Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Արցախի անվտանգային համակարգն անկայուն էր. ռազմարդյունաբերություն չկար

«Մեր զորքերի, ռազմաքաղաքական մեր ղեկավարությունը, բոլոր ռազմական օբյեկտները, բոլորը տոտալ վերահսկողության տակ էին գտնվում:  Հակառակորդը, առանց խոչընդոտի, մշտապես վերահսկողություն է ունեցել մեր պատրաստության, զորքերի տեղաբաշխման նկատմամբ»,- ասում է հրետանային բրիգադի նախկին հրամանատար, Արցախի նախագահի ռազմական բարեփոխումների մասով  նախկին խորհրդական Գրիգորի Սահակյանը:

Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակը 2020-ից հետո պետք է անցկացներ ստորաբաժանումների ներդաշնակեցման գործընթաց, ինչի ամենակարեւոր փուլը մարտավարական զորավարժությունների անցկացումն է:  «Մենք դա անել չէինք կարողանում, դա արձագանք էր ստանում հակառակորդի կողմից, ընդ որում, արգելք էր դրվում նաեւ խաղաղապահ ուժերի ղեկավարների կողմից»,- նշում է Սահակյանը
Եթե մինչեւ 2020-ը, մանրամասնում է բանախոսը, Արցախն ուներ մարտունակ, դիմակայող բանակ, 2020-ից հետո արդեն նման պատրաստվածություն ապահովել չէր կարողանում:

«Մեզ պետք էին օդային պաշտպանության միջոցներ:  Բայց լուրջ համակարգեր չէինք կարողանում բերել:  Երկար քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ պետք է ստեղծել ռազմարդյունաբերական համակարգ, որը ունակ է գոնե տեղային մակարդակում հարցեր լուծել:  Փորձեցինք փոքր տրամաչափի զենքերի, հակառակորդի զենքերին հակազդման միջոցներ սարքել, եւ, բարեբախտաբար, հաջողեցինք:  Ցավն այն էր, որ Արցախում չկար համակարգային մոտեցում այդ հարցին:  Կար քաղաքական եւ ռազմական ղեկավարություն, որոնց մոտեցումները երբեմն իրար չէին համընկնում:  Պատճառները շատ են:  Մենք չենք ունեցել կարգ, կանոն, հերթականություն գործողությունների, ով ինչ ոլորտի համար է պատասխանատու, որպեսզի չեզոքացնեինք անվտանգային համակարգի ճեղքման ուղղությունները:  Եվ քանի որ Արցախում մեզ չէր հաջողվել ռազմարդյունաբերություն ունենալ, դրա համար էլ անվտանգային համակարգը շատ անկայուն էր»,- ընդգծում է հրետանավորը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ