեշտ է հաշվի առնել գիտնականի հրատարակած հոդվածները,գրքերը,մենագրությունները եւ այլն: Այս հարցում հավասարություն լինել չի կարող: Որոշման հիմնական նպատակն է գիտության զարգացումը  մեր երկրում:Այն պետք է խթան հանդիսանա  երիտասարդների համար ակտիվ գիտական աշխատանք կատարելու:

Մի խոսքով, անհրաժեշտ է համակողմանի քննարկել որոշումը,որպեսզի վաղը չկանգնենք ավելի դժվարին խնդիրներ լուծելու ճանապարհին:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր