Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների հայտարարությունը. IARA

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՆՐԱ ՆՎԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունները, իբրև հավատքի, մշակույթի և պատմական հիշողության ամուր կապերով միավորված համայնքի ներկայացուցիչներ, ամենայն խստությամբ դատապարտում են պետական այն գործողությունները, որոնք ոտնահարում են մեր Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
Իր շուրջ երկհազարամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի կյանքում՝ դառնալով նրա ազգային ինքնության, հոգևոր կյանքի և միասնականության ամուր հենասյունը։
Մեր ժողովրդի պատմության ամենածանր և փորձություններով լի ժամանակաշրջաններում Հայ Եկեղեցին եղել է այն լուսավոր փարոսը, որի շուրջ պահպանվել են ազգային միասնությունն ու հոգևոր ինքնությունը։ Աշխարհագրական սահմաններից անդին այն իր հովանու ներքո համախմբել, զորացրել և սատարել է աշխարհասփյուռ հայությանը։
Այս պատմական ժառանգության անբաժանելի մասն է նաև Արգենտինայի հայ համայնքը, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը վերապրած հայորդիների անձնազոհ ջանքերով ու տոկունությամբ և սերնդեսերունդ ամրացել ու զարգացել է։ Հայոց եկեղեցիները մշտապես եղել են մեր համայնքային, հասարակական, կրթական և հոգևոր կյանքի կենտրոնը։
Արգենտինական հասարակության մեջ մեր համայնքի լիարժեք հաստատումն ու հայրենական արմատների պահպանումն անհնարին կլինեին առանց մեր Մայր Եկեղեցու հոգևոր և ինստիտուցիոնալ հովանավորության։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն անքակտելի կապն է, որ Սփյուռքի մեր ներկան միավորում է մեր հայրենիքի անցյալի, ներկայի և ճակատագրի հետ։
Ելնելով այս պատմական փորձառությունից՝ անընդունելի ենք համարում աշխարհիկ դատական մարմինների միջամտությունը Հայ Եկեղեցու ներքին՝ բացառապես կանոնական և կազմակերպական հարցերին և այն գնահատում ենք որպես Եկեղեցու ինքնավարության նկատմամբ ծանր ոտնձգություն։
Եկեղեցական կառույցի ներքին կյանքին պետական այս բացահայտ միջամտությունը հակասում է ժողովրդավարական կարգի հիմնարար սկզբունքներին և ուղղակի սպառնալիք է կրոնական ազատության իրացման նկատմամբ։
Այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների առջև, պետական համակարգից հրահրվող առճակատումը թուլացնում է մեր ազգի ընդհանուր դիմակայունությունը և խաթարում այն ներքին համերաշխությունն ու միասնականությունը, որոնք կենսական նշանակություն ունեն մեր հայրենիքի անվտանգության և ապագայի համար։
Ստեղծված իրավիճակն առավել մտահոգիչ է օգոստոսի 7-ին նշանակված դատական նիստի նախաշեմին, որի ընթացքում քննության առարկա են դառնալու այս գործի առանցքային հարցերը։ Արգենտինայի հայ համայնքը մեծ ուշադրությամբ հետևելու է դատական գործընթացին և դրա հետագա զարգացումներին։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արգենտինայի Հանրապետության հայ համայնքը պահանջում է անհապաղ և անվերապահորեն կարճել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
Դատական այս հետապնդումների դադարեցումը անհրաժեշտ պայման է մեր ազգային հաստատությունների բնականոն գործունեությունը, Հայ Եկեղեցու արժանապատվությունն ու մեր ժողովրդի ներքին համերաշխությունը պահպանելու համար։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու իշխանություններին վերջ տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա նվիրապետության նկատմամբ թշնամական գործողություններին, անվերապահորեն հարգել Եկեղեցու ինքնավարությունը, կանոնական կարգն ու պատմական առաքելությունը և նպաստել այն հասարակական խաղաղության ու համերաշխության հաստատմանը, որի կարիքն այսօր առավել քան երբևէ ունի մեր ժողովուրդը։
Արգենտինայի հայ համայնքը չի կարող և չի մնա անտարբեր այս գործընթացի հանգուցալուծման նկատմամբ։ Մենք շարունակելու ենք ուշադիր և գործուն կերպով հետևել զարգացումներին՝ համագործակցելով Սփյուռքի հայկական կառույցների, ինչպես նաև մարդու իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանության միջազգային կազմակերպությունների հետ։
IARA
Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ
