«Ադրբեջանն արդեն Հայաստանին փոխարինել է Ռուսաստանի մթերային շուկայում»

Հայկական ապրանքների մեծ մասի Ռուսաստան ներմուծման արգելքը որեւէ ազդեցություն չի ունեցել երկրում խանութների ապրանքատեսականիի վրա, գրում է ռուսական «Ակցենտի» վերլուծական կենտրոնի կայքը։ Կենտրոնում հաշվարկել են, որ Հայաստանից ներմուծումն արագ փոխարինվել է Վրաստանից եւ որոշ չափով՝ Ադրբեջանից ներմուծմամբ։
Ադրբեջանական ապրանքների Ռուսաստան արտահանումը հունվար-հունիս ամիսներին, ինչպես նշվում է, աճել է 3%-ով՝ գումարային արտահայտությամբ գերազանցելով 608 միլիոն դոլարը (նույն ժամանակահատվածում Վրաստանից ներմուծումը կազմել է 332 միլիոն դոլար, իսկ Հայաստանից՝ 1,2 միլիարդ դոլար)։
Ադրբեջանի գյուղատնտեսական մթերքի արտահանման հիմնական «դրոշակակիր» լոլիկ, ըստ բերված տվյալների, Ռուսաստան է առաքվել 136.000 տոննա՝ 164 միլիոն դոլար արժողությամբ։ Ադրբեջանցի արտահանողների շահույթն աճել է 10%-ով՝ հայկական բանջարեղենի դուրսմղման հաշվին։
Հունիս եւ հուլիս ամիսներին՝ Հայաստանի սեզոնային արգելքի գագաթնակետին, կորիզավոր մրգերից Ադրբեջանի ընդհանուր եկամուտը գերազանցել է 40 միլիոն դոլարը։ Դաղստանի անցակետերով գրանցվել է կեռաս, բալ, նեկտարին եւ դեղձ տեղափոխող ադրբեջանական խոշոր բեռնատարների ռեկորդային երթեւեկ։ Արտահանվել է 48.000 տոննա խնձոր՝ 39 միլիոն դոլար արժողությամբ։ Չնայած ծավալի աննշան նվազմանը (5.4 տոկոս), Ադրբեջանի եկամուտներն աճել են գրեթե 10%-ով՝ Կենտրոնական Ռուսաստանում մայիսյան ցրտահարությունների եւ դրա հետ կապված՝ գների աճի պատճառով։
Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը ձկնամթերքի հատվածում, որտեղ նախկինում Հայաստանը ուժեղ դիրք էր գրավում լճային կարմրախայտի եւ սիգ ձկան մատակարարման գործում։ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանը Ադրբեջանից ներմուծել է 43%-ով ավելի ծովամթերք։
Հայկական հյութերի, հանքային ջրերի եւ նեկտարների մատակարարումների դադարեցումից հետո, լրատվամիջոցի վկայությամբ, ադրբեջանական գործարանները լրացրել են ռուսական սուպերմարկետների թափուր տեղերը։ Ադրբեջանից Ռուսաստան պատրաստի շշալցված արտադրանքի մատակարարումները տարվա առաջին կեսին աճել են 14%-ով։
Նշվում է նաեւ տեքստիլ արտադրանքի ոլորտում համապատասխան փոփոխության մասին։ Եթե Հայաստանը Ռուսաստանին մատակարարում էր պատրաստի տրիկոտաժ, Ադրբեջանը դարձել է ռուսական կարի արդյունաբերության հումքի հիմնական մատակարար։ Ռուսական գործարանները զանգվածաբար անցնում են ադրբեջանական բամբակի՝ հանրապետությունում դրա մշակովի հողերի 15%-ով ընդլայնման պայմաններում։ Ադրբեջանական մանվածքի արտահանման ֆիզիկական ծավալը տարվա առաջին կեսին արդեն կրկնակի թռիչք է գրանցել։
Տնտեսական պատժամիջոցների փոխարեն՝ առայժմ որոշակի սահմանափակումներ
Հայաստանը ավելի ու ավելի վստահորեն է հայացքն ուղղում դեպի Եվրոմիություն, բայց Ռուսաստանն առայժմ սկզբունքորեն մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել նրա դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԳԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ИМЭМО) գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը։ Նրա մեկնաբանությանն անդրադարձել են ռուսական տարբեր լրատվամիջոցներ։
Փորձագետը Lenta.ru-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե Երեւանի հետևողական արեւմտյան կողմնորոշման պատճառով Մոսկվան այլեւս չի կարող Հայաստանին համարել լիարժեք դաշնակից, ինչպես նախընթաց տարիներին։ Նա ընդգծել է. «Այս երկիրը գնում է Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բալթյան երկրների ճանապարհով։ Երեւանն ակտիվորեն զարգացնում է կապերն ու պահպանում է շատ սերտ հարաբերություններ հենց այն երկրների հետ, որոնք ներկայումս ամենախնդրահարույցն են Ռուսաստանի համար»։
Դրանով հանդերձ, քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը սկզբունքային նկատառումներով՝ չի կիրառում տնտեսական պատժամիջոցներ հանրապետության դեմ, չնայած հարկադրված է դիմել Հայաստանից որոշակի ապրանքների ներմուծումը սահմանափակող միջոցների։ 2026 թվականի գարնանը եւ ամռանը արդեն որոշումներ էին կայացվել հայկական արտադրանքի որոշակի կատեգորիաների մատակարարման վրա սահմանափակումներ կիրառելու մասին։ Սա տեղի է ունենում հանրապետությունում պարենային ճգնաժամի սրման ֆոնին, որտեղ հուլիսի վերջի տվյալներով՝ ցորենի ինքնաապահովումը չի գերազանցում 20%-ը, իսկ լոբազգիների մասով՝ 3-5%-ը։
Ընդսմին, նկատում է քաղաքագետը, Մոսկվան պահպանում է սպասողական դիրքորոշում՝ նախընտրելով չսրել հարաբերությունները Երեւանի հետ, չնայած Եվրոմիության հետ նրա մերձեցմանը։ Սակայն, ինչպես նշել է Կռիլովը, Հայաստանի իշխանությունների հետագա արտաքին քաղաքական կուրսը կարող է ազդել երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների բնույթի վրա։
Գ. Մ.
