Նոյեմբերի 20-23-ին Լիոնում եւ շրջակա երեք քաղաքներում տեղի ունեցավ «Այգ» (Aik) հայ կինոյի միջազգային փառատոնի առաջին թողարկումը: Այն նախաձեռնել էր Ֆրանսիայում գործող Հայաստանի ազգային հիշողության կենտրոնը (CNMA), փառատոնի ղեկավարն է փարիզաբնակ կինոբեմադրիչ Թամարա Ստեփանյանը: Ըստ կազմակերպիչների, «Աշխարհում արդեն գոյություն ունեն մի քանի նմանատիպ կինոփառատոներ Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում, սակայն Եվրոպայում նման միջոցառում չկար, եւ ինքնին հասկանալի էր, որ այն պետք է ծնվեր Ֆրանսիայում, կինոյի հիմնադիրներ Լյումիեր եղբայրների քաղաք Լիոնում, ինչպես նաեւ մարզի մի շարք այլ քաղաքներում, որոնք նկատելիորեն ազդված են հայկական ներկայությունից»:
Փառատոնը տեղի է ունեցել ամեն օր մեկ համայնքում (Լիոն, Դեսին, Մեյժյե եւ Վոլք-ան-Վլեն) օրական մի քանի ցուցադրություններով: Բացմանը ցուցադրվել են Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (1965) եւ Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» (2025): Ծրագրում ընդգրկված են եղել նաեւ Հայաստանում եւ արտերկրում ստեղծված ֆիլմեր՝ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (2024), Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» (2025), Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» (2022), Ալեքսանդրա Ռությո Միքայելյանի «Հիշողությունը երակներում» (2024), Ալեքսի Պազումյանի «Սեւ այգի» (2024) եւ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» (2022) կինոֆիլմերը:
Ա. Բ.





