Թուրքիայի եւ Իսրայելի հատուկ ծառայութունների առճակատումը տարածաշրջանում

Հետախուզությունը դա տեղեկատվություն ստանալու կազմակերպված միջոցառումների համակարգ է։ Տեղեկատվությունը պետք է ստուգվի բոլոր մանրամասներով, համակարգվի մեկ հստակ եւ մեծ ամբողջության մեջ, որը հնարավորություն կտա կանխատեսել իրադարձությունների ընթացքը։ Մառախուղի միջով ուրվագծել ապագան։
Թուրքիայի ազգային հետախուզության ( MIT – Milli Istihbarat Teşkilatı) ղեկավարության նախաձեռնությամբ, այդ կառույցում արդեն մի քանի տարի է, ինչ հիմնադրվել է հակա «Մոսսադ» (“Mossad” – Հետախուզության եւ հատուկ խնդիրների ինստիտուտ) ստորաբաժանում։ Կարծում եմ, ընթերցողս արդեն հասկացավ, որ խոսքը գնում է Իսրայելի «Մոսսադ» հետախուզության մասին։ Թուրքական հետախուզության այդ նոր ստորաբաժնում աշխատում են ամենափորձառու հետախույզները։
Ինչպես հայտնում է թուրքական «Սաբահ» լրագրի ժուռնալիստ Շիմշեկ Աբդուրահմանը (լրագիրը պատկանում է նախագահ Էրդողանի ընտանիքին), վերոնշյալ թուրքական հետախուզության ստորաբաժանմանը հայտնի է «Մոսսադի» յուրաքանչյուր քայլը։ Ըստ նույն լրագրողի «MIT»-ը աշխարհի միակ հատուկ ծառայությունն է, որը ի վիճակի «Մոսսադի» գործակալական ցանցի դեմ գործառույթներ իրացնել, հատկապես վերջին մի քանի տարիներին։
Նույն «Սաբահը» նշում է, որ 2020թ. հոկտեմբեր ամսին Թուրքիայի հատուկ ծառայություններին հաջողվել է այն բացահայտել եւ ձերբակալել 15 արաբների, որոնք հօգուտ «Մոսսադի» թուրքական համալսարաններում հետեւում եւ հսկում էին պաղեստինցի ուսանողներին։
Իսրայելը իհարկե հերքեց այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ձերբակալվածներից ոչ մեկը կապված չէր «Մոսսադի» հետ։

2023 թ. նույն «Սաբահը» մի այլ հոդված տպագրեց, որտեղ նշվում էր նոր ձերբակալված իսրայելական մի տասնյակ գործակալների մասին, որոնք մեղադրվում էին Թուրքիայի տարածքից իրանական թիրախների դեմ աշխատելու մեջ։ Նույն 2023թվ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ պաղեստինյան մի հաքեր թուրքական հատուկ ծառայությունների օգնությամբ թափանցել էր իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերի («երկաթյա գմբեթ») ծրագրերի մեջ եւ «MIT» օգնությամբ խուսափել էր իսրայելական իրավապահների ձերբանակությունից։
Վերոհիշյալ լրագրող Շիմշեկի հոդվածները «Մոսսադի» դեմ եւ նորաստեղծ թուրքական հետախուզական ստորաբաժանման վերաբերյալ, սկսվեցին տպագրվել այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը պաշտոնապես նախազգուշացրեց Իսրայելին, որ Թուրքիան անտարբեր չի մնա «ՀԱՄԱՍ»-ի անդամների լիկվիդացիոն գործողությունների նկատմամբ «Թուրքիայի տարածքում»։ («ՀԱՄԱՍ» – արմատական պաղեստինյան իսլամիստական շարժում, որը գործում է Գազայի հատվածում։ Նպատակը՝ ոչնչացնել Իսրայելը)։ Ինքնիստինքյան պարզ է, որ Իսրայելի բոլոր հատուկ ծառայությունները՝ «Մոսսադ»-ը, «Շին Բեթը», «Շաբակը», «Ամանը», «ԱԳՆ-հետախուզությունը» եւ մյուսները առաջնահերթ խնդիր ունեն «որսալ» եւ լիկվիդացնել «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարներին եւ անդամներին։
Այս ամենը շատ ավելի սրվեց եւ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծեց, երբ 2023 թ. հոկտեմբերին «ՀԱՄՄԱՍ»-ի մարտիկները Գազայից մտան Իսրայել, սպանեցին ավելի քան 1200 խաղաղ բնակիչների (ըստ Իսրայելական տվյալների) եւ գերեվարեցին 240 պատանդների։
Իսրայելը իհարկե կազմակերպեց պատասխան ռազմական գործողություն Գազայում, որի արդյունքում սպանվեցին մի քանի տասնյակ հազար մարդիկ։
Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա նախագահ Էրդողանը «ՀԱՄԱՍ»-ի մարտիկներին անվանեց ազատագրողներ եւ հերքեց ամեն տեսակ ահաբեկչության մեղադրանքները։ Այստեղ հարկ է նշել նաեւ, որ «MIT» ծառայության այսօրվա ղեկավարը՝ Իբրահիմ Կալինը, ինչպես նաեւ նախկին ղեկավարը Հաքան Ֆիդանը (Թուրքիայի ԱԳՆ այսօրվա ղեկավարը եւ երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը) երկուսն էլ հանդիսանում են իրանամետ իսլամիստական գործիչներ։

Քաղաքագետների, վերլուծաբանների, աշխարհի տարբեր հատուկ ծառայությունների համար գաղտնի չէր, որ Թուրքիայի «MIT» հատուկ ծառայությունը, ինչպես Թուրքիայի ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտասահմանում բավականին հաջող գործառույթներ է իրականացնում։ Այդ թվում եւ «PKK» քրդական կազմակերպության, գյուլենիստական (FETO)-ի եւ այլ ուղղություններով, ելնելով միայն Թուրքիայի եւ երբեմն նաեւ Ադրբեջանի պետական շահերից։
Իսրայել-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2010թ.-ին։ 2022թ. օգոստոսին դիվանագիտական հարաբերությունները այդ պետությունների միջեւ վերականգնվեցին։ Սակայն Իսրայելի հետախուզական գործառույթները Թուրքիայում ոչ թե պակասեցին, այլ ակտիվացան, հատկապես Ստամբուլում։ Սակայն, դա չի խանգարում Իսրայելին ստանալ իր գազը Ադրբեջանից՝ Թուրքիայի տարածքով։ Նավթը լցվում է իսրայելական տանկերներ Թուրքիայի Ջեյհան նավահանգստում։
Հարկ է նշել, որ «Մոսսադի» վերլուծաբանները նպատակահարմար գտան օպերատիվ խնդիրները տարածաշրջանում լուծելու համար հավաքագրել Թուրքիայի քաղաքացիներին եւ ստեղծել նոր գործակալական ցանց։ Սա խիստ անհանգստացրեց Թուրքիայի ղեկավարներին. նրանք գնահատեցին Իսրայելի այդ քայլը, որպես Թուրքիայի ինքնիշխանությանը սպառնալիք։ Բայց Թուրքիան իսրայելական գործակալական ցանցերը բացահայտելու համար չբավարարվեց միայն իր տարածքում հակահետախուզության ակտիվացմամբ։ Թուրքիայի հետախուզությունը ակտիվացրեց նաեւ համագործակցությունը Արեւմտյան Ասիայի եւ արաբական աշխարհի երկրների հատուկ ծառայությունների հետ։

Որպես նախկինում ծառայած սպա (ե՛ւ հետախուզությունում, ե՛ւ հակահետախուզությունում) հաստատակամորեն ընդգծում եմ, որ ոչ մի բան չի կարող այդպես դրական եւ արդյունավետ ազդեցություն ունենալ հակառակորդի գործակալական ցանցերը բացահայտելու գործում, ինչպես օպերատիվ-տեխնիկական համագործակցությունը շահագրգիռ գործընկեր հատուկ ծառայությունների հետ։
Այնուամենայնիվ թուրքական հատուկ ծառայությունները ազդանշան են ուղարկում բոլորին, այդ թվում եւ դաշնակիցներին, որ թույլ չեն տա ոչ մեկին կոնֆլիկտները եւ ընդհանրապես որեւէ պայքար տեղափոխել իրենց տարածք։
Որոշ վերլուծաբանները հատուկ ծառայությունների աշխարհից «MIT» եւ «Mossad»-ի միջեւ աճող հակամարտությունը անվանում եմ լրտեսության, հակահետախուզության եւ գեոքաղաքական լարվածության գաղտնի «պարերը»։
Կասկած չկա, որ այս լարվածությունը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ խիստ անհանգստացնում է ԱՄՆ-ին եւ ընդհանրապես ՆԱՏՕ-ի ղեկավարությանը։ Ըստ երեւույթին նրանք (ԱՄՆ եւ ՆԱՏՕ) անում են ամեն ինչ այդ «վառոդի տակառի վնասազերծման» համար, հասկանալով, թե դրանք ինչ գլոբալ «սեյսմիկ հետեւանքներ» կարող են ունենալ հավաքական արեւմուտքի համար, որը իհարկե շատ ձեռնտու է Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին։ Չի բացառվում անգամ դաշինքների վերակառուցումը եւ խոշոր փոփոխությունները Արեւելյան Միջերկրածովյան գործողությունների թատերաբեմում։
Այժմ ուզում եմ ընթերցողիս հրամցնել մի փոքր բացատրություն, թե ինչ է հետախուզությունը եւ ինչպես է դասակարգվում այն տարբեր պետություններում։
Մեծ Բրիտանիայում հետախուզությունը, ինչպես եւ հատուկ ծառայության գործունեության շատ այլ ոլորտներ համարվում են կարեւոր խաղեր եւ շեշտերը դրվում են հիմնականում մրցակցության վրա։ Ընդ որում, պայքար եւ պատերազմ ուղեղների միջեւ, ոչ թե մկանների եւ զենքերի միջեւ։
Բրիտանական հետախուզություններն իրենց աշխատանքը կառուցում են լավագույն մարդկային հատկանիշների վրա, հենվելով տոհմածառի (породистость – pedigree), ռոմանտիզմի եւ, իհարկե, հետախուզության համար անհրաժեշտ ավանտյուրիզմի (արկածախնդրության) վրա։ (Ճիշտ է, սա միայն մասամբ է համապատասխանում Ջեյմս Բոնդի պատկերին. – հեղինակի կողմից)։
Ֆրանսիայում նույնպես ինչ-որ չափով հետախուզությունը խաղ է համարվում, որտեղ ինչպես եւ այդ երկրի կառավարությունում ասվում է մի բան, բայց նկատի ունեն լրիվ ուրիշ բան։ Ֆրանսիայի հետախույզները չեն ուզում վերջնական որոշում ընդունել որեւէ գործառույթում, նրանց համար գործառույթը դա գործարք է, եւ հաճախ կարելի է աչքերը փակել որեւէ այլ գործարքի շուրջ։
Ամերիկացիների համար հետախուզությունը, ինչպես եւ շատ այլ կենսական ոլորտներ, բիզնես է։ Լրտեսական կազմակերպությունները նրանց համար կոնգլոմերատ են (անահամասեռ խառնուրդի մեխանիկական միացում), որտեղ անհրաժեշտ է եւ անհատ գործչի արվեստը եւ ամբողջ համակարգի մեթոդոլոգիան եւ էֆեկտիվությունը համակարգված հզոր տեխնիկական հնարավորություններով։ Միեւնույն ժամանակ ամերիկյան հետախուզությունը փորձում է քաղաքական ռեժիմները տապալել, ֆիզիկապես ոչնչացնել կամ առեւանգել քաղաքական լիդերներին։ Եվ այս բոլորը արդարացվում է մեկ գաղափարով՝ նրանք, իբր, գործում են ազատ աշխարհի եւ ժողովրդավարության սկզբունքները պահպանելու համար։
Խորհրդային համակարգում, ինչպես եւ հիմա ՌԴ-ում եւ շատ այլ ԱՊՀ երկրներում, հետախուզությունը եւ հատուկ ծառայությունը համարվում է ռեպրեսիոն գործիք, որը պետք է աշխատի գործող ռեժիմը պահպանելու համար։ Առանձին անձը մի փոքր ատամնանիվ է (винтик) հիերարխիկ բյուրոկրատիայում։
Իսրայելական հեռախուզությունում կարելի է որոնել եւ գտնել նշված 4 մոդելների սկզբունքները։ Իսրայելի հետախուզության տեսաբանները եւ վերլուծաբանները ստեղծել են տարբեր ավանդույթների սինթեզ եւ հարմարեցնում են այդ սինթեզը իրենց ռազմավարությանը։
Թուրքական հետախուզության արմատները հայտնվել են դեռ 1299 թվին եւ հզորացել են Օսմանյան կայսրության օրոք։
Նախագահ Էրդողանի օրոք Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ֆունդամենտալ փոփոխություններ տեղի ունեցան, հետեւապես այդ փոփոխությունները պետք է տեղ գտնեին նաեւ հետախուզությունում։ Թուրքիայի այսօրվա հետախուզական գործառույթները ցուցաբերում են նրա արագ եւ ճկուն աշխարհաքաղաքական ծրագրերը։
Հաքան Ֆիդանի հետախուզության պետ նշանակվելուց հետո «MIT»-ը հայտնվեց Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջավոր դիրքերում։ 2012 թվին, շնորհիվ Ֆիդանի, «MIT»-ում ստեղծվեց միջազգային գործառույթների բաժինը եւ ռադիոէլեկտրոնային հետախուզությունը ռազմական գերատեսչությունից անցավ «MIT» կառույց։ Ֆիդանը Էրդողանից ստանում էր «հատուկ հանձնարարություններ» եւ մեծ մասամբ հաջողությամբ իրականացնում դրանք։ Իզուր չէր, որ նախագահ Էրդողանը Ֆիդանին անվանակոչեց «Իմ գաղտնիքների պահապանը…»։
2023 թվին Էրդողանը վերընտրվելուց հետո, իր գաղտնիքների պահապան Հաքան Ֆիդանին նշանակեց արտաքին գործերի նախարար, իսկ Իբրահիմ Կալինին (ազգային անվտանգության հարցերով խորհրդականին) նշանակեց «MIT»-ի ղեկավար։ Այս նշանակումներով Էրդողանը հասկացրեց աշխարհին, որ «բազեները» առավելություն ստացան հետախուզության եւ դիվանագիտության հարցերում…
Հոդվածի վերջում մի երկու խոսքով ուզում եմ անդրադառնալ Իսրայելի կառավարության կողմից «Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին»։ Իսրայելում մի քանի անգամ է քննարկվել այդ հարցը, բայց երբեք ճանաչման փուլին չի հասել։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարեց, որ այդ ճանաչումը «բարոյական եւ պատմական պարտականություն է» հրեական պետության համար, որի ժողովուրդը II համաշխարհային պատերազմի ժամանակ «Հոլոքոսթ»-ի միջով է անցել։
Անկարան իհարկե անմիջապես հերքեց Ցեղասպանի «պիտակը»։ Թուրքիայում մտավորականները համոզված են, որ Իսրայելի կառավարության այս քայլը արված է Գազայի մեջ իրենց իրականացրած գործողություններից ուշադրությունը շեղելու նպատակով։ Ադրբեջանը նույնպես դատապարտեց այդ որոշումը եւ հայտարարեց, որ դա «պատմական փաստերի աղավաղում է» եւ չի նպաստում տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն։
Մեծ հարցական է. արդյո՞ք այս որոշումից հետո Իսրայել-Հայաստան հարաբերությունները կբարելավվեն։ Հայաստանի կառավարությունը առանձնապես չի մեկնաբանում Իսրայելի այս քայլը։ Ինչ վերաբերում է Քնեսեթին – Իսրայելի պառլամենտին,- այնտեղ իհարկե կլինեն դեբատներ, բայց ամենայն հավանականությամբ որոշումը կվավերացվի։
Եվ այսպես՝ իսրայելական այս որոշումը (28 հունիսի 2026թ. պատմական իրադարձություններից 1 դար հետո) ճանաչել 1915թ. ցեղասպանությունը, բոլորովին էլ Հայաստանի եւ այստեղ ապրող հայերի համար չի արվում։ Ավելի շուտ աշխատանք է տարվում, որպեսզի հայկական լոբբին ԱՄՆ կոնգրեսում խանգարի ԱՄՆ-Թուրքիա ռազմա-արդյունաբերական համալիրի համագործակցությունը։
Իսրայելին հատկապես անհանգստացնում է F-35 ամերիկյան կործանիչների արտադրության հիմնումը Թուրքիայում։ Չէ՞ որ Նեթանյահուն հայտարարում է, որ Իսրայելը պետք է դառնա «սուպեր Սպարտա», որն ի վիճակի կլինի դիմակայել տարածաշրջանի յուրաքանչյուր պետության «Զինված ուժերին», առանց ամերիկյան օգնության։
Ճի՞շտ է այս վարկածը, թե չէ, միգուցե կան եւ այլ վարկածներ, սակայն մի բան ակնհայտ է, Հայոց ցեղասպանության փաստը դառնում է քաղաքական մանիպուլյացիաների գործիք…
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
