Կանադաբնակ Ալան Ուայթհորնը Հայոց եղեռնից փրկված հայ որբուհու թոռն է, մցանակակիր բանաստեղծ եւ Կանադայի թագավորական ռազմական քոլեջի (Քենսինգթըն, Օնտարիո) քաղաքագիտության պաշտոնաթող վաստակավոր պրոֆեսոր: Հեղինակ է մի շարք գրքերի, որոնց թվում են «Նախնիների ձայները: Ինքնություն, ազգային արմատներ եւ վերհիշելով եղեռնը» (2007), «Արդար բանաստեղծություններ, անդրադարձ Հայոց եղեռնին» (2009) եւ «Վերադարձ դեպի Հայաստան» (2012) ժողովածուները: Վերջինը 2012-ին նաեւ Երեւանում է հրատարակվել (երկլեզու` անգլերեն եւ հայերեն) «Լուսակն» հրատարակչատան կողմից եւ Արամ Արսենյանի վարպետ թարգմանությամբ: Ուայթհորնը մի քանի անգամ այցելել է Հայաստան. առաջինը` 2005-ին:
Մինչ զանգվածաիյն վայրագությունները սանձարձակորեն տարածվում են աշխարհով մեկ, միջազգային հանրությունը կանգնած է ցեղասպանական հետազոտությունների մեկ այլ հիմնահարթակ կորցնելու վտանգի առաջ: Կոնկորդիա համալսարանի Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների Մոնրեալի ինստիտուտի (MIGS) հանկարծակի փակումից մեկ տարի էլ չանցած, Զորյան ինստիտուտի մասնաճյուղերից` Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (IIGHRS), որը Կանադայում գործող այդ բնագավառին նվիրված կրթական հազվագյուտ կենտրոններից մեկն է, այժմ դիմակայում է գոյատեւման ճգնաժամ` ֆինանսական պատճառներով:
MIGS-ի փակումը ցնցեց բոլորիս: Չորս տասնամյակներ շարունակ այդ ինստիտուտը մարդասիրական քաղաքականությամբ ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված որակյալ մասնագետներ էր պատրաստել եւ հանկարծակի փակումը բյուջետային եւ ակադեմիական մասնատվածության պատճառներով` մեծ վակուում առաջացրեց Կանադայի կրթական համակարգում: Եթե խոշոր մի հաստատություն մեկ օրից մյուսը կարող էր գոյություն չունենալ, ապա համեմատաբար փոքր եւ անկախ հիմնարկների համար այդ վտանգը ավելի մեծ է:
Ժամանակակից ուսումնասիրությունների եւ վավերագրության Զորյան ինստիտուտը, ըստ համացանցային տվյալների, հիմնվել է 1982-ին Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ): Հիմնադիրներն էին Կարպիս Քորդյանը, Ժիրայր Լիպարիտյանը եւ Գրեգ (Գուրգեն) Սարգսյանը: Հետագայում նրանց միացան Թաթուլ Սոնենց-Փափազյանն ու Լեւոն Սարգսյանը:
Այժմ հիմնականում Տորոնտոյում (Կանադա) գործող Զորյան ինստիտուտը գոյատեւման ճգնաժամի առաջ է կանգնած: Տորոնտոյի համալսարանի հետ համագործակցելով այդ կենտրոնը իր ակադեմիական բարձրորակ ծրագրերով աշխարհի 73 երկրներից գիտնականների սերունդներ է պատրաստել: Նրանցից բացի Կանադայի թագավորական ռազմական իմ հարազատ քոլեջի բազմաթիվ շրջանավարտներ մեծապես օգտվել են` մասնակցելով այդ կառույցի միջազգային դասընթացներին:
Քիչ են նման հաստատությունները, որոնք նպատակասլաց կերպով կոթողային աշխատանք են կատարում Հայոց ցեղասպանության իրազեկման, հանրայնացման եւ ժխտման կամ նենգափոխման դեմ պայքարելու արդյունավետ լծակներ հայթայթելու ուղղությամբ: Բայց այժմ Զորյան ինստիտուտը ֆինանսական լուրջ վտանգի առաջ է կանգնած: Բարերարները ընկճվում են մարդասիրական բազմաթիվ ճգնաժամերին լուծում տալու անվերջ բեռի տակ, կառավարությունները խիստ զբաղված են, եւ հիմնադրամները վերանայել են իրենց առաջնահերթությունները: Երկարաժամկետ կրթական-դաստիարակչական նախաձեռնությունները, չնայած խիստ կարեւոր են, այժմ ցուցակի վերջում են հայտնվել, իրենցից առաջ թողնելով հրատապ մարդասիրական օգնությունների ծրագրերը: Աշխարհը շարունակում է ականատես լինել կործանարար պատերազմների Ուկրաինայում, Սուդանում, Գազայում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) եւ այլուր: Բռնատիրական, ավտորիտար պոպուլիզմը քայքայում է ժողովրդավարական սկզբունքների պահապաններին: Խոսքի ազատությունը գնալով առավել ճնշումների է ենթարկվում եւ շատ վայրերում պատմական ուսումասիրությունները քաղաքականացվում են կամ ճնշվում անմիջապես:
Զորյան ինստիտուտը եղել է սեյսմիկ վերլուծության կենտրոն, որը հայտնաբերել եւ մանրազնին հետաքննություն է իրականացրել պատմական արյունալի իրադարձությունների հետքերով: Առանց նման հաստատությունների, բռնության, անմարդկային վերաբերմունքի եւ ավտորիտար ռեժիմների մեր իրազեկությունը թերի կլիներ եւ նրանց դեմ պայքարը` անարդյունավետ:
Ամենասարսափելին այն է, որ Զորյանի նման գործունյա կառույցների փակումով, նրանցում պահպանվող անգնահատելի արխիվները ցիրուցան են լինում, տեղեկատվական պարբերականները դադարում են լույս ընծայվելուց եւ կայացած ամբողջ մի կրթա-դաստիարակչական համակարգ կազմաքանդվում է:
Աշխարհը կորցնում է բարձրորակ, գիտական, ակադեմիական կարողություններ ունեցող անկախ մի հաստատության ձայնը: Պատմական խեղաթյուրումները մնում են անպատասխան եւ անպատժելի: Երիտասարդ հետազոտողները այլ բնագավառներ են փոխադրվում եւ ցեղասպանության կանխարգելման համար միջազգային հանրության գործադրած ջանքերը զգալիորեն նվազում են: MIGS-ի փակումը պետք է ահազանգ հնչեցներ եւ ուժերը միավորելու կոչ հանդիսանար, բայց տեսանք, թե ինչպես հարգարժան մի կառույց արագորեն անհետանալուց հետո, սպառնալիքը հասավ մեկ այլ կառույցի:
Սփյուռքահայերը եւ ցեղասպանությունների կանխարգելման հարցերով մտահոգ այլ ազգությունների ներկայացուցիչները չպետք է թույլ տան, որ երեւույթը կրկնվի: Նման անկախ հաստատությունների պահպանումը ռազմավարական նշանակություն ունի եւ ներդրումը դրանցում` պատմական ճշմարտությունը խթանելուն է ծառայում:
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)





