Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Թեհրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի ծովային շրջափակումը․ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային զգուշացրել է, որ ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում։ Այս մասին Ռեզային նշել է X-ի գրառման մեջ։

«Եթե շրջափակումը շարունակվի, ամերիկյան նավերն ու ուժերը կկանգնեն լուրջ ռիսկերի և կորուստների վտանգի առաջ։ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը, հակառակ դեպքում մենք դա չենք հանդուրժի։ Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ միջանցքի բացումը Հորմուզի նեղուցում»,- նշվել է գրառման մեջ։

ԱՄՆ-ն վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը հուլիսին՝ դրան զուգահեռ հարվածներ հասցնելով Իրանին։ Ի պատասխան՝ Իրանն իր հերթին թիրախավորել է Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտները։

Կողմերը միմյանց մեղադրել են ստորագրված հուշագիրը խախտելու մեջ։

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը շարունակում են պահպանել շրջափակումը։

«ԱՄՆ ուժերը շարունակում են խստորեն պահպանել Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումը։ Օգոստոսի 3-ի դրությամբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը փոխել է 44 առևտրային նավի երթուղին, շարքից հանել 2 նավ և ստուգման նպատակով բարձրացել ևս 2 նավի վրա»,- նշվել է X-ում Կենտրոնական հրամանատարության գրառման մեջ։