Մենք կարող էինք Վարդևանյանին չընտրել. երկրորդ անգամ թեկնածու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին. Մանավազյան

ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իրենց ուժի որևէ պատգամավորի չեն պարտադրել, ճնշում չեն գործադրել ԱԺ փոխնախագահի քվեարկության ժամանակ ձայն տալ Արամ Վարդևանյանին։
«Պարտադրանք չի, դա որոշում է, խմբակցության որոշում»,- ասաց նա։
Մանավազյանը միաժամանակ հրաժարվեց անուններ հնչեցնել, թե հատկապես ո՞ր 13 ՔՊ-ական պարտագամովրներն են քվե տվել Արամ Վարդևանյանին։
«Անձն ի՞նչ կարևոր է, երբ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար թվով ձայներ ապահովվել։ Իրենք մեր թեկնածուներին կողմ ձայն չեն տվել։ Ամեն դեպքում որոշում ունենք չտապալել ընտրությունը՝ թեև համաձայն չեմ, որ դա մեր պարտավորությունն է։
Մենք կարող էինք չընտրել. երկրորդ անգամ թեկնածու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին, կանցնեինք հարցերի օրակարգին, և որևէ բան տեղի չէր ունենա։ Պարտավոր չէինք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս քայլին գնացել են կառուցողական դաշտում աշխատելու և Սահմանադրությունը հարգելու պատճառով։
