Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայկ Կոնջորյանն իրավունք չունի հավակնել ԱԺ փոխնախագահի պաշտոնին, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ն ընտրելու է. Սաղաթելյան

Եղբոր մասնակցությամբ միջադեպից հետո Հայկ Կոնջորյանն իրավունք չունի հավակնել ԱԺ փոխնախագահի պաշտոնին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Եթե այն, ինչ տեղի է ունեցել, տեղի ունենար ընդդիմադիր գործիչներից որևէ մեկի հետ կամ որևէ մեկի հարազատի հետ, առնվազն նա նույն պահին կալանավորված կլիներ, և դա երկրի թիվ մեկ օրակարգը կլիներ։ Բայց իշխանության պարագայում փորձում են պաշտպանվել, փորձում են կարգավորել և «սղացնել», որ անցնի։ Բայց կարծում եմ, որ սա այն դեպքն է, որ մեր հանրությանն ամեն ինչ հայտնի դարձավ ԱԺ ամբիոնից հնչած ելույթների ընթացքում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ ակնհայտ է, որ Հայկ Կոնջորյանն, այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահ է ընտրվելու։

Հարցին՝ արդյոք Կոնջորյանին ընտրելով՝ ՔՊ-ն կիսո՞ւմ է նրա անվան հետ կապված մի շարք սկանդալները՝ եղբոր վարքագծի և կնոջ՝ «Հայփոստում» աստղաբաշխական աշխատավարձ ստանալու առնչությամբ, Սաղաթելյանը պատասխանեց.

«Իհարկե, վերցնում է, կիսում է այդ ամբողջ պատասխանատվությունը, բայց մեր երկրի առջև շատ ավելի լուրջ, կարևոր, հրատապ օրակարգեր կան։ Մեծ հաշվով Կոնջորյանը, թե մեկ այլ ՔՊ-ական կլինի ԱԺ փոխնախագահ, էական տարբերություն չկա։

Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետևյալն են՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում և սահմանազատում։ ՔՊ-ն չի ժխտել, որ չի հանձնելու Տիգրանաշենը։ Հայ-ռուսական հարաբերությունները, մեր տնտեսությունը, որ կարճ ժամանակ անց կանգնելու է բարդ խնդիրների առջև. դրանք են մեր երկրի առաջնային օրակարգերը, սակայն ակնհայտ պրոցես է տեղի ունենում՝ այս ամենից՝ խորքային հարցերից ուշադրությունը շեղել անձնական, ապօրինի գույքի վրա՝ քո ախպերը, քո քուրը, քո հերը, քո մերը… »,- ասաց պատգամավորը։