Իմաստաբանական բառարան

Մեր բառապաշարի անբաժանելի մասը
Տարբեր լեզուներում բառերի կամ հասկացությունների անվանումները սովորաբար կապված են տվյալ ժողովրդի կենցաղի, մշակույթի, մասնագիտությունների, բնաշխարհի, պատմության կամ սոցիալական հարաբերությունների հետ:
Օրինակ՝ իրանական լեզվամշակույթում առանձնապես հարուստ են ձիու, ձիավարության եւ ռազմարվեստի հետ կապված բառապաշարային շերտերը: Թուրքերենը շատ հարուստ է քոչվորական կենցաղին առնչվող բառերով: Կենդանիների տարիքն ու սեռը տարբերակող անվանումները հաճախ ավելի մանրամասն են, քան տարածաշրջանի մյուս լեզուներում:
Հայերենի առանձնահատուկ հարուստ ոլորտներից մեկը խաղողագործության եւ գինեգործության բառապաշարն է: Օրինակ՝ խաղող, որթ, այգի, գինի, քացախ, մաճառ, տերեւաքաղ, այգեկութ եւ այլն: Բացի ընդհանուր գործածության բառերից՝ բազմաթիվ բարբառներում պահպանվել են նաեւ խաղողի մշակման, բերքահավաքի, գինու պատրաստման, ինչպես նաեւ գինեգործական անոթների ու գործիքների անվանումներ: Խաղողօրհնեքի ավանդույթը Հայաստանում նույնպես դրա վկայություններից է:
Բայց, ափսոսանքով պիտի նշեմ, որ հայերենում, թեկուզեւ ժարգոնային մակարդակում, բավական մեծ տեղ են զբաղեցնում մարդու ինտելեկտն ու մտավոր կարողությունները բնորոշող բառերն ու արտահայտությունները: Թերեւս սա էլ հայի սրամտության եւ հնարագիտության յուրօրինակ վկայությունն է:
Մեր առօրյա բառապաշարի անբաժանելի մասը կազմող ստորեւ ներկայացվող այս ցանկը, ցավոք, ամբողջական լինելու հավակնություն չունի:
«Յանը տարած» արտահայտության միջոցով հայերը նկարագրում են հասարակական կյանքում իրավիճակին ոչ համարժեք արձագանքող մարդկանց:
«Խփո» («խփնված») արտահայտությունը նույնպես մարդու խելամտության աստիճանը գնահատող՝ հայերենում լայն տարածում գտած բառային միավորներից է:
«Կտտցրած» բառը խոսակցական հայերենում եւ ժարգոնում փոխաբերական իմաստով օգտագործվում է խենթ, խելապակաս, տարօրինակ կամ ոչ ադեկվատ վարքագիծ ունեցող մարդկանց բնորոշելու համար:
«Շարիկները պակաս» արտահայտությունը նույնպես այդ շարքից է եւ օգտագործվում է այնպիսի մարդու բնութագրման համար, ով իր մտավոր կարողություններով զիջում է շրջապատի մարդկանց:
«Գժուկ» բառը հայերենում ոչ թե հոգեբուժական եզրույթ է, այլ բնութագրում է տարօրինակ կամ անկանխատեսելի արարքներ թույլ տվող անձանց:
«Լարերը խառնած» արտահայտությունն օգտագործվում է տրամաբանական կապերը խախտված եւ իրավիճակին ոչ համարժեք արձագանքող մարդկանց բնութագրելու համար:
«Շիֆրը գնացած» արտահայտությունը նկարագրում է ամբողջությամբ ադեկվատությունը կորցրած, «խելքը թռցրած» մարդուն:
«Ֆազերը գցած» արտահայտությունը վերաբերում է մարդու ակնթարթային կամ հուզական վիճակին:
«Մի տախտակը պակաս» արտահայտությունը վերաբերում է մարդու բնավորությանը, ինտելեկտին կամ հոգեվիճակին:
«Ծալապակաս» բառն էլ հորինվել է մարդկանց թեթեւամտության աստիճանը բնութագրելու համար:
Փորձում եմ բացատրություն գտնել մեր ազգային բնավորությանը ոչ այնքան բնորոշ թվացող այս կարգի բառապաշարի առատության համար:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
