Փաշինյանի «դոգման»՝ «ժողովուրդը լսել է մեզ և հավանության արժանացրել մեր մոտեցումները, ծրագրերը. դուք ո՞վ եք». Հակոբ Բադալյան

Կարծում եմ, որ քաղաքական առումով ամենից ռիսկային արտահայտություններից է այն, թե՝ «այսքանից հետո ժողովուրդը գնացել ու ձայն է տվել Փաշինյանին»։ Ընդ որում, որեւէ նշանակություն չունի, թե ինչ թեմայի շրջանակում է արվում, ինչ թեմայի առիթով։
Հարգելի ընկերներ, նախ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա առաջնորդած ուժը պաշտոնապես ստացել են 49 տոկոս ձայն։ Նրանք չեն հասել 50 տոկոսի անգամ, ուր մնաց՝ 50+1։ Ընդ որում, անգամ 49 տոկոսը ստացվել է մեղմ ասած խնդրահարույց պրոցեսի արդյունքում։
Հետեւաբար, ունենալով թեկուզ ամենատարբեր քաղաքական հաշվարկներ, դրանք վեր մի դասեք Հայաստանի համար կարեւոր հարցերից, ըստ այդմ՝ դրանք մի ենթարկեք «ժողովուրդը գնաց ու քվե տվեց» արտահայտությունից բխող ռիսկերի։
Որովհետեւ, հենց դա է Նիկոլ Փաշինյանի եւ նրա առաջնորդած ուժի «դոգման»՝ «ժողովուրդը լսել է մեզ եւ հավանության արժանացրել մեր մոտեցումները, ծրագրերը, խոստումները. դուք ո՞վ եք»։ Ըստ էությա հենց սա է ասում Նիկոլ Փաշինյանը։ Դա է ասում Ադրբեջանի հետ պրոցեսի մասին, դա է ասում կամ ասելու եկեղեցու դեմ արշավի նոր ալիքի դեպքում, Ռուսաստանի հետ կապված հարցերի դեպքում, ցանկացած դեպքում։
Հետեւաբար, երբ որեւէ ուղղակի կամ անուղղակի նկատառումով ասվում է, թե «ժողովուրդն է ձայն տվել», ըստ իս՝ պարզապես փաստարկային լրացուցիչ խաղաքարտ է տրվում հենց Նիկոլ Փաշինյանին։ Սա բոլորովին չի նշանակում, թե նա նույնը չէր պնդելու կամ չի պնդելու, եթե անգամ ոչ ոք չխոսի, թե՝ «ժողովուրդն է ձայն տվել»։ Բայց, երբ խոսվում է, ապա դա լրացուցիչ լեգիտիմության միջավայր ու մթնոլորտ է ստեղծում վարչապետ Փաշինյանի ու նրա առաջնորդած ուժի համար։ Հետեւաբար, ըստ իս՝ պետք չէ ստեղծել այդ լեգիտիմությունը։ Առավել եւս, որ «ժողովրդի ձայնի» հանգամանքը գոնե 2026 թվականի ընտրությանը նվազագույնը դարձել է խիստ հարաբերական։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան
