«Մարդու մեծությունը թվերով եւ զրոների քանակով չես չափի»

Մտորումներ Սամվել Կարապետյանի ծննդյան 61-ամյակի առթիվ
Օգոստոսի 18-ին լրանում է հայտնի գործարար և բարեգործ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Սարգսի Կարապետյանի ծննդյան 61-ամյակը։
Գործարարի հաջողությունը սովորաբար չափում են թվերով։ Հաշվում են նրա ստեղծած աշխատատեղերը, իրականացրած ծրագրերն ու հաջողված գործարքները և վերջում ստանում տպավորիչ մի թիվ՝ բազմաթիվ զրոներով։ Բայց մարդու մեծությունը թվերով չես չափի։ Այն երևում է բոլորովին այլ տեղերում՝ կառուցված հիվանդանոցում ապաքինվող հիվանդի երախտագիտության մեջ, նորակառույց դպրոցի միջանցքներում անհոգ վազվզող երեխաների ուրախ աչքերում ու դպրոցական զանգի զիլ ղողանջում, վերականգնված եկեղեցում վառվող մոմի լույսի մեջ, մարդկանց իրար մոտեցնող ճանապարհին և այն ընտանիքի հայացքում, որը կյանքի ամենադժվար պահին զգացել է, որ մենակ չէ։
Հենց այստեղ թվերը դադարում են սոսկ թվեր լինելուց և վերածվում են մարդկային կյանքերի ու ճակատագրերի։
Իսկական բարեգործությունը պարզապես տրված գումարը չէ։ Այն թեթևացած ցավ է, երեխայի առջև բացված ճանապարհ, փրկված պատմական հիշողություն և, ամենակարևորը, մարդուն վերադարձված հույս։
Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը հենց այս ճշմարտության վկայությունն է․ նրա բարեգործությունը կարելի է ներկայացնել տպավորիչ թվերով, բայց դրա իրական արժեքը մարդկանց կյանքում թողած հետքն է։
Նրա անունը վաղուց հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս։ Գործարար աշխարհում այն առաջին հերթին կապվում է հարյուրավոր ընկերություններ միավորող խոշոր բազմաճյուղ հոլդինգի՝ «Տաշիր Գրուպի» հետ։ Սակայն այս պատմության առանցքում ոչ թե նրա բիզնեսի ծավալներն ու գործարքների արժեքն են, այլ մարդը՝ իր արմատներով և ուրիշների կյանքում թողած հետքով։
Սամվել Կարապետյանը ծնվել է 1965 թ․ օգոստոսի 18-ին Կալինինո քաղաքում՝ այսօրվա Տաշիրում։
1986-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ Աշխատանքային ճանապարհը սկսել է հայրենի քաղաքի Արծնապատ ամանեղենի գործարանում՝ զբաղեցնելով ինժեներական և ղեկավար տարբեր պաշտոններ։ 1989-ին հիմնել է իր առաջին ձեռնարկությունը՝ «Զենիթ» կոոպերատիվը։
Հետո կյանքը նրան տարել է Հայաստանից դուրս։ Սակայն հայրենիքից հեռանալը չխզեց նրա կապը ծննդավայրի հետ։ 1999 թ․ հիմնադրած ընկերությունների խումբը նա անվանեց հայրենի քաղաքի անունով՝ «Տաշիր»։
Առաջին հայացքից սա կարող է սովորական կենսագրական մանրուք թվալ։ Բայց երբ մարդն իր ծննդավայրի անունն է տալիս իր կյանքի գլխավոր գործին, այդ անունը դադարում է պարզապես ապրանքանիշ լինելուց։ Այն դառնում է արմատների հանդեպ հավատարմության նշան՝ հայրենիքի մի փոքրիկ մասնիկ, որը մարդն իր հետ տանում է, որքան էլ հեռու գնա։
Հետագա տարիները ցույց տվեցին, որ Տաշիրի հետ այդ կապը միայն անվամբ չէր սահմանափակվելու։
2000-ին Սամվել Կարապետյանը ստեղծեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Այդ օրվանից նրա գործունեությունն այլևս միայն բիզնեսով չէր սահմանափակվում։ Նա սկսեց աջակցել դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների, եկեղեցիների և մշակութային կենտրոնների կառուցմանն ու վերականգնմանը, կրթաթոշակներ տրամադրել երիտասարդներին և օգնության ձեռք մեկնել դժվարության մեջ հայտնված մարդկանց։
Այդ օգնությունը հասավ Հայաստան, Արցախ և Սփյուռքի տարբեր համայնքներ։ Երբեմն այն չափվում էր միլիոնավոր դոլարներով, երբեմն՝ մեկ ընտանիքի ծանր օրը փոքր-ինչ թեթևացնելու չափով։
2013-ին Ստեփանակերտում բացվեց ժամանակակից բժշկական կենտրոն՝ նորագույն սարքավորումներով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Դրա կառուցման ու վերազինման համար Սամվել Կարապետյանի ներդրումը, հրապարակված տվյալներով, կազմել է շուրջ 22 միլիոն դոլար։
Նույն շրջանում նա աջակցեց նաև Վարդենիս–Մարտակերտ ռազմավարական ճանապարհի կառուցմանը։ Գյումրիում և Վանաձորում վագոն-տնակներում ապրող մի շարք ընտանիքներ վերջապես բնակարաններ ստացան։ Տաշիրում շուրջ 400 միլիոն դրամով վերակառուցվեց մշակույթի կենտրոնը, իսկ Երևանի կենտրոնում «Տաշիր» հիմնադրամի աջակցությամբ ամբողջությամբ բարեկարգվեց Գլխավոր պողոտայի զբոսայգին՝ շուրջ 15 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։
2018 թ․ դրությամբ Սամվել Կարապետյանի նվիրատվությունների ընդհանուր ծավալը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հասել էր շուրջ 25 միլիոն դոլարի։ Իսկ «Տաշիր» խմբի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ տարիների ընթացքում, հրապարակված տվյալներով, հասել են շուրջ մեկ միլիարդ դոլարի՝ ստեղծելով նաև հազարավոր աշխատատեղեր։
Տպավորիչ թվեր են։ Բայց եկեք մի պահ տեսնենք, թե ինչ է կանգնած դրանց հետևում։
22 միլիոն դոլարը հիվանդանոց է, որտեղ փրկվել են մարդկանց կյանքեր։ 15 միլիոն դոլարը զբոսայգի է, որտեղ այսօր երեխաներ են վազվզում, իսկ տարեցները նստում են ծառերի ստվերում։
400 միլիոն դրամը մշակույթի տուն է, որտեղ գուցե մի երեխա առաջին անգամ բեմ է բարձրացել և գտել իր կյանքի ճանապարհը։
Իսկ հազարավոր աշխատատեղերի հետևում հազարավոր ընտանիքներ են, որոնց ամենօրյա հոգսը փոքր-ինչ թեթևացել է։
Սամվել Կարապետյանի բարեգործական ծրագրերում առանձնահատուկ տեղ է ունեցել ընտանիքը։ Արցախում տարիներ շարունակ գործել է բազմազավակ ընտանիքներին աջակցելու ծրագիր։ Միայն 2018-ին 201 ընտանիք չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ստացել է 4000 ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն։
Հաշվետվության մեջ սա պարզապես թիվ է՝ 201 ընտանիք։ Բայց իրական կյանքում այդ թվի հետևում 201 մանկական օրորոց է, 201 նորածնի ճիչ և 201 ընտանիքի նոր հույս։
Երբ երեխայի ծնունդից հետո աջակցում ես նրա ընտանիքին, միայն գումար չես տալիս։
Այդ աջակցությունն առանձնահատուկ խորհուրդ ուներ Արցախում՝ մի հողում, որտեղ յուրաքանչյուր նորածին նաև կյանքի, արմատների և շարունակության նշան էր։
Երիտասարդների կրթությունը նույնպես տարիներ շարունակ եղել է Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում։ Հրապարակված տվյալներով՝ արտասահմանյան առաջատար բուհերում սովորող երիտասարդների կրթաթոշակային ծրագրերին հատկացվել են միլիոնավոր դոլարներ։
2020-ին աշխարհը փոխվեց։ Համավարակի օրերին փակվեցին սահմանները, հազարավոր մարդիկ մնացին օտար երկրներում, իսկ հիվանդանոցներն աշխատում էին մարդկային հնարավորությունների սահմանագծին։
Այդ օրերին Սամվել Կարապետյանի միջոցներով Ռուսաստանից Հայաստան վերադարձան բազմաթիվ հայրենակիցներ։ Հարյուր միլիոնավոր դրամներ ուղղվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին՝ բուժանձնակազմի խրախուսման և ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։ Գումար փոխանցվեց նաև համավարակի դեմ պայքարի պետական հատուկ հաշվեհամարին։
Մի քանի ամիս անց ողբերգությունը հասավ հայկական մեկ այլ համայնք։ Բեյրութի նավահանգստի ավերիչ պայթյունից հետո «Տաշիր» հիմնադրամը 200 հազար դոլար հատկացրեց պայթյունից վնասված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերականգնմանը, իսկ զոհված հայերի ընտանիքներից յուրաքանչյուրին՝ 10 հազարական դոլար։
Հայաստան, Արցախ, Բեյրութ… Օգնության հասցեները տարբեր էին, բայց ցավն ամենուր նույն մարդկային լեզվով էր խոսում։ Երբ մարդը դժվարության մեջ է, աշխարհագրական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը։ Բարությունը սահմանային անցակետ չունի։
2023-ին Հայաստանն ապրեց իր նորագույն պատմության ամենացավոտ էջերից մեկը։ Արցախահայությունը զրկվեց հայրենի հողում ապրելու հնարավորությունից, և հազարավոր ընտանիքներ հարկադրված թողեցին իրենց տները, գյուղերն ու քաղաքները, հարազատների գերեզմաններն ու մի ամբողջ կյանք ամփոփող հիշողությունները։
Այդ օրերին «Տաշիր» հիմնադրամը ձեռնամուխ եղավ տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու մեծածավալ ծրագրի։ Հրապարակված տվյալներով՝ այն նախատեսված էր մինչև 1500 ընտանիքի համար։
Տուն կորցրած մարդուն նոր տուն տալը սովորական նվիրատվություն չէ։ Որովհետև մարդը տուն կորցնելիս միայն պատերն ու տանիքը չի կորցնում։ Նա կորցնում է իր պատուհանից երևացող առավոտը, հարևանի ծանոթ բարևը, բակի ծառը և դռան այն բանալին, որն այլևս ոչ մի դուռ չի բացում։
Այդ ամենը վերադարձնել հնարավոր չէ։ Բայց կարելի է նրա ափի մեջ նոր բանալի դնել և առանց շատ խոսքերի ասել՝ «Դու մենակ չես, կարող ես նորից սկսել»։ Երբեմն մարդու նոր կյանքը սկսվում է հենց մի փոքրիկ բանալուց։
Սամվել Կարապետյանի բարեգործական գործունեության կարևոր և շարունակական ուղղություններից մեկը եղել է Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցությունը։
Նրա միջոցներով կառուցվել ու վերականգնվել են բազմաթիվ եկեղեցիներ, իրականացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոշոր ծրագրեր։ Հրապարակումների համաձայն՝ տարիներ տևած շինարարական և վերականգնողական աշխատանքների ընթացքում Մայր Աթոռի ծրագրերին տրամադրված աջակցությունը հասել է տասնյակ միլիոնավոր դոլարների։
Եկեղեցի վերականգնելիս միայն քարերն ու պատերը չեն փրկվում։ Փրկվում են սերունդների հիշողությունը, աղոթքն ու այն անտեսանելի կապը, որը մարդկանց միավորում է իրենց անցյալի և արմատների հետ։
2024 թ․ սեպտեմբերին՝ Մայր Տաճարի վերաօծման առիթով, Սամվել Կարապետյանն արժանացավ Հայ Առաքելական Եկեղեցու նորահաստատ բարձրագույն պարգևին՝ «Սուրբ Էջմիածին» շքանշանին։
Տարիներ շարունակ նա Եկեղեցու կողքին կանգնել էր գործով։ 2025-ին որոշեց կանգնել նաև խոսքով։ Եվ այդ խոսքը նրա կյանքը տարավ բոլորովին անսպասելի ուղղությամբ։
Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև սրված հակամարտության օրերին Կարապետյանը հայտարարեց․ «Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու…»։
Շուտով նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց։ 2025 թ․ հունիսի 18-ին նրան մեղադրանք առաջադրվեց՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ կատարելու համար, և նա կալանավորվեց։
Սամվել Կարապետյանն ու նրա պաշտպանները չեն ընդունել այդ մեղադրանքը։ Նրա աջակիցներն ու Մայր Աթոռը տեղի ունեցածը գնահատել են որպես քաղաքական հետապնդում, մինչդեռ իշխանությունները պնդել են, որ քրեական վարույթն ունի իրավական հիմքեր։
Այդ վեճի վերջնական իրավական և քաղաքական գնահատականը մեր հոդվածի խնդիրը չէ։ Բայց մի բան անվիճելի է՝ այդ օրը կտրուկ փոխվեց Սամվել Կարապետյանի կյանքի ընթացքը։
Մարդը, որը տասնամյակներ շարունակ Հայաստանի հասարակական կյանքին մասնակցել էր հիմնականում ներդրումներով ու բարեգործությամբ, հայտնվեց նաև քաղաքական պայքարի կենտրոնում։ Իսկ երկու սովորական բառ՝ «մեր ձևով», դարձան նրա կյանքի նոր փուլի սկիզբը։
2025 թ․ օգոստոսի 18-ին Սամվել Կարապետյանը դարձավ 60 տարեկան։ Այդ օրը նա ԱԱԾ մեկուսարանում էր։
Սովորաբար տարեդարձի օրը նվերներ են տալիս հոբելյարին։ Բայց նրա 60-ամյակին ամեն ինչ հակառակն էր։
Նույն օրը Երևանում նրա նախաձեռնությամբ բարեգործական տոն էր կազմակերպվել ավելի քան հազար երեխաների համար։ Միջոցառմանը մասնակցում էին բազմազավակ ընտանիքների, Արցախից տեղահանված ընտանիքների, ինչպես նաև զոհված և վիրավորված զինծառայողների երեխաները։
Մի կողմում կալանավայրի փակ դուռն էր, մյուսում՝ մանկական ծիծաղը։ Կյանքը երբեմն այնպիսի հակադրություններ է ստեղծում, որոնք մարդու մասին ավելի շատ բան են պատմում, քան ամենաերկար կենսագրությունը։ Հոբելյարը նվեր չէր ստանում։ Նվերը դարձյալ ինքն էր տալիս։
Մարդուն կարելի է զրկել ազատությունից, բայց հնարավոր չէ փակ դռների հետևում պահել նրա արդեն կատարած գործերն ու մարդկանց տված բարությունը։
Այս օգոստոսի 18-ին Սամվել Կարապետյանը դառնում է 61 տարեկան։ Ցավոք, այս տարեդարձը նույնպես նա չի դիմավորում լիակատար ազատության մեջ՝ գտնվելով տնային կալանքի տակ։ Հուսով ենք՝ այս իրավիճակը շուտով կփոխվի, և տասնամյակներ շարունակ մարդկանց օգնած, երկիր ու համայնքներ շենացրած մարդը կրկին կլինի ազատության մեջ։
«ԱԶԳ» թերթը ջերմորեն շնորհավորում է Սամվել Սարգսի Կարապետյանին ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ։
Մաղթում ենք նրան քաջառողջություն, ամուր կամք, հոգու խաղաղություն, ընտանեկան ջերմություն և բարօրություն։
Թող դեռ շատ լինեն կառուցելու առիթները։ Դեռ շատ երեխաների առջև բացվեն կրթության դռներ, շատ ընտանիքներ ստանան իրենց նոր տան բանալին, շատ սրբավայրեր նորոգվեն, հիվանդներ ապաքինվեն և համայնքներ վերակենդանանան։
Թող կյանքը նրան վերադարձնի այն բարության գոնե մի մասը, որը նա տարիներ շարունակ տվել է ուրիշներին։
Ծնունդդ շնորհավոր, հարգարժա՛ն Սամվել Կարապետյան։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից
