Հորմուզի՞, թե՞ Որմիզդի նեղուց
Հորմուզի նեղուցը աշխարհագրական կարեւորագույն տեղանուններից է, որի ռազմավարական նշանակությունն առանձնապես ընդգծվեց Իրանի դեմ վերջին պատերազմի օրերին:
Նեղուցն իր անվանումն ստացել է համանուն կղզուց, որը գտնվում է դրա հարեւանությամբ: Գոյություն է ունեցել նաեւ Հորմուզ անունով քաղաք (ներկայիս Մինաբ քաղաքի մերձակայքում), որը Պարսկաստանի, Հնդկաստանի եւ Արաբական թերակղզու միջեւ առեւտրական կապերն ապահովող կարեւորագույն կենտրոններից մեկն է եղել:
Որոշ աղբյուրներ տեղանունը սխալմամբ բխեցնում են «հուր+մուղ» բառակապակցությունից՝ պնդելով, թե «մուղ» բառն արաբախոս տեղաբնիկների բարբառում նշանակում է արմավենի: Սակայն այս բացատրությունը գիտականորեն հիմնավորված չէ:
Իրականում «Հորմուզ» անվանումը ծագում է հնագույն մատենագրություններում հանդիպող «Ահուրամազդա» բառից, որը զրադաշտականության գերագույն աստծու անունն է: Այն առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվում է Աքեմենյան դարաշրջանում (մ.թ.ա. 550-330 թթ.)՝ Բեհիսթունի արձանագրություններում:
Նույն արմատից է առաջացել նաեւ «Որմիզդ» անունը (պարսկերեն՝ Հորմուզ), որը լայնորեն գործածվել է Սասանյան արքայատոհմում: Օրինակ՝ Շապուհ արքայի որդին կոչվել է Որմիզդ, Ներսեհ թագավորի որդին՝ Որմիզդ Բ, ինչպես նաեւ հայտնի են Որմիզդ Գ եւ Որմիզդ Դ թագավորները: Վերջինս Արդարադատ Անուշիրվանի (Խոսրով Ա) որդին էր:
Այս տարածված պարսկական անձնանունով է կոչվել նաեւ հայտնի նեղուցը, որը մենք, այլ լեզուների ազդեցությամբ, ընդունել ենք «Հորմուզ» ձեւով:
Կարծում եմ ժամանակն է վերանայել այդ կիրառությունը եւ «Հորմուզի նեղուց» ձեւի փոխարեն գործածել «Որմիզդի նեղուց» տարբերակը՝ ինչպես որ պարսկերեն հնչող մի շարք այլ տեղանուններ հայերենում ունեն իրենց ավանդական ձեւերը՝ Թավրիզ (Թաբրիզ), Սալմաստ (Սալմաս), Սպահան (Էսֆահան):
Հորմուզի նեղուցի վերանվանման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր ուրույն մոտեցումն ունի:
2026 թ. մարտի 28-ին Մայամիում տեղի ունեցած բարեգործական միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը Հորմուզի նեղուցն անվանել է «Թրամփի նեղուց»՝ անմիջապես դա համարելով լեզվի սայթաքում: Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ հազվադեպ է նման սայթաքումներ ունենում:
Եթե Թրամփը Հորմուզի նեղուցի փոխարեն, օրինակ, «Տոռմուզի նեղուց» ասեր, կարելի էր ենթադրել, որ նա իսկապես սայթաքել է: Սակայն նման ձեւակերպումը ավելի շուտ ակնարկում է գիտակցված խաղարկում: Հատկանշական է նաեւ, որ նրա լեզուն մի քանի անգամ «սայթաքել» է՝ «Արմենիա»-ի փոխարեն «Ալբանիա» ասելով, իսկ «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն՝ TRIPP:
Կարելի է ենթադրել, որ նման «սայթաքումները» կարող են շարունակվել, եւ մի օր էլ նրա մտքով կանցնի Պարսից ծոցը կոչել «Թրամփի ծոց», Խարք կղզին՝ «Թրամփի կղզի», իսկ Մեծ Թումբ, Փոքր Թումբ եւ Աբու Մուսա կղզիները՝ «Թրամփի եռյակ կղզիներ»:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ









