8-հոգանոց ՔՊ-ական անձնակազմը չէր կարող տալ անաչառ գնահատական։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով 44–օրյայի զեկույցի մասին։
«Քննիչ հանձնաժողովներ ստեղծվում են հանրային մեծ հետաքրքրություն պահանջող երևույթների շուրջ։ Իշխանությունները պարտավոր են պատերազմի վերաբերյալ քննարկումներ, ապա համապատասխան հետևություններ անելուց հետո բացել այն՝ հաշվի առնելով գաղտնիության բոլոր տվյալները։ Ժողովրդի համար հետաքրքրություն ներկայացնող հատվածը պետք է ներկայացվի հանրությանը։
Ի սկզբանե քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ կասկածներ ենք ունեցել։ Այս քննիչ հանձնաժողովը, գտնվելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ենթակայության տալ, չէր կարող արդարացի որոշում ընդունել։ Այդ զեկույցը զեկույց չէ, մանավանդ որ նույնիսկ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական անդամներից ոչ բոլորն են ծանոթացել ու մասնակցել քվեարկությանը», – ասաց Սեյրան Օհանյանը զեկույցի հրապարակման պահանջով ԱԺ–ի մոտ եկած անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների հետ զրույցում։









