«Արեւ խաղա իմ երեսին»

74

Բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի «Գեղջկական նոր տաղիկներ» գրքի շնորհանդեսի մի յուրօրինակ տարբերակ մատուցվեց հունիսի 29-ին, Կամերային երաժշտության տանը: «Տաղարան» համույթը պոեզիայի մեղեդին ու մեղեդու պոեզիան միաժամանակ գնահատող արվեստասերների համար մի անկրկնելի երեկո նվիրեցին: Բանաստեղծուհու՝ գեղջկական տաղիկների հիմքով գրված բանաստեղծությունների խոսքերով եւ ժողովրդական զուլալ երաժշտությունը դասականի մակարդակով ներկայացնող- Հասմիկի բանաստեղծություններով ներշնչված «Տաղարանի» նոր ստեղծագործություններով հավաքված համերգ-ներկայացումը հրաշալի էր ե՛ւ բովանդակությամբ, ե՛ւ բարձրարվեստ կատարումներով, ե՛ւ հայկական մեղեդու լավագույն նմուշների ոգին փոխանցելու առումով: Ահա այն, ինչ պետք է մատուցել հայերիս՝ ունեցածը չմոռանալու համար, եւ օտարին՝ մեր արվեստի մասին ճիշտ պատկերացում ունենալու համար: Այդպես էի մտածում ողջ շաբաթ, սակայն, համացանցային անդրադարձերից զատ չնկատեցի ԶԼՄ-ների ուշադրությունն իրոք բարձրարվեստ համերգ-ներկայացման հանդեպ: Այդ պատճառով որոշեցի անդրադառնալ՝ միգուցե մշակույթի նախարարությունը վերջապես նկատի առանց իր մասնակցության ստեղծված մշակույթի այս բարձր նմուշը եւ պատրաստի ներկայացման հետագա հանրայնացմանն ի վերջո նպաստի: Այլապես՝ մեր առօրյան շատ է տոլերանտ արդեն ցածրաճաշակ եւ անգամ օտար մեղեդու հանդեպ, մինչդեռ կոմիտասյան շնչով ստեղծված մեղեդիների, երգ-խաղիկների, կատակերգերի ամբողջությունը, որով հագեցած է նոր աշխատանքը, մեր ինքնության երեւակիչ է:

Համերգային ծրագիրը կոչվում էր «ԱՐԵՎ ԽԱՂԱ ԻՄ ԵՐԵՍԻՆ»: «Գեղջկական նոր տաղիկներ» գիրք-երգարանը երկու հեղինակների՝ բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի եւ կոմպոզիտոր, դաշնակահար, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանի ստեղծագործական համագործակցության արդյունքն է:

Սիրերգեր, աշխատանքային, հայրենասիրական, պանդխտության երգեր՝ ամենը, որ հատուկ է հայ ավանդական երգարվեստին, բոլորը կա այս գրքում.բայց նո՛ր, մինչ այս եղած — լսածից տարբեր, նո՛ր հունչով: Այս գիրքը յուրահատուկ տուրք է հայոց մշակույթի արմատներին: Այդպիսով երկու հեղինակների ստեղծած երգարանը հիմք էր դարձել համերգ-ներկայացման համար, որտեղ համույթի հիանալի երգիչներն ու երաժիշտները տաղիկները հասցրին կամերային տան լեփ-լեցուն դահլիճի ընտիր հասարակությանը այնքան համահունչ ու ներդաշնակ, ինչպես որ երկու հեղինակների խոսքն ու մեղեդին են ներդաշնակ, միահյուսված: Տեսեք՝ ինչ սիրուն է.

Աստղը՝ դարձ-դարձ, երկնային բարձ,

մեջ քո աչուկ՝ քաղցր երազ,

քո վարսերը՝ կողքի փռված,

ալիք-ալիք՝ անծայր ծովակ:

Սարսուռ գիշեր, կլոր լուսնյակ,

տաքուկ շնչիկ, բրդե վերմակ,

չըլնի հանկարծ, որ վեր կենաս,

մինչեւ շաքար շուրթդ չտաս…

Նույնքան սիրուն էր Երկանյանի ստեղծած մեղեդին:

Ժողովրդական բանահյուսության մոտիվներով է Հասմիկ Սարգսյանը (որը վերջերս դարձել է նաեւ մեր թերթի ակտիվ հեղինակներից) ստեղծել գեղջկական տաղիկները՝ վայոցձորյան, Տալվորիկի, Սասնա, ապարանյան զուգերգ-խմբերգեր, կատակերգեր, որտեղ բնության եւ մարդու ներդաշն համագոյությունն է: Այս զուլալ տաղիկներին Սեդրակ Երկանյանը նույնքան զուլալ, կոմիտասյան շնչով հագեցած եւ հայոց ազգային երաժշտական լավագույն ավանդույթների ոգով, մի քիչ էլ դասական երանգավորմամբ մեղեդային հագուստներ է հագցրել: Այս ներկայացումն այն աստիճան է հագեցած հայոց մեղեդու ու ժողովրդական բառուբանի կենդանի պատկերներով, այն աստիճան է արթնացնում մեր ներսի քնած, մեղեդային, պոետիկ, ազնիվ, մաքրամաքուր ակունքայնությունը, հայկականությունը, այնքան գեղեցիկ է մեղեդու եւ խոսքի բեմական հանդիպումը, որ անխճություն է այս ներկայացումը թողնել կենտ ելույթի ճակատագրին: Այն պետք է պտտել Հայաստանով ու Սփյուռքով՝ այնքան որ հարուստ երանգապնակ ունի այս համերգը, այնքան որ միատեղ նկարագիր ու բնութագիր է համադրել: Հեղինակների ջանքը ստեղծել է հայ արվեստի կուտակում, որն ափսոս է չհանրայնացնելը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ