Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Այն դատարանը, որն ակնհայտորեն ծառայում է կառավարության նպատակներին, իրավական պետության գործիք չէ, այլ իշխանության պահպանման. Տիրատուր քահանա Սարդարյան

Հայաստանի ընտրություններից հետո այլևս ոչինչ չէի ցանկանում մտածել կամ գրել այնտեղի իրադարձությունների մասին, որովհետև այդ ամենն իմաստազուրկ է։ Սակայն բանականության անօգնականությունը պոպուլիզմի ուժի առջև շարունակում է խորապես մտահոգել ինձ, և կան հարցեր, որոնց վերաբերյալ չեմ կարող լռել։

Օգոստոսի 7-ին Ամենայն Հայոց Հայրապետը կանգնելու է դատարանի առջև։ Էջմիածնում՝ մեր հավատքի կենտրոնի սրտում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսներ ստիպված են պատասխան տալ։ Մեղադրանքը տեխնիկական երանգ ունի. իբրև թե նրանք արհամարհել են դատարանի որոշումը։ Իրականում խոսքը շատ ավելի մեծ բանի մասին է։ Խոսքն այն հարցի մասին է, թե արդյոք պետությունը իրավունք ունի՞ որոշելու, թե ով կարող է ծառայել խորանին աշխարհի հնագույն Եկեղեցում, և ով՝ ոչ։

Դիտավորությունը նկատելի է արդեն իսկ լեզվամտածողությունից, որը, ի դեպ, փուլ առ փուլ էսկալացիայի է ենթարկվում։ Կաթողիկոսին համառորեն կոչում են իր նախկին աշխարհիկ անունով, այլ ոչ թե տիտղոսով, որն այսօր նաև իր անձնագրում է գրանցված (ՀՀ քաղաքացու անձնագրում)։ Սա անուշադրություն չէ, այլ որդեգրված մեթոդ։ Ցանկանում են արժեզրկել կոչումը, խլում են այն անունը, որը նրան տվել է Եկեղեցին։ Տասնյոթդարյա հաջորդականության շառավղի ներկայացուցչին փորձում են վերածել սովորական մի ամբաստանյալի։

Ինչո՞ւ է կառավարությունը (որն իրեն դեմոկրատական ուժ է հռչակում) իրեն նման բան թույլ տալիս։ Պատասխանը պարզ է՝ որովհետև կարող է։

Դատարաններն իր վերահսկողության տակ են, իսկ վճարվելիք գինը մնում է ցածր, քանի դեռ աշխարհը լռում է։ Իսկ աշխարհը մեծ մասամբ լռում է՝ ոչ թե իրազեկված չլինելու պատճառով, այլ որովհետև տնտեսական և քաղաքական իրողություններն են դա թելադրում։ Նա, ով համարվում է հավաքական Արևմուտքի ռազմավարական գործընկերը, ըստ երևույթին, կարող է անել այն, ինչ հակառակորդին անմիջապես մեղադրանք ներկայացնելու առիթ կդառնար։ Սակայն այն իրավունքը, որը գործում է միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այլևս իրավունք չէ, այլ իշխանության գործիք։

Մեզ ասում են, թե դատարանի որոշումը պետք է կատարվի՝ անկախ նրանից, թե ում է դա վերաբերում։ Անշուշտ։ Միայն թե բուն հարցն այն չէ, թե արդյոք պետք է ենթարկվել վճիռներին, այլ այն, թե արդյոք աշխարհիկ դատարանն ընդհանրապես իրավունք ուներ կարգադրելու, թե ում է Եկեղեցին նշանակում որպես եպիսկոպոս։ Այս սահմանը հնօրյա ժամանակներից մնացած արտոնություն չէ։ Սա այն փորձաքարն է, որը ցույց է տալիս՝ արդյոք իշխանությունը գիտի՞ ինքնասահմանափակվել։

Եկեղեցին պետության դեպարտամենտ չէ (փա՛ռք Աստծո)։ Թե ում է նա եպիսկոպոս ձեռնադրում և ում է կարգալույծ անում, պատկանում է նրա ներքին, նվիրական կյանքին։

Կաթողիկոսի կոչումը վարչարարության ենթակա պաշտոն չէ, այլ հոգևոր և պատմական իրողություն։ Նա, ով նվաստացնում է նրա գահակալին, հարվածում է հենց Եկեղեցու արժանապատվությանը, հետևաբար՝ նաև մի ողջ ժողովրդի հիշողությանը (Հայաստանում և Սփյուռքում), որն իր հավատքը կրել է հալածանքների ու ցրվածության միջով, երբ չկար պետություն, որը կկարողանար պաշտպանել իրեն։

Որպես այս Եկեղեցու քահանա՝ հայրենիքից հեռու, բայց նրա հետ կապված, ես մտահոգությամբ եմ նայում օգոստոսի 7-ին, բայց ոչ հուսահատությամբ։ Մեր #Եկեղեցին իր ուժը երբեք չի ունեցել աշխարհիկ զորության, այլ դիմակայելու և տոկալու մեջ։

Վերջում կարող եմ վերստին կրկնել. Հայաստանի կառավարությունն ամեն օր ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարությունից։ Այն դատարանը, որն ակնհայտորեն ծառայում է կառավարության նպատակներին, իրավական պետության գործիք չէ, այլ իշխանության պահպանման։ Այն կառավարությունը, որը հրապարակայնորեն նվաստացնում է իր ժողովրդի հոգևոր ներկայացուցչին և կանգնեցնում նման դատարանի առջև, ոչ մի իրավական վեճ չի շահում։ Նա խաթարում է իր իսկ լեգիտիմությունը։ Իշխանությունը, որը չի սահմանափակում ինքն իրեն, ի վերջո կորցնում է հենց այն հեղինակությունը, որի անունից հանդես է գալիս։

Ուստի աղոթենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և դատարանի առջև կանգնած եպիսկոպոսների համար։ Աղոթենք նաև նրանց մեղադրողների համար, որպեսզի նրանք գիտակցեն այն սահմանը, որի առջև յուրաքանչյուր իշխանություն պետք է կանգ առնի։ Քանի որ այն ազգը, որն իրեն անվանում է աշխարհում առաջին քրիստոնյա ազգը, չի չափվում նրանով, թե ինչպես է վարվում իր հակառակորդների հետ, այլ նրանով, թե ինչպես է պահպանում իր սրբություն սրբոցը։

Տիրատուր քահանա Սարդարյան

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ