«Եկեղեցու եւ կառավարության պայքարը անխուսափելիորեն թուլացնելու է երկու կողմին էլ՝ վնասելով նրանց հեղինակությանը, խորացնելով երկրի պառակտումը»

«Ազգի» նախորդ՝ օգոստոսի 14-ի համարում անդրադարձել էինք Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 հոգեւորականների ՝ օգոստոսի 7-ի դատավարության՝ գերմանալեզու մամուլի արձագանքներին, հրապարակել Միշայել Հեզեմանի ծավալուն հոդվածը:
Գերմանալեզու հոդվածագիրներն այս դատավարությանը հետեւում են ընդգծված հետաքրքրությամբ, լուսաբանում պատմակա՜ն այս իրադարձությունը տարբեր դիտանկյուններից՝ ոտնձգություն եկեղեցու անկախության, կրոնական ազատության դեմ, հասարակական- քաղաքական՝ արեւմտամերձ կառավարության եւ ՌԴամերձ եկեղեցու պայքար եւ այլն: Ստորեւ ներկայացվող հրապարակումը լույս է տեսել օգոստոսի 14-ին կաթոլիկական «Թագեսփոստ» անդրտարածքային գերմանալեզու շաբաթաթերթում, հեղինակը Շտեֆան Բայերն (Stephan Baier) է: Հոդվածի հեղինակը աստվածաբանական կրթություն ունի, 1999-ից ի վեր «Թագեսփոստ»-ում լուսաբանում է Ավստրիայի, Հարավարեւելյան Եւրոպայի, եւրոպական քաղաքականությունը, 2023-ից՝ արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարն է, մի շարք գրքերի հեղինակ:
«Եկեղեցու եւ կառավարության միջեւ սրվող վեճը վնասում է երկու կողմի հեղինակությանը, պառակտում անբարյացակամ հարեւանների շրջապատում գտնվող երկիրը», գրում է Շտեֆան Բայերը, հոդվածի սկզբում նախ ներկայացնելով, թե կառավարության եւ եկեղեցու միջեւ իշխանական հակամարտությունը լիովին սրվել է մի երկրում՝ Հայաստանում, որ « 301 թվականին աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին կայսրությունն էր»: «Ուրբաթ օրը՝ օգոստոսի 7-ին Գարեգին Երկրորդը եւ 6 այլ եպիսկոպոսներ ներկայացան պետական դատարան, դատավորն ինքնաբացարկ հայտնեց, բայց դատավարությունը շարունակվելու է (նախատեսված է օգոստոսի 28-ին- Ան. Հ.), եպիսկոպոսներին սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում», գրում է Բայերը: (Գերմանական «Դոյչլանդֆունկի» օգոստոսի 13-ի եթերում Ինա Ռոթթշայդը (Ina Rottscheidt) նշում է նաեւ մինչեւ 3 տարվա ազատազրկում:
Վերջինս եթերում պատմում է, որ ապրիլին եղել է Հայաստանում, այլ լրագրողների հետ մասնակցել կաթողիկոսի հետ հանդիպմանը-Ան.Հ.) «Թագեսփոստի» հոդվածագիրը շարունակում է՝ «առերեւույթ խնդիրը կաթողիկոսի հրաժարականը պահանջող Գեւորգ Սարոյանի պաշտոնից հեռացման հարցն է: Սարոյանը պաշտոնից հեռացման որոշման դեմ դատարան դիմեց, իր իրավունքը վերականգնեց , բայց եկեղեցու ղեկավարությունը նրան վերականգնելու փոխարեն կարգալույծ արեց: Միակ դեպքը չէ. մոտ 150 հոգեւորականի, նրանց թվում՝ 3 եպիսկոպոսի գործունեությունը եկեղեցու ղեկավարությունը կասեցրել է, հոգեւորականները աշխարհիկացվել են՝ Գարեգին Երկրորդի քաղաքական ուղեգիծը քննադատելու համար: Չկա եկեղեցու ներքին հարցերի վերաքննիչ անկախ մարմին կամ եկեղեցական դատարան: Բայց արդյոք դա արդարացնու՞մ է եկեղեցու ներքին գործերին պետության միջամտությունը: Կարո՞ղ են քաղաքական գործիչներն ու դատավորները որոշել, թե ով է արժանի կամ անարժան քահանայի կամ եպիսկոպոսի պաշտոնին: Կաթողիկոսը խոսում է «ապօրեն եւ հորինածին մեղադրանքների», նույնիսկ ՀՀ-ում եկեղեցու դեմ հալածանքների մասին», գրում է «Թագեսփոստի» հեղինակը եւ մեկնաբանում՝« Սրանք լուրջ մեղադրանքներ են, հատկապես այն պատճառով, որ Հայ առաքելական եկեղեցին դարեր ի վեր եղել է հայ ինքնության պահապանը: Երբեմնի հայոց մեծ թագավորությունը զոհ է դարձել իր առավել հզոր հարեւաններին, մինչդեռ եկեղեցին պահպանել է հայոց մշակութային ժառանգությունն ու ինքնությունը՝ նույնիսկ օսմանյան, ավելի ուշ՝ խորհրդային լծի տակ», գրում է Բայերը եւ պարզաբանում. «Սակայն այժմ եկեղեցին բախվում է ՀՀ կառավարության թշնամանքին, ինչը կաթողիկոսին դրդում է գործածել «հալածանք» բառը: Կառավարությունը նրան մեղադրում է անբարո կյանքի, Պուտինի Ռուսաստանի հետ համագործակցության եւ եկեղեցում բռնապետական ղեկավարման կարգ որդեգրելու մեջ: Ավելին՝ կառավարությունը կամենում է բարեփոխել եւ արդիականացնել եկեղեցին, դրա համար արդեն մի քանի եպիսկոպոսի եւ քահանայի իր կողմն է շահել: Կառավարությունը սահմանված լիազորությունները գերազանցու՞մ է», հարցնում է Բայերը եւ ինքն էլ պատասխանում՝ «անկասկած»:
Հոդվածագիրը «Խոսքը Հայաստանի գոյատեւման մասին է» ենթավերնագրով շեշտված հատվածում այսպիսի հարցադրում է անում՝ իսկ «եկեղեցին գերազանցու՞մ է իր լիազորությունները, երբ եպիսկոպոսները կառավարության տապալումը պահանջող շարժման առաջնագծում են: Խելամի՞տ է, տեղի՞ն է, որ կաթողիկոսը եւ նրա վստահելիները բացահայտ աջակցեն ընդդիմությանը, կառավարությանը մեղադրեն ԼՂ-ից (Բայերը փակագծում ավելացնում է՝ Արցախ-Ան. Հ.) արտաքսված հայերին դավաճանելու մեջ եւ արտաքին քաղաքական այլընտրանք առաջարկեն:
Այս հակամարտությունը շատ է հիշեցնում միջնադարյան Եւրոպայում ինվեստիտուրայի (կամ՝ կանոնադրական) պայքարը, որ կայսրերը մղում էին Հռոմի պապի դեմ: Դա ոչ թե սկզբունքներին, այլ սահմաններին վերաբերող վեճ էր՝ կայսեր եւ պապի իշխանությանը քրիստոնյա արեւմուտքում: Այսօրվա Հայաստանն աշխարհիկ երկիր է, խորհրդային ժամանակներից՝ նաեւ հոգեւորի ամայացած կնիքով: Փոքր է, ավելին՝շրջապատված է թշնամական տրամադրված դրացիներով: Եկեղեցու եւ կառավարության միջեւ իշխանական պայքարը անխուսափելիորեն թուլացնելու է երկու կողմին էլ, վնասելով նրանց հեղինակությանը, խորացնելով երկրի պառակտումը: Սա ՛ոչ Փաշինյանի, ո՛չ էլ եկեղեցու շահերից է բխում, քանի որ թույլ եւ բաժանված Հայաստանն անպաշտպան կլինի բազմաթիվ թշնամիների դեմ: Սա կանոնադրական վեճից տարբեր է՝ քաղաքականության եւ կրոնի միջեւ սահմանների փորձարկման մասին չէ, այլ՝ վտանգված հայկական ինքնության պահպանությունն առաքելություն դարձրած միակ պետության գոյատեւման մասին է խոսքը», հոդվածը եզրափակում է Շտեֆան Բայերը:
«Հոդվածում տեղ գտած այն պնդումը, թե մոտ 150 հոգեւորական (այդ թվում՝ երեք եպիսկոպոս) հեռացվել կամ կարգալույծ է արվել «Գարեգին Երկրորդի ուղեգիծը քննադատելու պատճառով», հակասում է փաստերին եւ պետք է հստակորեն մերժվի» նկատել տվեց Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը, երբ հարցրինք՝ ճի՞շտ է վերոհիշյալ թիվը, համապատասխանո՞ւմ է իրականությանը: Սարդարյանը հստակեցրեց, թե «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2026 թվականի հունվարին պաշտոնական տվյալներ է հրապարակել. Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության 26 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ կարգալույծ է արվել 101 հոգևորական: Նրանցից 38-ը կամավոր հրաժարվել է հոգեւոր ծառայությունից, 27-ը ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը հեռացվել է թեմակալ առաջնորդների միջնորդությամբ, և միայն 21-ը՝ անմիջապես կաթողիկոսի կողմից: Միեւնույն ժամանակ ձեռնադրվել է 491 հոգեւորական: Բացի այդ, վճռորոշ է նաեւ ընթացակարգը. 2011 թվականից Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ գործում է կարգապահական հանձնաժողով, որը քննում է նման դեպքերը: Կաթողիկոսը ստորագրում կամ հաստատում է որոշումը եւ կատարում համապատասխան տնօրինությունը՝ հիմնվելով հանձնաժողովի որոշման վրա: Նա միանձնյա կամայական որոշումներ չի կայացնում: Հետևաբար, գոյություն չունի զուտ «անձնական թելադրանք» (դիկտատ): 150 թիվը եւ դրդապատճառների համընդհանուր վերագրումը, թե դա եղել է «միայն քննադատության պատճառով», ծագում են քաղաքականապես երանգավորված ներկայացումից եւ չեն դիմանում եկեղեցական վիճակագրության ու կանոնական ընթացակարգի քննությանը», պարզաբանում է Տիրատուր քահանա Սարդարյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը՝ «Թագեսփոստի»: Առաջին լուսանկարում հոդվածագիր Շտեֆան Բայերն է:
