Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

  Գրիգոր Առաքելյան 2

«Ուրիշ ամպեր են «ՆՍՏԵԼ» սարերին…»                                                              

Համո Սահյան

Մարդկանց ու կենդանիներին տարբերակելը դժվար չէ:

Մարդիկ խոսում են, կենդանիները՝ ոչ:

Մարդիկ ծիծաղում են, կենդանիները՝ ոչ:

Մարդիկ երազում են, կենդանիները՝ ոչ:

Մարդիկ նստում են, կենդանիները՝ նույնպես:

Բայց ձիերը ո՛չ նստում են, ո՛չ էլ պառկում: Նրանք կանգնած են քնում: Ծառերի մասին էլ գիտենք, որ կանգնած են մահանում:

Մյուս կենդանիները նստում են դժվարությամբ եւ, ասենք, ոչ այնքան մարդավայել: Ավելի ճիշտ՝ մարդիկ են կենդանիների վրա նստում ու քշում:

Սակայն հայերի մոտ երբեք «էշին նստած» լինելը հարգի չի եղել: Ընդհակառակը՝ այդ արարքը մեր ժողովրդի պատկերացմամբ «աիբ», այսինքն՝ ամոթ է համարվել: Դեռ ավելին՝ էշից իջնելն էլ է պարսավելի եղել: Որովհետեւ, երբ ամոթալի քայլից հետո փորձում ես ուղղել սխալդ, հաճախ ավելի ծիծաղելի վիճակում ես հայտնվում:

Իսկ պատվելի մարդուն սեփական գլխին նստեցնելը մեզանում հարգանքի բարձրագույն նշան է: Այս արտահայտությունը հյուրընկալության ու նվիրվածության գագաթնակետն է եւ, ըստ էության, նշանակում է՝ «քեզ շատ եմ հարգում»: Պատկերացնո՞ւմ եք՝ շողոքորթ մարդը, հսկայական տուն ունենալով, իր շեֆին հաճոյանալու համար ասում է. «Դուք իմ գլխի վրա տեղ ունեք»:

«Նստելը», որի հոմանիշներից մեկն էլ «բազմելն» է, հաճախ նշանակում է պաշտոն զբաղեցնել: Այդպիսի  աթոռին նստողը, որպես կանոն, դժվարությամբ է պոկվում դրանից:

«Նստել մեկի դռանը» նշանակում է լինել խաղաղ պայմաններում: Դրա համար էլ Չարենցը գրել է՝

«Ա՜խ, կարծես նստած ես դռանը

Եւ ինձ հետ Տերյան ես կարդում»:

Բնական է, որ խաղաղ ժամանակներում գերմանացի գրող Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի փոխարեն նախընտրելի է մտերիմ մարդու հետ մեկի դռանը նստել ու «Տերյան» կարդալ:

Ժամանակին եղել է նաեւ մարդկանց մի միջավայր, որտեղ «նստած լինելը»  պատվի նշան է եղել: Դրա լավագույն վկայություններից է հպարտությամբ հնչեցվող «Նստած-հելած տղա եմ» արտահայտությունը: Մեր օրերում, կարծես, նորից ենք մոտենում այդ ժամանակներին:

Միայն թե հիմա «նստած» մարդը երբեմն իր «նստելու» համար, քրեական անցյալից բացի,  նաեւ քաղաքական շարժառիթներ պիտի ունենա:

Իսկ «բռնոցի-նստոցի»-ն, որը ժամանակին մանկական ամենասիրելի խաղերից էր, այսօր, ցավոք, մեր հասարակական-քաղաքական առօրյայի անբաժանելի մասն է դարձել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ