Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ հինգշաբթի՝ փետրվարի 26-ին, Ժնեւում նախատեսվող հանդիպման ընթացքում հնարավոր կլինի վերջնականացնել երկկողմ համաձայնագրի համապատասխան տեքստը:
Այս հուսադրող հայտարարությանը զուգահեռ հրապարակվել է տեղեկատվություն ԱՄՆ-ի բացահայտման մասին՝ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված գաղտնի պայմանագրի վերաբերյալ: Ըստ այդ տվյալների՝ Թեհրանը Մոսկվայից ձեռք է բերել 589 միլիոն դոլարի գվարդիական սպառազինություն:
Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումները՝ Իրանի շուրջ միաժամանակյա ռազմական եւ դիվանագիտական տեղաշարժերի մասին, կրկին ուշադրության կենտրոնում են պահում ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման եւ Իրան-ԱՄՆ բանակցությունների անորոշ հեռանկարի թեմաները: Վերլուծաբանների գնահատմամբ, այս զարգացումները կարող են էական ազդեցություն ունենալ լարվածության հետագա ընթացքի վրա:
Ըստ Financial Times-ի հաղորդման, որը հիմնվում է գաղտնի փաստաթղթերի եւ մի շարք պաշտոնյաների հայտարարությունների վրա, ռուս-իրանական համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում: Դրա շրջանակում Ռուսաստանը պարտավորվում է երեք տարվա ընթացքում Իրանին մատակարարել 500 միավոր դյուրակիր «Վերբա» (Verba) զենիթահրթիռային համալիր եւ 2500 միավոր «9M336» հրթիռ:
Նույն աղբյուրի տվյալներով, Թեհրանը տվյալ համակարգերի ձեռքբերման պաշտոնական դիմումը ներկայացրել է 12-օրյա պատերազմի ավարտից ընդամենը մի քանի օր անց: Այս քայլը վերլուծաբանների կողմից դիտարկվում է ԱՄՆ-ի հնարավոր հարձակման շուրջ առկա մտահոգությունների համատեքստում:
Ավելի վաղ նույն պարբերականը, հրապարակելով արբանյակային լուսանկարներ, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն ընթացիկ ամսվա ընթացքում զգալի թվով կործանիչներ եւ ռազմական ինքնաթիռներ է տեղակայել Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի ռազմաբազաներում:
Հորդանանի «Մուվաֆաք ալ-Սալթի» ռազմաօդային բազայում արձանագրված պատկերների համաձայն, այնտեղ նկատվել է առնվազն 66 կործանիչ, այդ թվում՝ 18 միավոր F-35, 17 միավոր F-15 եւ 8 միավոր A-10: Բազայում առկա են նաեւ EA-18 էլեկտրոնային պատերազմի ինքնաթիռներ եւ մի քանի բեռնատար օդանավեր:
Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ռազմաօդային բազայի վերաբերյալ հրապարակված առանձին զեկույցը եւս վկայում է ռազմական ավիացիայի ներկայության աճի մասին: Այստեղ արձանագրվել են E-3 վաղ նախազգուշացման ինքնաթիռներ, ինչպես նաեւ C-130 եւ C-5 բեռնատար օդանավեր:
Ռազմական վերլուծաբանները Financial Times-ին հայտնել են, որ նման տեղակայումը վկայում է տարածաշրջանում լայնածավալ օդային գործողություն իրականացնելու համար ամբողջական օպերատիվ կառուցվածքի ձեւավորման մասին: Այս գնահատականը նոր թափ է տվել Իրան-ԱՄՆ հնարավոր պատերազմի սցենարի շուրջ քննարկումներին:
Իրանի հրթիռային կարողությունները՝ ըստ Fox News-ի
Ամերիկյան հեռուստաալիքն իր զեկույցում անդրադարձել է Իրանի մի շարք բալիստիկ հրթիռների տեխնիկական հնարավորություններին.
«Սեջիլ»՝ մոտ 1242 մղոն հեռահարությամբ, որը, ըստ հաղորդման, կարող է խոցել Մերձավոր Արեւելքում եւ Իսրայելում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները:
«Ղիյամ»՝ մոտ 435 մղոն հեռահարությամբ, ունակ է թիրախավորել ԱՄՆ ռազմաբազաները Իրաքում, Թուրքիայի արեւելքում, Քուվեյթում եւ Պարսից ծոցի շրջանում:
«Շահաբ-3»՝ մոտ 745 մղոն հեռահարությամբ, կարող է հասնել Սաուդյան Արաբիայում, Օմանում, Թուրքիայում, Իրաքում եւ Սիրիայում գտնվող թիրախներին:
«Շահաբ-1»՝ 186 մղոն հեռահարությամբ, ընդգրկում է Իրաքի արեւելքում եւ Պարսից ծոցի ավազանում տեղակայված ռազմաբազաները:
Այս տեղեկությունների հրապարակումը ամերիկյան լրատվամիջոցներում, ինչպես նաեւ տարածաշրջանում ռազմական ավիացիայի լայն տեղակայումը, ուժեղացրել են ուղիղ բախման սցենարների շուրջ ենթադրությունները եւ խորացրել քննարկումները երկու կողմերի հնարավոր առճակատման նոր փուլի վերաբերյալ:
Արաղչիի դիրքորոշումը. դիվանագիտությունը մնում է միակ ճանապարհը
CBS News-ին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին, անդրադառնալով հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփը կարո՞ղ է հարձակվել Իրանի վրա եւ արդյոք ռազմական սպառնալիքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նշել է.
«Ես չեմ կարող դատել նրանց մտադրությունների մասին, սակայն եթե ցանկանում են լուծում գտնել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի հարցում, միակ ճանապարհը դիվանագիտությունն է»:
Նրա խոսքով՝ Իրանը նախկինում եւս ապացուցել է, որ ընդունում է դիվանագիտական ուղին, եւ փոխշահավետ լուծման հասնելու հնարավորությունը դեռ պահպանվում է: Արաղչին ընդգծել է, որ «ռազմական կուտակումների կարիք չկա, եւ դրանք չեն կարող մեզ ճնշել»:
Նա անդրադարձել է նաեւ միջուկային առաջարկի նախագծին՝ նշելով, որ Թեհրանը շարունակում է աշխատել այնպիսի տեքստի վրա, որը կարտացոլի երկու կողմերի մտահոգություններն ու շահերը: Նախարարը հույս է հայտնել, որ Ժնեւում նախատեսվող հանդիպման ընթացքում հնարավոր կլինի վերջնականացնել համապատասխան փաստաթուղթը եւ արագ հասնել համաձայնության:
Այս դիրքորոշումը վկայում է, որ լարվածության աճին զուգահեռ Իրան-ԱՄՆ բանակցային ուղին դեռեւս փակված չէ:
Ընդհանուր առմամբ, ռազմական տեղաշարժերի, մեդիա հրապարակումների եւ դիվանագիտական հայտարարությունների համընկնումը ստեղծել է բարդ եւ հակասական իրավիճակ: Միաժամանակ շրջանառվում են երկու հակադիր սցենարներ՝ կա՛մ լարվածության սրում մինչեւ ռազմական բախում եւ կամ բանակցությունների վերականգնում եւ համաձայնության հանգում:
Այս պայմաններում Թեհրանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները թեւակոխել են վերջին տարիների ամենազգայուն եւ որոշիչ փուլերից մեկը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ





