«Մեր զորքերի, ռազմաքաղաքական մեր ղեկավարությունը, բոլոր ռազմական օբյեկտները, բոլորը տոտալ վերահսկողության տակ էին գտնվում: Հակառակորդը, առանց խոչընդոտի, մշտապես վերահսկողություն է ունեցել մեր պատրաստության, զորքերի տեղաբաշխման նկատմամբ»,- ասում է հրետանային բրիգադի նախկին հրամանատար, Արցախի նախագահի ռազմական բարեփոխումների մասով նախկին խորհրդական Գրիգորի Սահակյանը:
Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակը 2020-ից հետո պետք է անցկացներ ստորաբաժանումների ներդաշնակեցման գործընթաց, ինչի ամենակարեւոր փուլը մարտավարական զորավարժությունների անցկացումն է: «Մենք դա անել չէինք կարողանում, դա արձագանք էր ստանում հակառակորդի կողմից, ընդ որում, արգելք էր դրվում նաեւ խաղաղապահ ուժերի ղեկավարների կողմից»,- նշում է Սահակյանը
Եթե մինչեւ 2020-ը, մանրամասնում է բանախոսը, Արցախն ուներ մարտունակ, դիմակայող բանակ, 2020-ից հետո արդեն նման պատրաստվածություն ապահովել չէր կարողանում:
«Մեզ պետք էին օդային պաշտպանության միջոցներ: Բայց լուրջ համակարգեր չէինք կարողանում բերել: Երկար քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ պետք է ստեղծել ռազմարդյունաբերական համակարգ, որը ունակ է գոնե տեղային մակարդակում հարցեր լուծել: Փորձեցինք փոքր տրամաչափի զենքերի, հակառակորդի զենքերին հակազդման միջոցներ սարքել, եւ, բարեբախտաբար, հաջողեցինք: Ցավն այն էր, որ Արցախում չկար համակարգային մոտեցում այդ հարցին: Կար քաղաքական եւ ռազմական ղեկավարություն, որոնց մոտեցումները երբեմն իրար չէին համընկնում: Պատճառները շատ են: Մենք չենք ունեցել կարգ, կանոն, հերթականություն գործողությունների, ով ինչ ոլորտի համար է պատասխանատու, որպեսզի չեզոքացնեինք անվտանգային համակարգի ճեղքման ուղղությունները: Եվ քանի որ Արցախում մեզ չէր հաջողվել ռազմարդյունաբերություն ունենալ, դրա համար էլ անվտանգային համակարգը շատ անկայուն էր»,- ընդգծում է հրետանավորը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ