Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները՝ ստանալու իր համար ցանկալի դատական ակտ, այն պահից, երբ ասեց՝ «Էդ ո՞ր մի դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի», ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Իսկ Արմեն Աշոտյանի մասով քրեական գործը կարվել է մեկ նպատակով, որպեսզի նրա քաղաքական գործունեությունը սահմանափակվի և հանրային կարծիք ձևավորելու առաջնորդությունը դադարի։ Ակնհայտորեն դրան չեն կարողանում հասնել այս կեղծ և շինծու քրեական գործերով, դրա համար դրանք աճում են։
Ես չեմ դադարելու կրկնել, որ այս քրեական հիքմում պարտադիր պետք է լինի առաջին հերթին տուժողի առկայություն, երկրորդ՝ վնասի առկայությունը, և պետք է լինի իրավական հետևանք որևէ մեկի որոշման արդյունքում»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ Արմեն Աշոտյանի դատական նիստերի ընթացքում ասվել է, որ այս գործով չկա տուժող։ Դա ամրագրված է դատական նիստերի արձանագրությունների մեջ։
«Չկա պատճառված վնաս՝ ո՛չ պետությանը, ո՛չ մասնավոր անձանց։ Ինչո՞ւ է շարունակվում այս քրգործը. որովհետև խոսքն արդարադատական պրոցեսների մասին չէ, այլ Նիկոլի ասած «վնգստացող դատավորների» իջեցրած հանձնարարականների մասին է»,- ասաց Մկրտչյանը։








