RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Երբ հույսդ դնում ես տուրիզմի վրա....

#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



ԱԽՏԱՃԱՆԱՉՈՒՄ

Տեղադրվել է` 2020-03-05 23:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2098, Տպվել է` 247, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՐ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ...

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ

Առերեսվելով պատմական, դիալեկտիկական, հոգեբանական, բարոյական, կենսաբանական օրինաչափությունների հետՙ Թումանյանը գրում է. «Պարզ հասկանալու համար երեւույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ: Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում, փչանում: Էդպես է բնության օրենքը»:

Ա՜խ այս Թումանյանը... Ամենախորը, ամենաբարդ ու անլուծելի թվացող խնդիրը նա հավաքում է իր տաք ափի մեջՙ սահմանելով ու ներկայացնելով մի տողով, մի նախադասությամբՙ քաղաքականության, հոգեբանության, բնության, ազգայինի, համամարդկայինի տեսանկյուններից միաժամանակ: Սա նրա հանճարի ամենապարզ ու ամենահամեստ կողմն է... այդ հանճարն ունի ավելի շենշող ու շռայլ ձեւեր էլ:

Հասարակ վարունգի թուփը ոտի տակ ընկնելիս վարունգը դառնանում է, եւ նրա պտուղը չի ուտվում, ասում է Թումանյանը: Այդ պատճառով «ձեզ չեն թույլ տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք»,- իր միտքը վարունգի մասին ավարտում է նա:

Այդ դեպքում ինչպե՞ս պատահեց, որ մեր բարեկամ ժողովուրդները, մեր սեփական երկրի տերերն ու «ջոջերը» թողեցին, որ «ոտի տակ անեն» մեզ, այսքան դառնացնեն ու չարացնեն մերՙ Նարեկացի երկնած հոգին, չէ՞ որ դրանից «դառնանում ու դաժանանում է եւ մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է եւ՛ աչքերում, եւ՛ դեմքին, եւ՛ խոսքերում, եւ՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում դառն ու դաժան»,- գրում է Թումանյանը: Նրա տողերի արանքից ասես գալարվելով վեր է բարձրանում, ոչ չար, այլ չարացած մարդասերի ներսում մոլեգնող հիդրան ու մռնչումՙ ի՞նչ է, մենք վարունգի թփի չափ էլ չկայի՞նք: Հետո հավաքելով իրՙ դարերով կաղնիացած բարությունն ու իմաստնությունըՙ կրկին խաղաղվում է, ափսոսում, հառաչում մինչ այսօր լսելի հառաչանքով...

Հայ ժողովրդի «ոտատակ լինելու» դժբախտությունը չի տեւել տասը տարի, մեկ դար կամ մի քանի դար, դա եղել է հազարամյակների երկար, դանդաղ, համառ ու... ցավոտ, ցավոտ, շատ ցավոտ ճանապարհ, նա ապրել է թիվ ու թվական չունեցող մի անվերջանալի սպանդ, որի արձագանքը կորել ու խլացել է ինչ-որ տեղ Հայոց Մեծ Եղեռնի անթիվ, անհամար ցավերի ու մրմուռի, կորուստների ու մահերի, ողբի ու հառաչանքների մեջ:

Այո, չենք մեռել, հետեւաբար եղել է մյուս օրինաչափությունը. չվարանենք քաջ լինել ու խոստովանելՙ «դառնացել ենք, չարացել, փչացել»... ինչպես ասում է Թումանյանը: Մեր թշնամիները, բարեկամ-թշնամիները, կիսատ բարեկամները համառությամբ ջանացել ու պայքարել են ոչնչացնել մեր առաքինի, առողջ, լայնախոհ, մարդասեր, ազատասեր, տիեզերական ոգուՙ աստվածընծա, աշխարհում նմանը չունեցող ազնիվ ժառանգականության բջիջները: Նրանք նպատակ են դրել, ծրագրել, ուխտել են սպանել, բնաջնջել մեզ, իսկ եթե բան է, չհաջողվի, գոնե հիվանդացնել, խեղել, թուլացնել, ախտահարել մեր գենի կենսական առողջությունը, վիրավորել, տկարացնել նրա հանճարըՙ տիրելով, ստրկացնելով, սովի մատնելով, տեղահան անելով, գետնելով, սպանելով, սպանելով ու սպանելով... Եվ ի՞նչ կա զարմանալու, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, հաջողվել է թշնամուն: Տեւական, ցիկլիկ գործողությունները ժամանակ անց ի վերջո հանգեցրել են գլոբալ փոփոխությունների: Ու տեղի է ունեցել մի ծպտված ողբերգություն. նրանք դառնացրել ու չարացրել են մեզ ոչ միայն իրենց դեմ, այլ նաեւ մեր դեմ: Մեզ մեր դեմ...

Իսկ մենք հարցնում ենքՙ ինչո՞ւ հայերը չեն սիրում միմյանց...

Ցավալի է, բայց մեր ժողովուրդն օժտված է բազմաթիվ բարդույթներով: Նենգ ու ոխակալ, թաքուն ու բացահայտ թշնամու դեմ մեր հազարամյակների պայքարում կրած պարտությունները, պատմական ճակատագիրը մեր հոգեկերտվածքում ծնել են Ցեղասպանություն վերապրածի, տեղահան արվածի, տնավերի, պանդուխտի, հալածվածի ու արհամարհվածի բարդույթները: Դրանք ամենածանրերն են: Այս խաչը հեշտ չի տանել, դա զգում է մեզանից ամեն մեկը: Եվ մեր ժողովրդին քննադատելուց առաջ Հիպոկրատի խիղճ ունենաք ու չվնասենք առանց այդ էլ վնասվածը...

Վիրավորվածություն: Գիտե՞ս, սիրելի ընթերցող, թե ինչ ավերածութուններ է արել իմ ու քո մեջ վիրավորվածի բարդույթը: Դ.Դեմիրճյանը բանաստեղծականությամբ շնչող տողեր ունի պատմական անարդարությունից ծնված մեր խորը վիրավորվածության մասին, որ անջնջելի հետք է թողել մեր հոգումՙ կարծրանալով ու վերածվելով «մաղձի», բայց ոչ «գծուծ ատելության». «Ինձ թվում է, թե շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքում թաքնված, եւ դա այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թեւերը կոտրում: Կերակուր ես մեկնում, չի ուզում: Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք եւ ազատություն: Մաղձոտ է, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են միակ պայմանիցՙ ազատությունից»,- գրում է Դեմիրճյանը:

Իսկապես, ի՞նչ է կատարվում ազատասեր մարդու, ժողովրդի հետ, որին զրկել են ազատությունից: Դ.Դեմիրճյանի բնութագրի խորությունն ու խտությունը թումանյանական չափուկշիռ ունի, եւ դժվար է որոշել, թե որ կողմով խորանաս, որ չխորտակվես... «Լեռներից ցած բերված արծվի վիրավորանքով» ապրող, «տառապանք ու ազատություն գերադասող ժողովուրդ»... այս մտքերը շատ են հանճարեղ ու տարողունակ. դրանց մեջ բոլորիս սրտի բաբախը կա, բոլորիս, ով չի կորցրել հիշողության ամենազգայուն երակըՙ պատմական հիշողությունը:

Վ.Տերյանի «Մի՛ խառնեք մեզ» բանաստեղծության մեջ մեր վիրավորանքի խորությունը մի ուրիշ խորք էլ ունի. Տերյանի արծիվը ոչ թե գերի է, այլ գերված... ու այս նրբիմաստը ցավին հաղորդում է նաեւ հայ լինելու հպարտության վայելքը:

Ամենաանդառնալի ավերածությունների պատճառ է անզորության գիտակցության բարդույթը: Պատմության դառը դասերը մեզ համակերպել են մեր անզորության հետ, օտարների գերիշխանությունը, ուժը ընդունելու հետ: Իսկ հետո տրանսֆորմացվելովՙ փոխակերպվել ավելի խորը բարդույթի:

Մեր ամենախորթ ու անբնական բարդույթը հավանաբար ոչ միայն օտարից, այլ նաեւ յուրայինից վախ, վտանգ զգալու բարդույթն է: Օտարներն այնքան շատ են վտանգել մեր կյանքը, պահել մահվան ու սարսափի վտանգի մեջ, որ այդ վախը տրանսֆորմացվել էՙ վերածվելով յուրայինի հանդեպ վախի բարդույթի: Այդ պատճառով էլ նա նույնքան զգուշավոր, կասկածամիտ ու նախահարձակ է նաեւ յուրայինի հարցում: Դրանից սերվում է մեկ այլ չարիքՙ մեզ իրեն ենթարկող ուժեղի հանդեպ սեփական անզորության վրեժը ամենաթույլից ու անպաշտպանից (որը հաճախ նույնանում է յուրայինի հետ) լուծելու բարդույթը: Դա մեր պատմության դառը դասերի ամենադառը պտուղն է, ամենավտանգավոր բացիլը, որ ուտում է մեզ ներսից: Թումանյանի մարգարեությունը կանխազգացել է դա. «Էս տեսակ կյանքը կունենա, այո, շատ բան, եւ՛ «հառաջադիմություն», եւ՛«կուլտուրա», եւ՛ «մամուլ», եւ՛ «գրականություն», եւ՛ «դպրոց», եւ՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտղի նման են, եւ տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի: Էդ տեսակ կյանքը կտա եւ տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դառնացած»:

Դառն ու դառնացած մարդիկ մի օր պիտի ատեն իրար, զենք բարձրացնեն իրար վրա կամ իրար հասցնեն ինքնասպանության: Ուժեղ, հզոր ու անպարտ զգալու պակասից ծնված բարդույթը իր մութ ու սեւ գործը պիտի անի... պիտի փնտրի ու գտնի թույլիՙ թեկուզ յուրայինների մեջ, պիտի ինքնահաստատվի, ինքնարտահայտվի, սպառի, պարպի իր մեջ կուտակվածը... Ու սպառում է, պարպում է անսովոր տեղերում... առաջապահ դիրքերում, զորամասերում, գյուղերի, քաղաքների ետնախորշերում...

Հայոց աշխարհի ամենաանառիկ ամրոցների դռները բացվել են ներսից: Գոյության կռիվը նաեւ այդպիսի թանկ զոհողություներ է պահանջել, եւ դա իր գիշատչի փորձով գլխի է ընկել անգամ գլուխ, բայց ոչ ուղեղ ունեցող թշնամին: Ու եթե «փչացել ենք», ինչպես կասեր մեծ լոռեցին, ապա փչացել ենք հենց այդպես: «Արդ, եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք եւ՛ մեր սրտերում, եւ՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը: Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետեւեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը: Ուրիշ ճանապարհ չկա, նեսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»,- գրում է Թումանյանը:

Դ. Դեմիրճյանը իրՙ հային տված անաչառ գնահատականների մեջ խոսում է մի ներքին ազնիվ «չարիքի» մասին եւս. խոսքը մեր աստվածաշնչյան ներողամտության մասին է, առաքինություն, որ, սակայն, միշտ հատուցվել է հիշաչարությամբ, դաժանությամբ կամ անտարբերությամբ. «Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհի: Չի ուզում, որ իրեն մոտենան, դիպչեն, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, բարի եւ աշխատասեր»,- գրում է Դեմիրճյանը:

Երբեմն մենք վիրավորվում ենք ինքներս մեզնից, մոլեգնում ու զայրանում մեր անբացատրելի, խեղճուկրակ ներողամտության վրա: Բայց մի բան ճշմարիտ է, ու դա գիտեն բոլորը. ներելը թուլության նշան չէ, դա ամենաուժեղի ամենաուժեղ զենքն է, թույլերը չեն կարող ներել, նրանք պիտի մնան հիշաչար, ատեն ու ներսից քայքայեն իրենց: Ներելը հոգու, մտքի ինքնամաքրման ամենաբնական, ամենազուլալ հեղուկն է, որ ախտահանում է ներսդՙ տեղ պատրաստելով ավելի վեհ ու ավելի բարձր հույզերի, զգացմունքների, մտքերի համար: Այդտեղից է սկիզբ առնում մեր բացառիկությունը, այդտեղից է վեր հառնում մեր ոգեղենության Արարատը...

Աշխարհով մեկ սփռված հայերի սերունդները օտար ափերում սկսեցին գոյատեւման մի նոր, անդուլ, անհավասար կռիվ: Ինչպե՞ս պահեին իրենց ինքնությունը, որ եւ՛ հայ մնային, եւ՛ մարդ, եւ՛ քաղաքացի: Ինչպե՞ս պայքարեին հին ու սրտակեղեք մի բարդույթի դեմ, որ պանդուխտի բարդույթ տխուր անվանումն ունի: Բայց կան նաեւ ապշեցուցիչ օրինակներ, թող որ գրական, բայց նույնքան էլ իրական: Մեր ամենամեծ տարագրիՙ Վիլյամ Սարոյանի հերոսը, որ յաթաղանից մազապուրծ, ամեն ինչ կորցրած հայն է, չի աղավաղում, չի կորցնում իր հայկական ինքնությունը: Հանճարեղ է Սարոյանի «Հայը եւ հայը» պատմվածքը: Այն մի շառաչուն ու կազդուրիչ ապտակ է բոլոր նրանց երեսին, ովքեր հոռետեսորեն են տրամադրված օտար ափերում հայ մարդու տեսակի պահպանման հարցում: «Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես»... Սա հարց չէ, այլ պատմություն, հիշողություն, հավերժություն:

Ու բոլոր թերահավատների, հոռետեսների ու կասկածամիտների համար գրողը հնչեցնում է իրՙ սարոյանական հանճարեղ հարցը. «Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացեքՙ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքըՙ պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսեք կկարողանա՞ք: Իրենց տներից քշեք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները, տեսեքՙ նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք, ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով: Ջանացե՛ք, տեսեք կարողանա՞ք պիտի, շունշանորդինե՛ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց»:

Մենք ունենք ապրելու մի վիթխարի ու անսպառ հզորացուցիչ եւսՙ մեր հումորի հանճարեղ, անզուգական զգացումը: Մենք կարողանում ենք կատակել անգամ մեռել թաղելիս, ուրեմն... «էլ մահը ո՞ւմ շունն է»,- կասեր Համոն:

Մի առիթով Սահակաշվիլին ասել է, որ իրենք իսկապես նախանձում են հայերին. «Հայերին որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով իրենց դուրը չի գալիս, կասեն հայ է: Այդ թվում Վարստանի կեսը, ես նույնպես»: Այս կեսկատակ ասված կարծիքը շատ խորիմաստ է: Վրաստանի կեսը հայ է... փաստում է Վրաստանի նախկին ղեկավարը...

Անշուշտ, կան նաեւ հավերժ դժգոհ հայեր, ովքեր ոչ մի կերպ իրենց տեղը չեն գտել այս աշխարհում, բայց ի՞նչ արած, այդպիսիք կան բոլոր ազգերի մեջ:

Շա՞տ բան է ուզում հայը այս աշխարհից. «Ոչինչ չեմ ուզում ձեզանից,- ասում է նա իր նեղիչներին,- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրե՛ք խաղաղ ու երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանՙ Ազատությունը»,- ասում է Դ. Դեմիրճյանի Հայը:

Հիմա դու ունես այդ Ազատությունը, ո՛վ Հայ, վայելիր այն, ու մի՛ սպանիր, մի՛ նվաստացրու քո յուրայինին, մի՛ ուրախացրու քո դարավոր թշնամուն...

Թումանյանի մարգարեությունը ասում է. «Մենք զարմանալիոոեն կենսուրախ ժողովուրդ ենք, եւ ես անկասելիորեն հավատում եմ դրան: Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգիՙ հավերժ լույսին ձգտող հզոր ոգին»:

Ուժ ու կամք գտնենք մեր մեջ, հավաքենք, ի մի բերենք, միեւնույն ազգային գաղափարի շուրջ համախմբենք աշխարհի բոլոր հայերի ուժերը ու աչքի լույսի պես պահպանենք նրա աստվածընծա տեսակը: Հայ ժողովրդի լավագույն արժանիքները մարդկության արժանիքների Կարմիր գրքի լավագույն էջերն են, եւ դրա պահպանությունը այսօրվա հայի խնդիրն է ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

AZG Daily #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ