Աշնանը Հայաստանին սպասում են ծանր զարգացումներ. սահմանագծման-սահմանազատման անվան տակ պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել. Սաղաթելյան

Բացառում եմ մեր մասով, որ կմիանանք ՔՊ-ին Սահմանադրության փոփոխության համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Բայց տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Իրենք սկսում են ժողովրդին լարել մեր դեմ, որ հետո կարողանան սպառնալիքի, շանտաժի ներքո բավարարեն Ադրբեջանի պահանջները։ Այո՛, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն տվել են մեկնարկը, որ ով չի օգնում մեզ կատարենք Ադրբեջանի պահանջը, ուրեմն հակապետական ուժ է։
Ես չեմ բացառում, որ ինքը կոչ է անելու ժողովրդին, հավաքելու է, փորձելու է մեր վրա ճնշում գործադրել, որ բավարարեն Ադրբեջանի պահանջները։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին և այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել. փորձելու է շանտաժի, կալանավորումների միջոցով ջարդել դիմադրությունը։ Մենք գտնվում ենք այս փուլում, և մեր երկրի գլխավոր օրակարգն այս պահին սա է»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցին՝ ինչպես է ընդդիմությունը պատրաստվում դիմագրավել այս ամենին, պատգամավորը շեշտեց՝ չի պատկերացնում, որ կարելի է արդյունքի հասնել միայն ԱԺ աշխատանքներով։ Անհրաժեշտ է նաև ժողովրդի ուժը փողոցում։
««Ոչ»-ի ճակատ ստեղծելն անհրաժեշտություն է։ Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք մեզ պարտադրվող հակահայկական օրակարգը վիժեցնել։
Այս աշնանը Հայաստանին սպասում են ծանր զարգացումներ։ Պարզ ասեմ՝ սահմանագծման-սահմանազատման անվան տակ իրենք պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել։ Պատակաան չէր ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ խմբ.) հայտարարում սեպտեմբեր, պատերազմ։ Ինքն աշնան է խոսք տվել, բայց փորձելու է հնարավորինս ժամանակ ձգել։
Սա էլ ենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը ևս պատրաստ չէ այս բագաժով, այս ստացած քվեներով, այս ընտրություններով՝ ակնհայտորեն մանդատներ գողանալով, այս օրակարգը սպասարկել, դրա համար իր համար բավականին դժվար է լինելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
