Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը մարտի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյուն է ուղեկցել Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններում և Շուշի-Ջիվանի երթուղով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
27 դիտակետերում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրականացնում են իրավիճակի վերահսկում և հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ։
«Շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է։
2020թ. նոյեմբերի 23-ից մինչև օրս խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 1623 հեկտար տարածք, 508 կմ ճանապարհ, 1577 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և օգնում են վերականգնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի մասին տեղեկությունները համակարգելու նպատակով մշտական կապ է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։