Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն զուգահեռներ որոնել համաշխարհային պատմության պետական հայտնի գործիչների եւ Հայաստանի ներկա կառվարության պետի ու նրա գործընկերների միջեւ: Մեծն երգիծաբան Պարոնյանը դեռ 100 տարի առաջ է գրել՝ «անիկա կը նմանի մէկու մը, որուն նմանը չկայ»: Այս պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ գործող վարչապետին: Հռոմի կայսր Ներոնն անգամ իր բանակում որպես հրամանատար ընդգրկում էր քրիստոնեությունն ընդունած զորականների, հաշվարկելով, որ նրանք չունենալով այլ ելք՝ մինչեւ արյան վերջին կաթիլը կկռվեն ու կհաղթեն: Բուրկինա Ֆասոյի միապետ Բոկասսան, կամ Ուգանդայի բռնապետ Իդի Ամին Դադան իրենց կառավարության անդամներին սպանում էին… սիրելով. պարզապես ուտում էին նրանց սիրտը, ուղեղը կամ լյարդը, որպեսզի անձնապես ուժեղացնեն իրենց տկար սիրտը, աշխատեցնեն իրենց ուղեղը, կամ մաքրեն սեփական արյունը: Ժողովրդին սիրում, շա՜տ է սիրում նաեւ ՀՀ վարչապետը, որը, ճիշտ է, դեռեւս ոչ ոքի սիրտն ու լյարդը չի կերել, բայց հաստատ տանում է բոլորի գլուխը…
Մի երկու օր առաջ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստն էր՝ իր կատաղած ղեկավարներով եւ, արդեն, կանանցով, որոնք ավելի վատ չէին ծեծում միմյանց, քան տղամարդիկ: Ու հնչեց քաղաքագլուխ Տիգրան Ավինյանի՝ իգականից հանկարծ արականի վերածված ձայնը. «Կաշիներդ կքերթեմ բոլորի աչքի առաջ»: Ու բոլորս զգացինք, որ մարդը վարակակիր է, որ վարակվել է «պատերով կտամ», «կկզցնեմ», «կպառկացնեմ», «կսատկացնեմ», «չագուչով կտամ», «պադվալներում կնստցնեմ» կարգի խոսույթի մե՜ծ վարպետից…
Թուրքերը, որոնք, պետք է խոստովանել, հարուստ են՝ թեեւ կոպիտ, բայց դիպուկ ասույթներով, նման իրավիճակների համար ունեն շատ բնութագրիչ մի խոսք, որը թեեւ պատշաճ չէ այստեղ կրկնել հայերեն, առավել եւս՝ թուրքերեն, մոտավորապես հետեւյալ միտքն է արտահայտում. «Եթե մոլլան մզկիթում ձայնային վատահոտ գազեր արձակի, ապա հավատացյալները կնստեն գետին ու «մեծ» գործեր կանեն»: Ավինյանը փաստորեն առել է այդ հոտը ու հիմա, քաղաքապետարանի շքեղ դահլիճում իր «մեծ» գործն է անում:
Ե՞րբ, ո՞րտեղից, ի՞նչպես ենք հայտնվել «հոտավետ» նման միջավայրում, կարծում եմ գիտենք բոլորս: Սակայն խորհրդարանական ընտրություններից հետո «Մոլլի» միջազգայնորեն աննախադեպ «գազային» հարձակումները՝ ուղղված իր օգտին չքվեարկած 500 000 եւ ավելի քաղաքացիներին՝ «անհատական կգնամ յուրաքանչյուրի հետեւից», «կպառկացնեմ բոլոր ընտրակաշառքով քվեարկածներին», «ոչնչացնելու եմ օիլգարխիական եռյակը» խոսքերը ազդում են իր կուսակիցների վրա, ներշնչում նրանց եւ ստիպում… պպզել:
Այլեւս կարիք չկա վերհիշելու ո՛չ գեներալ Դը Գոլին, ո՛չ նախագահ Ռուզվելտին, ո՛չ Ժակ Շիրակին եւ մյուս՝ իսկական պետական գործիչներին, նաեւ մեր երկրի նախկին նախագահներին, որոնք ընտրություններից հետո շնորհակալություն էին հայտնում քվեարկություններին մասնակցած բոլո՛ր քաղաքացիներին, իրենց համարելով բոլորի, այդ թվում՝ դեմ քվեարկածների նախագահը:
Իսկապես. ո՞ւր էինք, ո՜ւր հասանք:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ











