Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Իրան-ԱՄՆ հնարավոր բախման ֆոնին

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Թեհրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոյության 47 տարիների ընթացքում, չհաշված Իրաքի հետ ութամյա պատերազմի ծանր հետեւանքները, երբեւէ այսքան լուրջ եւ բազմաշերտ մարտահրավերների առաջ չի կանգնել:

ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հնարավոր ռազմական բախման վտանգը նվազեցնելու նպատակով Թեհրանը շարունակում է միջնորդավորված բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ միաժամանակ չբացառելով նաեւ ուժային սցենարի հավանականությունը:

Դիվանագիտական քայլերից զատ, ինչպես նաեւ սպառազինություն մատակարարող երկրների հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայման ու թարմացման գործընթացին զուգընթաց, պաշտոնական Թեհրանը փորձում է հստակեցնել նաեւ հարեւան երկրների հնարավոր դիրքորոշումները պատերազմի դեպքում:

Այդ համատեքստում փետրվարի 6-ին Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն այցելել է Բաքու՝ պարզելու, թե ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հնարավոր պատերազմի դեպքում ի՞նչ դիրքորոշում կարող է որդեգրել պաշտոնական Բաքուն: Մեզ հասանելի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարարին հաջողվել է ստանալ նախագահ Իլհամ Ալիեւի հավաստիացումը, որ Ադրբեջանը պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին

Փետրվարի 23-ին իրանական կողմի հրավերով Թեհրան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար  Սուրեն Պապիկյանը: Նա հանդիպումներ է ունեցել իր պաշտոնակից Ազիզ Նասիրզադեի, ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի, ինչպես նաեւ Իրանի նախագահ  Մասուդ Փեզեշքիանի հետ:

Իրանական iribnews կայքի հրապարակման համաձայն, նախագահ Փեզեշքիանը Հայաստանի պաշտպանության նախարարի եւ նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ընթացքում վերահաստատել է Իրանի սկզբունքային մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ եւ ընդգծել հարեւանների, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման վճռականությունը:

Նա նշել է, որ հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից է: Ըստ նրա՝ Հայաստանի հետ համակողմանի կապերի ամրապնդումը վայելում է պետական համակարգի բարձրագույն մակարդակի աջակցությունը, եւ Թեհրանը պատրաստ է զարգացնել երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ միջանցքային համագործակցությանը՝ Իրանի նախագահը դրանք գնահատել է որպես փոխադարձ ներուժի իրացման համատեղ կամքի արտահայտություն եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ իրանական ընկերությունների գործունեությանը ցուցաբերվող աջակցության համար:

Փեզեշքիանը նաեւ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է լրամշակելու Թեհրանի եւ Երեւանի միջեւ «Համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը»՝ ընդգծելով, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ ենթակառուցվածքային ոլորտներում հարաբերությունների խորացումը կնպաստի երկու երկրների եւ ժողովուրդների շահերի առավել արդյունավետ ապահովմանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Իրանի նախագահը վերահաստատել է, որ իր երկրի հաստատուն քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ տեւական անվտանգության աջակցությունն է: Թեհրանը մերժում է ապակայունացումն ու լարվածությունը՝ համոզված լինելով, որ յուրաքանչյուր անկայունություն վտանգավոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Նա նաեւ նշել է, որ համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում եւ կոչ արել զարգացնել կառուցողական փոխգործակցություն՝ ապահովելու ժողովուրդների խաղաղ, փոխադարձ հարգանքի եւ համակեցության պայմաններում համատեղ ապրելը:

Փեզեշքիանը անդրադարձել է նաեւ Հայաստան կատարած իր վերջին այցին՝ այն գնահատելով կառուցողական եւ արդյունավետ: Նրա խոսքով, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները գտնվում են համապատասխան գերատեսչությունների մշտական ուշադրության ներքո:

Իր հերթին, Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ընդունելության համար: Նա բարձր է գնահատել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ վերջին տարիներին ձեւավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ տնտեսական եւ տրանսպորտային ոլորտներում եւս երկկողմ կապերը զարգանում են դրական դինամիկայով, ինչը նպաստում է հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Որոշ տեղեկությունների համաձայն, այցի ընթացքում քննարկվել է նաեւ համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունը:

Այդուհանդերձ, պաշտոնական հաղորդագրություններում բաց է մնում առանցքային հարցը. եթե Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական բախում տեղի ունենա, Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացնող Երեւանն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի եւ լարվածության նվազեցման ուղղությամբ ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ